Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում բացվել է Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին

Փետրվար 03,2017 13:09

Ս/թ. փետրվարի 2-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը, Ռուսաստանի առաջատար երաժշտական բուհի ղեկավարությունն ու  բազմաթիվ հյուրեր:

Ելույթ ունենալով ներկաների առջև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծելով մեծանուն կոմպոզիտորի քանդակի տեղադրման կարևորությունը աշխարհում մեծ համբավ ունեցող Մոսկվայի կոնսերվատորիայում:

«Ինձ համար մեծ պատիվ է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ մասնակցել հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությանը: Արամ Խաչատրյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը հայ-ռուսական պատմական բարեկամության անբաժան մասն է կազմում:  Մենք՝ հայերս, մեծ հպարտությամբ ենք գլուխ խոնարհում մեր աշխարհահռչակ հայրենակցի հիշատակի առջև», – նշեց Օլեգ Եսայանը:

Բրոնզե քանդակի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:

Միջադրումը շարունակվել է կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Դենիս Մացուևի համերգով:

Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային հիմնադրման 150-ամյա հոբելյանի առթիվ նվիրաբերել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արմեն Սադգյանը, քանդակի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ Միքայել Սողոյանը:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728