Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին»

Փետրվար 16,2017 13:00

Կամ՝ հաղթանակ անգամ մահից հետո

10 տարի առաջ Շիշլիում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց թուրք ազգայնականների կողմից սպանվեց «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքը: 2007թ. հունվարի 19-ին պոլսահայ մտավորականը սպանվեց հրազենային կրակոցներից: Ու դրանից հետո հայ եւ թուրք հասարակությունների համար կյանքը բաժանվեց Հրանտ Դինքից առաջ եւ հետո ժամանակահատվածների: Եվ այդպես արդեն 10 տարի: Հրանտ Դինքի սպանությունը, սակայն, յուրօրինակ ազդակ դարձավ թուրքական հասարակության առողջ շերտի «արթնացման» եւ ըմբոստացման համար, նրանք գիտակցում էին, որ ազգությամբ հայ մտավորականը միայն հայերի իրավունքների հարցը չէ, որ բարձրացնում է: «Ակոսի» խմբագրապետի եղերական մահվան հաջորդ օրն իսկ հազարավոր թուրքեր ու հայեր նրա դիմանկարներով ու պաստառներով Թաքսիմ հրապարակից շարժվեցին Շիշլի` այն վայրը, որտեղ սպանվել էր Դինքը: Թուրքերը եւս վանկարկում էին` «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք»: Սա աննախադեպ ու անպատկերացնելի էր մի երկրի համար, որի բոլոր քաղաքացիների անձնագրում թուրք է գրված: Գնալով այս «ճեղքվածքն» այնքան մեծացավ, որ 2008-ին ծնվեց «Ներեցեք մեզ, հայեր» արշավը:

Ըստ էության, Հրանտ Դինքի մահից հետո մթնոլորտը փոխվեց Թուրքիայում. տարբեր հարթակներից ավելի շատ սկսեցին արծարծվել իրավունքների, ազատությունների, պատմական արդարությունը վերականգնելու թեմաները: Հատկապես վերջին տարիներին ավելի համարձակ ցույցեր են տեղի ունենում այդ երկրում, ու ավելի շատ է բարձրաձայնվում Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես 2008 -2009 թվականներից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայում ապրող որդեկորույս մայրերը, որոնց «շաբաթօրյա մայրեր» են անվանում, 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների լուսանկարներով ցույցեր են անում Ստամբուլի կենտրոնում՝ Գալաթասարայի հրապարակում, իսկ յուրաքանչյուր շաբաթ օր ցույցին կրում են իրենց զոհված, ձերբակալված ու անհայտ հանգամանքներում կորած որդիների լուսանկարներով ու նրանց գտնելու պահանջով ցուցապաստառներ:

Պատահական չէր նաեւ Ջեմալ փաշայի թոռ, գրող, հրապարակախոս Հասան Ջեմալի` T24 լրատվական կայքի իր սյունակում այս տարի հրապարակած հոդված-կոչը` ուղղված Հրանտ Դինքին: Դիմելով Դինքին, նա փաստել էր, որ Թուրքիայում պատմությանը դիպչելը եւ մարդկային ուղեղի ազատագրման համար պայքարելը վտանգավոր է: Հասան Ջեմալը նաեւ հիշեցրել էր, որ չնայած բազմաթիվ սպառնալիքներին, Հրանտ Դինքը կասկած չուներ, որ հողն ի վերջո կկշտանա ողբերգություններից: Չէ՞ որ ժողովրդավարություն եւ անցյալի հետ առերեսվելու կամքի դրսեւորում ու պատմական կեղծիքից ձերբազատվել երազող Դինքը համոզված էր, որ «հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»:

Երկնային կյանքով ապրող, արդարամտության ու լայն իմաստով ազատության գաղափարակիր Հրանտ Դինքը այսօր էլ շարունակում է «պայքարել» ու ուրիշների միջոցով իրականացնել իր առաքելությունը:

2013 թվականին իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու համար ազատազրկման դատապարտված պոլսահայ մեկ այլ մտավորականի` Սեւան Նշանյանի կողքին հանդգնեցին կանգնել այնպիսի գործիչներ, որոնց թվում էին Իսմաիլ Բեշիքչին, Սաիթ Չեթինօղլուն, Ռագըփ Զարաքլուն, Ահմեթ Աբաքայը, Մուզաֆֆեր Էրդողդուն եւ ուրիշներ: Նրանք Նշանյանի համար պահանջում էին թուրքական սահմանադրությամբ ամրագրված կյանքի եւ մտքի ազատ արտահայտվելու իրավունք, քանի որ մարդկության` մտքի, կրոնի եւ կրոնները քննադատելու ազատության իրավունքն ի ծնե է:

2016թ. ապրիլը եւս շրջադարձային էր` յուրատեսակ նախաձեռնությամբ հանդես եկավ թուրքական մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նա պահանջեց ձեւավորել համապատասխան հանձնաժողով եւ քննել 1908-1915թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի հայազգի 7 պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչեան, Նազարէթ Տաղաւարեան, Կարապետ Փաշաեան, Հովհաննէս Սէրէնկիւլեան, Օնիկ Դերձակեան, Համբարձում Բոյաջեան) ձերբակալության եւ սպանության գործերը, գտնել նրանց մարմինները եւ հուղարկավորել պատշաճ կարգով։ 10 տարի առաջ նման բան երեւակայելն իսկ ֆանտաստիկայի ժանրից կթվար:

Մի առիթով Հրանտ Դինքն ասել է, որ ինքը մի մարդ է, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը եւ կրում է այդ բեռը: Իսկ վերջին հոդվածում գրել էր, որ վախվորած աղավնու հոգեվիճակում է, նաեւ հավելել, թե աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, մարդկանց խիտ բազմության մեջ, գուցե մի քիչ երկչոտ, բայց եւ անկախ… Բարեբախտաբար, Դինքի գաղափարները շարունակողները քիչ չեն, ու Թուրքիան այլեւս անկարող է այդ ալիքի դեմն առնել:
Հրանտ Դինքի գործոնը մեծ անդրադարձ է ունեցել նաեւ հայաստանյան իրականության վրա: Մեր երկրում սկսել են ձերբազատվել գենետիկորեն փոխանցված զոհի բարդույթից բխող մտայնությունից: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, մշակույթի մարդկանց ու առանձին անհատների ջանքերով փորձ է արվում համագործակցության ու կամուրջներ ձգելու, չէ՞ որ Հրանտ Դինքը եւս կարեւորում էր անցյալում խզված հարաբերությունների վերականգնելը, ասում էր` հնարավոր է գտնել տնտեսական եւ մշակութային փոխշահավետ հենահարթակներ երկու երկրները մոտեցնելու համար:

Իսկ 2009 թվականից իրականացվող «Հրանտ Դինք» մրցանակաբաշխությունն էլ փաստում է, թե ինչ կարեւոր դերակատարություն կարող են ունենալ անհատները պատմության ընթացքը փոխելու առումով: Եվ լավ է, որ մրցանակները տրվում են խտրականությունից, ռասիզմից, բռնությունից զերծ, արդար աշխարհ կերտելու համար ռիսկերի գնացող, խաղաղության լեզվով հաղորդակցվող անհատների եւ կազմակերպությունների։ Ամրագրենք, որ Հրանտ Դինքը իրապես հաղթել է` բարձր արժեքների համար մղվող պայքարում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` alchetron.com-ի:

«Առավոտ»

15,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728