Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բացվում է հոգու տեսողությունը

Փետրվար 16,2017 13:30

Հայհամերգի բեմադրող ռեժիսոր Արմեն Կարապետյանի ընտանիքում պարբերաբար կազմակերպվող երեկույթներում մշտապես հնչում էին ընտանիքի փոքր զավակի՝ Լեւոնի դաշնամուրային կատարումները, որը նոր էր սկսել նվագել։

Վեց տարեկանում Լեւոնը կորցրեց իր տեսողությունը, սակայն նա չկորցրեց ապագայի հանդեպ հավատը, եւ կյանքին սկսեց նայել ավելի վառ գույներով՝ իր մեջ բացահայտելով անսահման սեր դաշնամուրի նկատմամբ։

Լեւոնը ընդունվեց Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց, եւ երբ 7-րդ դասարանում էր, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած պատանի երաժիշտների փառատոնի ժամանակ կատարելով Ռախմանինովի պրելյուդներից մեկը, արժանացավ ունկնդրի հիացմունքին։ Հենց այդ ժամանակ իր ուսուցիչը, որը Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սերգեյ Քեչեկի սաներից էր, մոտեցավ Սերգեյ Կոնստանտինովիչին, եւ ներկայացրեց Լեւոնին, ասելով՝ «Այս պատանին պիտի անշուշտ Ձեզ մոտ շարունակի սովորել»։ Կոնստանտինովիչն էլ ժպտաց եւ համաձայնեց։
Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Լեւոնը ընդունվեց կոնսերվատորիա: Սկզբում դասախոսը նրա համար կարդում էր նոտաները, սակայն հետո Լեւոնը հասկացավ, որ այսպես շարունակել չի կարող, ու սկսեց ուսումնասիրել բրայլյան նոտագրությունը՝ դաշնակահար, կոմպոզիտոր Զոհրաբ Փարեմուզյանի մոտ։ Օրվա մեծ մասը Լեւոնը անց էր կացնում ոչ թե դաշնամուրի, այլ բրայլյան գրամեքենայի առջեւ։ Սկզբում Լեւոնը յուրացրեց Բախի ստեղծագործությունները, քանի որ նա գտնում էր, որ հաղթահարելով պոլիֆոնիկ երաժշտության բարդույթները, մնացած գործերը կտրվեն նրան ավելի հեշտությամբ։

Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Լեւոնը պարբերաբար մասնակցում էր տարբեր միջոցառումների, իսկ 2010թ. ստանում է հրավեր մասնակցելու Սանկտ Պետերբուրգի «Քայլ ընդառաջ» ամենամյա փառատոնին՝ արժանանալով մասնագետների բուռն արձագանքներին։

2011թ. տաղանդավոր դաշնակահարն արժանանում է նախագահի պետական մրցանակի, սակայն դա չխանգարեց նրան մեկնել Ֆրանսիա, որպեսզի շարունակի իր ուսումը Ստրասբուրգի կոնսերվատորիայում՝ Լորան Կաբասսոյի դասարանում։
Այս օրերին Լեւոնը մասնակցում է Փարիզում կայանալիք դաշնակահարների մրցույթին, որից հետո մտադիր է գալ Հայաստան՝ մենահամերգների շարքով։

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ծնվել եմ ու վայելում եմ կյանքը։ Երեւանի կոնսերվատորիայի դասախոսներից շատերը գտնում էին, որ ես չպիտի բարձրանամ բեմ, սակայն Ս. Կոնստանտինովիչը կանգնեց իմ կողքին, իսկ ես ոչ մի վայրկյան չկասկածեցի իմ ուժերի վրա։ Կոմպոզիտորներից ինձ հոգեհարազատ եմ համարում Բախին ու Մոցարտին, որոնց ստեղծագործությունները ինձ հասցնում են կատարսիսի։ Ես մշտապես հնարավորություն եմ ունեցել ի սկզբանե սովորելու Ստրասբուրգում՝ գտնվելով ծնողներիս կողքին, բայց երկար տարիներ տատիկիս խնամելուց հետո մնացի միայնակ՝ ձեռք բերելով ինքնուրույնություն»,-ասում է արվեստագետը։

Երիտասարդ դաշնակահարը հանդիսատեսին ներկայանում է նոր ստեղծագործություններով, որոնցում արտացոլվում է իր հոգու խորությունը, անսահման երաժշտականությունը, եւ ճկուն տեխնիկական հնարավորությունը:

 

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

15,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728