Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լ. Մկրտչյան

Մարտ 02,2017 18:45

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ ավագ դպրոցի դասական մոդելի նպատակն է նախապատրաստել երիտասարդին կրթության հաջորդ աստիճանին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ ավագ դպրոցի աշակերտն այնքան հմտություն և գիտելիքի ունենա, որպեսզի կարողանա ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում.

«Այսօր մեր ավագ դպրոցներում այս ձևաչափն, ըստ էության չի աշխատում և մենք այստեղ խնդիր ունենք իրական փոփոխություն կատարել: Պատճառներից մեկը, թե ինչու ավագ դպրոցը չի ծառայում իր բուն նպատակին, այն է, որ աշակերտներին առաջարկվող առարկայախումբը՝ նավազագույնը 16 առարկա, բավականին ծանր է, որի ճնշումը թույլ չի տալիս աշակերտին կողմնորոշվել: Մենք որոշեցինք գնալ բեռնաթափման ճանապարհով. Այսինքն, 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հնարավորություն տվեցինք ընտրել այն հիմնական առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են հետագա մասնագիտական կրթության համար, իսկ մնացած առարկաներից ազատեցինք: Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն առաջին փորձն արել ենք, եթե այն հաջող լինի, գալիք տարի կբեռնաթափենք 12-րդ դասարանն ամբողջությամբ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը, որը խանգարում է երիտասարդին ճիշտ ընտրություն կատարելու հարցում, ընտանիքի ճնշումն է. «Շատ հաճախ ծնողները երեխայի փոխարեն որոշում են, թե նա ինչ պետք է դառնա: Ընդ որում` երբեմն այդ որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ երեխան դեռ մանկապարտեզ է հաճախում: Որոշումը կայացնելուց հետո սկսում են երեխային նպատակաուղղել հենց այդ կողմնորոշմամբ, որը ժամանակի ընթացքում երեխայի համար դառնում է հոգեբանական խնդիր՝ երբեմն թողնելով լուրջ հետևանքներ»: Հաջորդ լուրջ խնդիրը, ըստ Լևոն Մկրտչյանի, որին բախվում է երիտասարդը, բակալավրի և մագիստրոսի կրթությունն է.

«Առաջադեմ որևէ երկրում չկա տարածված ավանդույթ, որ բակալավրի կրթությունից անմիջապես հետո, երիտասարդը պետք է ստանա նաև մագիստրոսի կրթություն: Ավելի շատ ընդունված է, որ մարդը բակալավրի կրթությամբ սկսում է աշխատել և հետագայում, անհրաժեշտության դեպքում, բարձրացնում է իր մասնագիտական կարողություններն ու որակավորումը մագիստրոսական կրթությամբ: Մեզ մոտ մագիստրոսի ծրագիրը դարձել է բակալավրի մեխանիկական կրկնությունն է, քանի որ աշխատաշուկան կայացած չէ և հստակ պահանջներ, որպես այդպիսին մասնագետների և կրթության համակարգի առջև չի դրվում: Չգիտես ինչու մեզ, հավանաբար խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթ է, մեզանից շատերին թվում է, թե մինչև 25 տարեկան պետք է հետևողականորեն կրթվել, իսկ դրանից հետո ջանասիրաբար աշխատել՝ փակելով կրթության էջը:

Մենք պետք է հասկանանք, որ կրթությունը մի խողովակ է, որի միջով կարելի է անցնել կյանքի տարբեր փուլերում: Կրթությունն իրականում ոչ թե նպատակ է, այլ միջոց այդ նպատակների իրագործման համար: Օրինակ ինձ համար, իբրև Կրթության և գիտության նախարարի, հստակ է, որ Հայաստանի կրթական գործունեության գլոբալ նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն ու մրցունակության բարձրացումն է»,- նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների:

Ի պատասխան «Քվանտ» վարժարանի միջազգային բակալավրիատ ծրագրով սովորող սաներից մեկի հարցի, թե միջազգային բակալավրիատի դիպլոմ /այն գործում է 2 տարի ժամկետով/ կորցնում է իր իմաստը, երբ ուսանողը բուհ ընդունվելուց հետո զորակոչվում է բանակ, հնարավոր է, որ այս ծրագրով սովորողներին տրվի տարկետում, Լևոն Մկրտչյանը նշել է.«Ես այս հարցին կպատասխանեմ նախ որպես ՀՀ քաղաքացի. մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ մենք մեր ուժերը մոբիլիզացնելու խնդիր ունենք: Մենք այն քիչ ժողովուրդներից ենք, որը 25 տարի մարտական հերթափոխ է իրականացնում, քանի որ անընդհատ գտնվում է պատերազմական իրավիճակում: Ու հիմա, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր կա, կայացվել է որոշում, որ բոլոր տղաները պետք է մեկնեն ծառայության: Բայց այս որոշումն ամբողջությամբ չիրագործվեց, որոշվեց բացառություններ սահմանել՝ տալով որոշակի թվով տարկետման տեղեր, ինչն էլ, կարծում եմ, հանգեցրեց անարդարության: Օրինակ` նույն կուրսի ուսանողներից 14-ին տանում են բանակ, իսկ մեկին` ոչ: Բանակ չտանելու միակ չափանիշը այս դեպքում քննությունը ընդամենը 0,5 բալով բարձր ստանալն է, որը կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ: Որպես Կրթության և գիտության նախարար իմ մոտեցումը հետևյալն է՝ պայմանները բոլորի համար պետք է նույնը լինեն՝ կամ պետք է բոլոր ուսանողներին բանակ տանել կամ ոչ մեկին չտանել: Կոնկրետ միջազգային բակալավրիատի խնդրի հետ կապված մենք կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի բանակ գնալու պարագայում վկայականի ժամկետը երկարացվի, այսինքն` այն 4 տարի ուժի մեջ լինի»,- նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ այս տարի դեռևս գործելու է անցյալ տարիների կարգը, այսինքն՝ տարկետման տեղեր կտրվեն, սակայն պետության որդեգրած քաղաքականությունը միտված է դեպի տարկետման իրավունքի վերացումը՝ զուգահեռաբար բանկում զարգացնելով մասնագիտական միջավայրի ապահովման հնարավորությունները: «Կարևորը ոչ թե տարկետման խնդիրն է, այլ բանակում համապատասխան միջավայր ստեղծելը, որ, օրինակ, ֆիզիկայով զբաղվողները շարունակեն իրենց աշխատանքը: Մենք զինված ուժերում մասնագիտության պահպանման խնդիր ունենք, որովհետև պաշտպանությունը միայն կրակելը չէ, բանակում շատերը` ֆիզիկոսներ, բնագետներ, կարող են մասնագիտական գործառույթ իրականացնել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով օտար լեզուների իմացության զարգացման հարցին` նախարարը նշել է, որ փոքր երկրների ու ժողովուրդների համար օտար լեզվի իմացությունը գիտության և կրթության զարգացման անհրաժեշտ միջոց է. «Համաշխարհային կրթագիտական ժառանգությունը մեզ համար չի կարող հասու լինել, եթե օտար լեզվի չտիրապետենք: Խորհրդային տարիներին մասնագիտական կրթության և գիտության լեզուն մեզ համար հիմնականում ռուսերենն էր, որովհետև մենք գտնվում էինք այդ մշակութային և տնտեսական տարածքում: Այսօր կա ընտրություն՝ որևէ միջազգային լեզու՝ անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզու պետք է պարտադիր իմանալ, որպեսզի հնարավորություն ունենանք մասնակցել գիտական և մասնագիտական զարգացումների միջազգային միտումներին»,- նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում հարցեր են եղել նաև դպրոցական և բուհական կրթական ծրագրերի, պետական լեզվաքաղաքականության և մի շարք այլ խնդիրների մասին:

ՀՀ կրթության և գիտությանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031