Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանը պե՛տք է ունենա ուժեղի կողմից նվաճված խաղաղության երգ»

Մարտ 11,2017 14:00

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկումները

«Առավոտի» հանդիպումը «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ պայմանավորված էր Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի հրատարակմամբ (թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան): Այս ստեղծագործությունը 2007թ. բրիտանացի եւ ամերիկացի 125 ականավոր գրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն վեպը:

Հիշեցնենք, որ «Անտարես» հրատարակչությունը 25 տարի ընթերցողին է առաջարկել շուրջ 3000 անուն գիրք, այդ թվում՝ Մարկեսի, Բորխեսի, Ֆոլքների, Սելինջերի, Հեսսեի, Սարտրի, Մահֆուզի, Փամուքի եւ այլ աշխարհահռչակ գրողների երկերի հայերեն թարգմանություններ:

Մինչ զրույցը սկսելը ակամա ներկա եղանք պարոն Մարտիրոսյանի հեռախոսազրույցին եւ լսեցինք, թե նա ինչպես մի մաեստրոյի հետ (որի անունը չհայտնեց) խոսում էր մեզ համար ամենակարեւոր թեմայից՝ խաղաղությունից ու քանիցս շեշտեց. «Հայաստանը պե՛տք է ունենա խաղաղության մասին երգ, ուժեղի կողմից թելադրված ու նվաճված խաղաղության»:

Մարդկությանը մշտապես ուղեկցող, զուտ խաղաղություն քարոզող երգ իսկապես բացակայում է մեր երգարվեստում: Մինչդեռ խաղաղության թեման վերհանող եւ համերաշխության կոչ անող ստեղծագործություններ հայտնի են համաշխարհային շոու-բիզնեսի այնպիսի աստղի երգացանկից, ինչպիսին է Մայքլ Ջեքսոնը, մինչ այդ, 20-րդ դարի կեսերին ամերիկյան սոուլ երգիչ Քուրթիսը, որը հայտնի է նաեւ այդ ժամանակահատվածում որպես «Հանուն քաղաքացիական իրավունքների» շարժման ակտիվ մասնակից: Երգիչն իր կարիերայի ընթացքում հավատարիմ մնալով խաղաղության թեմային, ընկերների հետ հիմնած երգչախմբով հնչեցրեց հերթական հիթը՝ «We Got To Have Peace»: Անգլիացի երգիչ, երգահան Նիք Լոուի «Peace, Love, and Understanding» ստեղծագործությունը՝ գրված 1970թ., առավել հայտնի է Էլվիս Կոստելոյի կատարմամբ եւ այլն: Նշենք, որ հայ երգարվեստում բազմաթիվ են հայրենասիրական, մարտական, զինվորական, պայքարի ու նման թեմաներով երգերը, որոնք ստեղծվում են նաեւ մեր ժամանակներում:

Արմեն Մարտիրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հավանաբար զրուցում է խաղաղության մասին երգի թեմայով:

Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի արտահայտած մտքին, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հենց իրեն՝ հրատարակչին այս պահին՝ քարոզարշավի օրերին հուզում է երգարվեստը, կոնկրետ՝ խաղաղության մասին երգի ստեղծումը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Աշխատանքիս բնույթով մշտապես գործ ունեմ բանի հետ՝ ստեղծագործության: Այն բանի, որից սերվել են բանահյուսությունը, բանականությունը, բանախոսությունը… Ի վերջո, ի սկզբանե բանն էր: Իսկ երգը երկու բաների խառնուրդ է՝ պոեզիայի եւ երաժշտության: Ի դեպ, Նոբելյան մրցանակակիր երգիչ Բոբ Դիլանը հենց երգի միջոցով էր պոեզիան հասցնում ընթերցողին»: Հիշեցրեց նաեւ, թե երգը գործիք է, ինչպես գիրքը, թատրոնը եւ մշակույթի այլ արտահայտչամիջոցները:

«Հայաստանին խաղաղություն է պետք եւ երգը «կապի» այն միջոցներից է, որով կարելի է դադարեցնել կոնկրետ՝ մեր կիսապատերազմական վիճակը, ինչը ծնում է սոցիալական անարդարություն, արտագաղթ, տնտեսական անկում, փչացածություն, ամենակարեւորը՝ խլում զինվորի կյանք»,- ասաց հրատարակիչը:

Իմիջիայլոց, քարոզարշավի մեկնարկին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրի ներկայացմանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Մարտիրոսյանն առաջարկել էր ոչ միայն կոռուպցիան անվանել փչացածություն, այլեւ կոռուպցիոներներին՝ փչացած:
Դիտարկմանը՝ ողջունելի է, որ մշակույթի միջոցով եք փորձում հասնել լիակատար խաղաղության, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ միայն երգի, սա ընդամենը մեկ, բայց հզոր տարր է: Առանց գերհզոր բանակի, խելացի դիվանագիտության, ցանկության, խնդրում եմ շեշտել՝ իրական ցանկության, ուժեղ պետությունների օգնության եւ ինչ-որ տեղ փոխզիջման միջոցով, այո, կարելի է հասնել լիակատար խաղաղության»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031