Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրավո վիրտուոզը» մեր իրականության հայելին է

Մարտ 16,2017 13:30

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ բեմադրող ռեժիսոր-սցենարիստ Լեւոն Մինասյանի «Բրավո վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի բյուջեն կազմել է 1 միլիոն 200.000 եվրո, տեւողությունը մոտ 2 ժամ է: Նկարն ունի դինամիկ սյուժե, որի ընթացքում ձանձրանալ հնարավոր չէ: Ֆիլմը լի է սպանություններով, ինտրիգներով, բացահայտումներով: Ֆիլմի գլխավոր հերոսը «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դերասան Սամվել Թադեւոսյանն է, իսկ գլխավոր դերակատարուհին Մարիա Ախմեզյատովան է: Ֆիլմի նկարահանոււմները կատարվել են Երեւանում եւ Գյումրիում: «Բրավո վիրտուոզում» խառնված են սեւ կատակերգության, դետեկտիվի, թրիլլերի եւ շատ այլ ժանրերի տարրեր: Ֆիլմի գլխավոր հերոս Սամվել Թադեւոսյանը մարմնավորում է Ալիկին, ում ծնողներն իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի:

Ալիկի ծնողները՝ Թալյանները, կամավոր բժիշկներ էին, որոնք զոհվեցին հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ: Ալիկի պապիկը՝ հայտնի երգահան-երաժիշտ Թալյանը, ստեղծել է նվագախումբ, իր զոհված երեխաների պատվին: Ֆիլմը սյուժետային անակնկալ է մատուցում դիտողներին. հենց առաջին րոպեներին սպանվում է Թալյանների նվագախմբի համերգի հովանավորը, ում կերպարը մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը: Այդ պահից սկսած ֆիլմի սյուժեն ծավալվում է Ալիկ Թալյանի՝ նոր հովանավոր եւ գումար գտնելու ցանկությամբ: Սցենարական առումով բավականին հագեցած ֆիլմ է: Եթե դիտողը անուշադիր նայի եւ բաց թողնի որեւէ կտոր, հնարավոր չի լինի հասկանալ ֆիլմի ամբողջ սյուժեն:

Ալիկը պատահական գտնում է մի հեռախոս, որը վիրտուոզ մարդասպանինն էր, եւ ակամա սկսում է կատարել պատվերներ՝ մտնելով ոչ իր խաղի մեջ: Ֆիլմն ամբողջովին մեր իրականության հայելին է, որը մենք տեսնում ենք մեր գլխավոր հերոսի միջոցով: Ալիկը ենթարկվում է բազմաթիվ ծաղրանքների, նրան անվանում են նույնասեռական միայն նրա համար, որ նա դասական երաժշտության սիրահար է եւ նվագում է կլարնետ: Փաստորեն, կլարնետ նվագող Ալիկը տեղ եւ գումար չունի հասարակության մեջ, մինչդեռ ռաբիս նվագող վիրտուոզները սեր եւ հարգանք են վայելում: Հետաքրքիր կերպար է Ազատամարտիկների միության նախագահ- պաշտոնյան, ում մարմնավորում է Ռուդոլֆ Ղեւոնդյանը: Մարդ, ով հարստացել է պատերազմի ժամանակ, սպանել է իր ամենամոտ ընկերոջն ու նրա կնոջը եւ հաջորդիվ ցանկանում է սպանել նրանց աղջկան՝ Լառային, ում կերպարը մարմնավորում է Մարիա Ախմեզյատովան: Լառայի կերպարը իսկապես հաջողված կերպար է, որը սիրային կապ է ունենում Ալիկի հետ: Լառան, մեր դառն իրականությունից զզված, միայն ցանկանում է վրեժ լուծել իր խորթ հորից՝ գիտակցելով հոր մտադրությունն իրեն սպանելու մասին: Հերոսուհու կերպարի ուժեղությունն արտահայտվում է նրանով, որ նա սիրահարվում է Ալիկին՝ գրեթե վստահ լինելով, որ նա է վիրտուոզ մարդասպանը եւ հնարավոր է՝ սպանի իրեն:

Նախընտրական քարոզարշավով զբաղված Լառայի հոր կերպարում նրանց բնորոշ գծերն են, որոնք ամեն գնով պատրաստ են դառնալ պաշտոնյա եւ հարստանալ: Դերասանական խաղի առումով կերպարները լիարժեք համապատասխանում են:
Ֆիլմի ավարտին վերջապես բացահայտվում է իրական մարդասպանը, ով օրենքի քողի տակ ներկայացող մի անձնավորություն էր: Հետաքրքիր եւ փոխաբերական կամ այլաբանական ձեւով է մահանում Լառայի խորթ հոր կերպարը: Ալիկը կանգնելով նրա դիմաց՝ չի կարողանում սպանել նրան, քանի որ նա մարդասպան չէ եւ գիտի «արյան» գինը: Ֆիլմի վերջում Ռուդոլֆ Ղեւոնդյանի կերպարը մահանում է պատահական փամփուշտից, որը կրակում են փողոցում: Ռեժիսորի մեսիջն այստեղ մեր կարծիքով այն է՝ կյանքը անպայման հաշվեհարդար կտեսնի ժողովրդին թալանող, ապօրինաբար հարստացած մարդկանց հանդեպ: Ֆիլմը լիարժեք արտացոլում է մեր իրականությունը եւ չնայած այն բոլոր դժվարություններին, ի վերջո գլխավոր հերոսը կարողանում է կազմակերպել այդքան երազած համերգը, փրկել նվագախումբը եւ Լառայի կյանքը:

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵՊՀ ուսանողուհի

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031