Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտամին B1-ի պակասության հետեւանքով առաջանում է գլխացավ, հոգնածություն, մկանային թուլություն

Մարտ 25,2017 12:30

Վիտամինները շտապ օգնություն են եւ պետք է ընդունել,
երբ ծանրաբեռնված օրգանիզմը պահանջում է առանձնահատուկ աջակցություն

Ապացուցված է, որ աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է վիտամինների պակասից: Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական եւ տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար: Որեւէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետեւանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Վիտամին A-ի պակասությունից առաջ է գալիս զգայունություն լույսի նկատմամբ (կուրություն), սակավարյունություն, կոշտացած չոր մաշկ, մազերի թափում, ճարպահոսություն։ Այս վիտամինը հիմնականում պարունակվում է գազարի, նարնջի, կաթի մեջ, ինչպես նաեւ՝ կարագի, ձվի դեղնուցի, կենդանու լյարդի եւ այլն։
Վիտամին C-ի պակասի ժամանակ առաջ է գալիս ախորժակի անկում, գերհոգնածության զգացողություն, արյունահոսող լնդեր, գունատություն, վարակիչ հիվանդությունների հակվածություն, եղունգների փխրունեցում։ C վիտամին պարունակվում է թարմ բանջարեղենի, կարտոֆիլի, կաղամբի, բողկի, շաղգամի, կանաչ սոխի, կիտրոնի, նարնջի, մանդարինի, անտոնովկա խնձորի, սեւ հաղարջի, մորու եւ իհարկե՝ մասուրի մեջ։
Վիտամին D-ն օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի եւ ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3-4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինն առաջանում է մարդու մաշկում` ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է մի շարք ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։

Վիտամին E-ն խթանում է մկանային գործունեությունը եւ սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։
Վիտամին B1-ի պակասության հետեւանքով առաջ է գալիս գլխացավ, հոգնածություն, մկանային թուլություն, մարսողական ուղիների եւ նյարդային համակարգի խանգարում, եղունգների դյուրաբեկություն։ Այն անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար, հիմնականում պարունակում է խոշոր աղացած ալյուրը, ցորենի հացը, միսը, կաթը, լոբազգիներին պատկանող բույսերը, կանաչեղենը, աշորայի հացը եւ այլն։

Վիտամին B2-ի պակասությունն առաջ է բերում աչքի արագ հոգնածություն, կոպերում քոր, տեսողության թուլացում, լուսավախություն, բերանի անկյուններում ճեղքերի առաջացում, պեպեններ եւ պիգմենտային բծեր, շրթունքների ճաք եւ այլն։ B2-ը նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային եւ գունային տեսողությունը։ Այն հիմնականում պարունակվում է սեւ հացի, լյարդի, մսի, ձկան, կաթի, կաղամբի, լոլիկի եւ այլնի մեջ։

B3 կամ PP վիտամինը մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաեւ ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։
Վիտամին B12-ը մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Այն զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես` լյարդում եւ խավիարում), քիչ քանակությամբ՝ մսի, կաթի, կաթնաշոռի, պանրի, ձվի դեղնուցում։

Նշենք, որ վիտամիններն առանց բժշկի նշանակման չի կարելի օգտագործել: Դրանք ուղղակի շտապ օգնություն են եւ պետք է ընդունել միայն այն ժամանակ, երբ ծանրաբեռնված օրգանիզմը պահանջում է առանձնահատուկ աջակցություն։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031