Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի ջութակահարը հանդես է եկել շոտլանդական փառատոնում

Մարտ 30,2017 13:30

Մոսկվաբնակ արվեստագետ Վարդան Վիրաբյանը պատրաստվում է
Ազգային օպերային թատրոնում բեմադրություն իրականացնել

Աշխարհում ամենամեծ ֆոլկ երաժշտության Celtic connections փառատոնն անցկացվում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, ձմռանը: Տեղեկացանք, որ այս տարի փառատոնին բրիտանական ճանաչված «Koshka» տրիոյի հետ BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի City hall-ում ելույթ է ունեցել մոսկվաբնակ ջութակահար Վարդան Վիրաբյանը:


Երաժիշտը կարիերան սկսել է 2000-ականների սկզբներին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի նվագախմբում: Հետո նրան ստուդիայում հանդիպեցինք որպես «լուռ» դերասան՝ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի Չիմառոզայի «Նվագախմբի դիրիժորը» (Նվագախմբի երաժիշտ) եւ Հայդնի «Դեղագործը» (Կմախք) օպերային ներկայացումներում: Ավելի ուշ Վարդան Վիրաբյանը ստուդիայում ներկայացավ իբրեւ ռեժիսոր՝ բեմադրելով Պուչինիի «Քույր Անժելիկան», Մասկանիի «Գեղջկական պատիվ» եւ Ռոսինիի «Ամուսնական մուրհակ» օպերային ներկայացումները: Արվեստագետը զուգահեռ դասավանդում էր Երեւանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում: Ավելի ուշ նրան իբրեւ դերասան հանդիպեցինք Էդգար Բաղդասարյանի «Տաքսի «Էլի լավ ա» եւ ռուսաստանյան արտադրության Ռազգո Գիգինիշվիլիի «Վերջին Մոհիկյանը» ֆիլմերում:

Վարդան Վիրաբյանն իր ընտանեկան տրիոյով՝ Գնեսինների դահլիճում:

Վերջին շրջանում էլ մեր արվեստագետները, հիշելով Մոսկվա տեղափոխված իրենց կոլեգային, ասում են, որ Վարդան Վիրաբյանը իբրեւ մենակատար հանդես է եկել ռուսաստանյան նվագախմբերի, այդ թվում՝ Գնեսինների անվան ակադեմիայի նվագախմբի հետ, իսկ նրա տիկինը՝ ֆլեյտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Զարուհի Փարվանյանը, որը դասավանդում է Գնեսինների անվան քոլեջում, Երեւանում մեկ-երկու անգամ ներկայացել է իր սաներով՝ «Նոր անուններ» նախագծով (հեղինակ՝ Սիլվա Մեքինյան):

«Առավոտը» հանդիպեց Երեւան այցելած Վարդան Վիրաբյանին: Նախ խնդրեցինք հայտնել իր այցելության նպատակը եւ հետո՝ հակիրճ ներկայացնել Մոսկվա տեղափոխվելու պատճառն ու ինչպես է ստացվում, որ հանդես է գալիս մշակույթի տարբեր ոլորտներում միաժամանակ: Մեր զրուցակիցը նշեց, որ ընտանիքով հաստատվել են Մոսկվայում 2011թ., հետո ասաց. «Դերասանական ձիրքս հայտնաբերեցին օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանն ու գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: 2003թ. ԳԻՏԻՍ-ի հրավերով ստուդիայի «Նվագախմբի դիրիժորը» եւ «Դեղագործը» ներկայացումները ցուցադրվեցին Մոսկվայում: Այդ օրերին հանպատրաստից ելույթ ունեցա ԳԻՏԻՍ-ում՝ մասնակցելով իրենց «կապուստնիկին»: Ստացա մրցանակ, որից հետո խորհուրդ տվեցին ուսանել ԳԻՏԻՍ-ում: Եվ քանի որ օպերային ստուդիայի նվագախմբում աշխատելու տարիներին ինձ «կլանել» էր օպերային արվեստը, Հովհաննես Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ընտրել երաժշտական թատրոնի ռեժիսորի մասնագիտությունը: Սովորել եմ պրոֆեսոր Ալեքսանդր Բարմակի արվեստանոցում եւ 2008թ. դիպլոմային աշխատանքս՝ «Գեղջկական պատիվը», իրականացրի ստուդիայում»: Ժպիտով հավելեց նաեւ, թե այդ ընթացքում անընդհատ «Երեւան-Մոսկվա-Երեւան «տրանզիտային» կյանքով էր ապրում», մինչեւ վերջնական որոշում կայացրին եւ 2011թ. ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա:
Մեր զրուցակիցը հայտնեց, թե այժմ Երեւանում է՝ Ազգային օպերային թատրոնում բեմադրություն իրականացնելու նպատակով: Ասաց, որ հանդիպել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ եւ ընդամենն ասաց, որ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:

Հետաքրքրվեցինք դեռեւս 2007թ. ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովի եւ լիբրետոյի հեղինակ, վաստակավոր արտիստ Նիկոլայ Դուքսինի բեմադրած «Մարգարե» մյուզիքլի ճակատագրով, որտեղ Ջութակահարի գլխավոր դերը վստահված էր Վարդան Վիրաբյանին: «Այդ նախագիծը ցուցադրվեց Ռուսաստանի տարբեր քաղաքներում, նաեւ Մինսկում: Ցանկացած պրեմիերայի առիթով լինում են տարբեր խոսակցություններ: Իսկ որ «Մարգարեն» կայացավ, այն էլ 3 տարի չիջավ բեմերից՝ դա խոսուն փաստ է»,- հավաստիացրեց Վարդան Վիրաբյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031