Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Նախկին պատգամավորի թեկնածուն հարվածել է «Ելք»-ի վստահված անձին (Տեսանյութ)

Մայիս 11,2017 23:47

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրատապ ասուլիս էր հրավիրել Կուրղինյան փողոցում, նրա հետ էր «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը: Վերջինիս խոսքերով՝ նա Կուրղինյան փողոցում՝ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում մարդկանց կուտակումներ է նկատել, և ենթադրել է, որ ընտրակաշառք են բաժանում և մտել է շտաբ՝ լուսանկարահանելով տեղի ունեցածը:

«Մարդիկ դուրս էին գալիս քվեաթերթիկը ձեռքներին՝ արդեն քվեարկած 3-րդ համարի օգտին, քվեաթերթիկի 1/3-ի չափով ինչ-որ թուղթ, որը չհասցրեցի հասկանալ, թե ինչ է և նաև գումար՝ ես տեսել եմ մի 20 հազար դրամանոց: Այսինքն՝ առնվազն այդքան մարդիկ ստացել են: Հետո, երբ հասկացան, որ ես կողմնակի մարդ եմ և տեսանկարահանում եմ, մոտեցան մի քանի տղաներ ձեռքիցս վերցրեցին հեռախոսս, բավականին երկար ժամանակ հետո վերադարձրեցին մեջից գրեթե ամեն ինչ ջնջած: Ես շատ պահանջեցի հեռախոսս՝ ասում էին՝ ինչ հեռախոս, հույսս կտրած գնում էի տուն, ճանապարհին փորձեցին վերադարձնել անձեռոցիկներով, այսինքն՝ մատնահետքերը ջնջված վրայից, հետո հասան տուն, դուռը բացեցինք և հեռախոսը այդպես անձեռոցիկով գցեցին տուն, գնացին»,- ասաց նա:

Աննա Զախարյանը հավելեց, որ որոշ ժամանակ հետո վերադարձել է դեպքի վայր, սակայն Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբից հանել են նրա լուսանկարը:

Նիկոլ Փաշինյանի ենթադրությամբ այդ թղթի կտորը մեխանիզմն է, որը պահանջում են դնել ծրարի մեջ: Նա նշեց, որ պետք է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ անվավեր ճանաչվեն բոլոր նման քվեաթերթիկները: Աննա Զախարյանը ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ դեպքի վայր, որտեղ տասնյակ քաղաքացիներ են հավաքված եղել. «Այս շենքից դուրս եկավ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Սամվել Ալեքսանյանի կողմից որպես դրածո պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Վարդանյանը: Դուրս եկավ և սկսեց պրովոկացիոն բնույթի հայտարարություններ անել, թե բա «ո՞վ են եկել ստեղ»՝ ինչ-որ անհեթեթ բաներ: Ես շատ հանդարտ ժպիտով հետևում էի իրադարձությանը: Եվ նա, չգիտես ինչու, ռիսկ չարեց իմ վրա հարձակվել և հարձակվեց վստահված անձ Հայկ Սարգսյանին վրա՝ ոտքով հարվածեց նրա ձեռքին և ճողոպրեց»:

Նիկոլ Փաշինյանը այս ամենը հայտնել է ոստիկանությանը և կարծում է, որ Վարդան Վարդանյանը, որը ամենայն հավանականությամբ նախընտրական շտաբի  պատասխանատուն է, առնվազն 3 հանցագործություն կատարած անձ է՝ ընտրակաշառքի բաժանումը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը և հարձակումը. «Մեր հայտնի նախաձեռնությունից հետո Տարոն Մարգարյանը բարձրացրել է դրույքները: Բայց մեր խոստումները մնում են ուժի մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հ. Գ. Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԺ-ի լրագրողի հեռախոսը խլածները տեսանյութներից մեկը չեն նկատել ու չեն ջնջել: Ահա այդ տեսանյութը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031