Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքին» արագիլն է բերել: Այդ արագիլը ձեզ համար նախատեսել է տեղ քառյակում՝ ԱԺ-ում և երկրորդ տեղն ավագանիում». Ազատ Արշակյան

Մայիս 16,2017 13:14

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ վճռական են տրամադրված, և ՀՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու փաստերով շարունակելու են իրենց բացահայտումները:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մանե Թանդիլյանը նշեց, թե Հայաստանում վտանգավոր ընտրական գործընթաց է, երբ ընտրությունները զուգորդվում են ընտրակաշառքով ամբողջությամբ:

Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ ընտրության օրն իրականացված բռնությանը՝ տիկին Թանդիլյանը նշեց, թե «Ելք»-ն անմիջապես խստորեն դատապարտել է. «Ոստիկանությունն ամբողջ ընթացքում սատարել է ՀՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելուն»:

Քաղաքագետ Ազատ Արշակյանը լուրջ հաջողություն համարեց այն, որ Հայաստանը, լինելով Եվրասիական միության կազմում, կարողացել է հաջողացնել, և Երևանի ավագանիում մոտ երեսուն տոկոս ընդդիմություն ունենք:

Ըստ քաղաքագետի, եթե Զարուհի Փոստանջյանը վերցնի մանդատները, նույնիսկ դիտարժան կլինեն ավագանու նիստերը: Դառնալով նրա դեմ բռնության փաստին՝ պարոն Արշակյանն ասաց. «Ուղղակի հիացած եմ Զարուհի Փոստանջյանով, քանի որ ապացուցեց, որ ՀՀ-ում կա չափազանց ծանր գենդերային արական շովինիզմ: Զարուհի Փոստանջյանն, ի տարբերություն մյուս թեկնածուների՝ քաղաքականացրեց պայքարը և օրակարգ բերեց կարևորագույն հարցեր: Իսկ իր նկատմամբ կատարվածը խայտառակություն էր: Նույնիսկ, եթե ապօրինի ու սխալ էր իր արարքը, նրա նկատմամբ բռնություն թույլ տալ չէր կարելի: Ոստիկաններն իրենց մարմնով պետք է գզրոցը փակեին, քանի որ նա կին է, պատգամավոր: Կատարվածը ոչ թե Զարուհի Փոստանջյանի, այլ ՀՀԿ-ի դեմ էր»:

Ազատ Արշակյանը հայտարարեց, թե ինքը գիտեր, որ «Ելքն» անպայման պիտի երկրորդ տեղում լինի. «Ելքին» արագիլն է բերել: Այդ արագիլը ձեզ համար նախատեսել է տեղ քառյակում՝ ԱԺ-ում և երկրորդ տեղն ավագանիում: Ես պաշտպանում եմ արագիլի ծրագիրը, բայց այն անպայման նախագահի թույլտվությամբ է»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ դուք փաստեր ունե՞ք, պարոն Արշակյանը հեգնեց՝ հիմա արագիլին կասենք, որ մի տեղեկանք ուղարկի:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը փորձեց ընտրակաշառքի մասին քննադատություններին պատասխանել՝ պատճառաբանելով, որ այսօրվա իրականության մեջ դժվար է որոշել, թե ով է կաշառք բաժանում. «Կաշառքի ձևերը շատ են փոխվել՝ ասֆալտ անել, այլ ձևեր էլ կան, ամբողջ Եվրոպան է օգտագործում այդ ձևերը»: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ խնդիրը ոչ միայն ընտրակաշառքն է, այլ հասարակության վերաբերմունքն ընտրական գործընթացներին: Նա հավաստիացրեց, թե ընտրակաշառքի փաստերն իրավական դաշտ բերելը շատ դժվար է:

Ընտրակաշառքի թեմայի վերաբերյալ բանավեճ ծավալվեց Ազատ Արշակյանի և Մանե Թանդիլյանի միջև: Տիկին Թանդիլյանն ասաց, թե ունեն կոնկրետ փաստեր, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Լեռնիկ Ալեքսանյան էլ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ամենևին էլ կաշառք բաժանելու կարիք չուներ: Ու ասաց, թե ինքն էլ կարող է «Ելքի» մասին նման օրինակներ բերել՝ «մեկը ընտրակաշառք է բաժանում, մյուսն իր տեղն է ծախում»: Մանե Թանդիլյանին այս միտքը վրդովեցրեց, ու նա Լեռնիկ Ալեքսանյանին զգուշացրեց. «Նման վարկաբեկիչ արտահայտություն այլևս չլսեմ, եթե կոնկրետ անուններ չեք տալիս: Որևէ մեկը որևէ բան «Ելքում» չի ծախել որևէ մեկին: Երբեք «Ելք» դաշինքին չհամեմատեք ՀՀԿ-ի հետ»: Լեռնիկ Ալեքսանյանն էլ Մանե Թանդիլյանին հորդորեց, որ չփորձի հրեշտակային երևալ, փոքր-ինչ հանդուրժող լինել ու նաև չընդհանրացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031