Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունը եւ այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»․ Սամվել Շահրամանյան

Սեպտեմբեր 27,2026 14:21 Share

Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ հարցին, որ հասարակությունը մինչեւ այսօր սպասում է 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերի պատասխաններին, ո՞վ պետք է տա այդ պատասխանները։ Նա նշեց,որ ստեղծվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, երբ կհրապարակվի այդ հանձնաժողովի զեկույցը, հարցերի պատասխանները կտրվեն։

Հարցին, թե որքանո՞վ է արժանահավատ այդ զեկույցը, եթե այն ղեկավարում էր ՔՊ-ական պատգամավոր, Շահրամանյանը պատասխանեց․ «Համաձայն եմ ձեր դիտարկման հետ, բայց գոնե այն, ինչ ուսումնասիրվել է, պետք է տեղեկանանք, որ հասկանանք՝ ինչքանով էր համապատասխանում իրականությանը»։

«Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունը եւ այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»,- հավելեց Շահրամանյանը։

Ըստ նրա՝ խաղաղությունը եւս ընտրության հարց է, թե մենք ի՞նչ խաղաղություն ենք ուզում եւ ի՞նչ գնով․ «Մենք ի՞նչ գին ենք վճարում այս խաղաղության համար եւ վճարելու ենք»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պահանջ ունեն այսօր արցախցիները ՀՀ եւ Արցախի իշխանություններից, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Մեր այսօրվա պատասխանատուները բազմաթիվ անգամ այդ պահանջները հնչեցրել են։ Այս պահին արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ տեղավորվել եւ ապրել Հայաստանի Հանրապետությունում, որը նաեւ իրենց հայրենիքն է»։

Հարցին, որ Ադրբեջանի իշխանությունները հայերին մեղադրում են Դադիվանքից խաչքարեր «գողանալու» մեջ, բռնայուրացնում են հայկական մշակութային ժառանգությունը, ի՞նչ ճանապարհով է հնարավոր կասեցնել դա, Շահրամանյանն ասաց․ «Դա Ադրբեջանի քաղաքականությունն է, թե մենք ինչ քաղաքականություն ենք վարում դա զսպելու համար, ես այս պահին չեմ տեսնում»։

Անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին՝ նա ասաց․ «Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որպեսզի մենք Ադրբեջանում ունենանք պահվող անձինք, դատված անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսքը։ Նաեւ ունենք անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ պետք է աշխատանք իրականացվի»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի Ազգային ժողովին չի հաջողվում ԱԺ նախագահ ընտրել, Շահրամանյանը պատասխանեց․ «Պատասխանատուները համապատասխան որոշումներ են կայացնում, եւ ինչքան տեղյակ եմ՝ նաեւ լրատվամիջոցներին տեղեկացրել են, թե իրենք ինչ են պատրաստվում անել։ Կան պատասխանատուներ, ինձ թվում է՝ հարցը պետք է նրանք ուղղել»։

 

Սամվել Շահրամանյանը նաեւ ասաց, որ Արցախի նախկին իշխանությունները բազմիցս ասել են, որ ունեին տեղեկություններ, որ Ադրբեջանը պատերազմ էր սկսելու, եւ այդ տեղեկությունները փոխանցվել էին ՀՀ համապատասխան մարմիններին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930