Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է մի խումբ գործարարների

Մայիս 16,2017 21:55

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բելիգիայից, Կոնգոյից ու Վիետնամից Հայաստան ժամանած մի խումբ հայ և օտարազգի գործարարների, ովքեր մասնակցելու են Երևանում կայանալիք «Բիզնեսը բիզնեսին» (B2B) ձևաչափով միջոցառմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը և փոխնախագահ Ֆելիքս Փայտյանը, Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը, Կոնգոյում Բելգիայի առևտրային ներկայացուցիչ Ժերոմ Ռուն, Բելգիական «Salmex» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Կառազիվան, «SCS» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան Ռոբերտ Իսիֆուան և կոմերցիոն կառավարիչ, նաև Կոնգոյի հայ համայնքի ներկայացուցիչ Գարո Նանիկյանը, «Zenufa group» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Վիշա Վիսանին, «Puratos Grand-Place Group» ընկերության տնօրեն և համասեփականատեր Գրիշա Սաֆարյանը, դիվանագետներ Վիետնամից և այլ հյուրեր:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նման գործարար շփումները և նշեց. «Հայաստանն այն կարևոր հարթակն է, որտեղ դուք կարող եք ներդրումներ կատարել և նոր գործ ստեղծել: Հայաստանը հնարավորությունների երկիր է, օգտվեք այդ հնարավորություններից: Մեր երկրում առկա է բարերար քաղաքական, իրավական, տնտեսական միջավայր՝ հաջող բիզնես սկսելու համար: Հայաստանը նպաստավոր դիրք է գրավում աշխարհում Doing business-ի տեսանկյունից: Մեր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ակտիվ գործունեություն է ծավալում, Հայաստանում օտարերկրյա ներդրումների ակտիվացման ուղղությամբ:

Ես տեղյակ եմ, որ դուք հետաքրքրված եք մի շարք ոլորտներով: Մեր նախարարության կայքում տեղադրված են անհրաժեշտ օրենսդրությունը և շուրջ 100 մշակված ծրագրեր, որոնք ուսումնասիրելով, դուք կարող եք ընտրություն կատարել: Թեև Հայաստանը փոքր շուկա է, բայց այն լայն կամուրջ է, որի երեք վեկտորները տանում են դեպի Եվրասիական տնտեսական միություն և Իրան, Վրաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա, այստեղ առկա է հրաշալի, գրագետ մասնագիտական ներուժ: Վստահ եմ, որ եթե դուք որոշեք ներդրում կատարել, կհաջողեք»:

Նախարարն անդրադարձավ հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական Սփյուռքին և նշեց, որ ամբողջ աշխարհում հայերը հրաշալի ինտեգրվում են, դառնում բնակության երկրի օրինակելի քաղաքացիներ, կայացած անհատականություններ ու փայլուն մասնագետներ՝ մեծապես նպաստելով քաղաքակրթությունների զարգացմանը:

Ալբերտ Կառազիվան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր ղեկավարած «Salmex» ընկերությունը ավելի քան 40 երկրում զբաղվում է կենսաչափական անձնագրերի տպագրությամբ և ցանկանում է գործունեություն ծավալել նաև Հայաստանում:

«SCS» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան Ռոբերտ Իսիֆուան հայտնեց, որ նպատակ ունի Կոնգոյում հայկական արտադրանքների վաճառքով զբաղվող բիզնես ընկերություն հիմնադրել և ցանկանում է հանդիպել հայ արտադրողների ու արտահանողների հետ և քննարկել ալկոհոլային խմիչքներ, չորացված մրգեր, տեքստիլ արտադրանք, տեղեկատվական տեխնոլոգիաներ Կոնգո ներմուծելու հետ կապված հարցեր:

«Zenufa group» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Վիշա Վիսանին հետաքրքրում էր հանքարդյունաբերության ոլորտը:

Բելգիահայ գործարար «Puratos Grand-Place Group» ընկերության տնօրեն և համասեփականատեր Գրիշա Սաֆարյանը, վերջերս շոկոլադի գործարան է հիմնել Վիետնամում և վստահ է, որ շուտով բելգիական շոկոլադի մեջ կմիաձուլվեն նաև հայկական համերը, և այն կդառնա անգերազանցելի:

Քննարկվեցին Հայաստանում ներդրումներ կատարելուն առնչվող այլ հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031