Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր պատկերասրահների «լույսն» ու «ստվերը»

Մայիս 30,2017 17:41

Բոտերոյի քանդակների հանգրվանը

2009 թվականից Երեւանում` Կասկադ համալիրում, գործում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում
ցուցադրելու եւ աշխարհին հայկական մշակույթի լավագույն նմուշները ներկայացնելու առաքելություն է իրականացնում: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրելի վայր է դարձել, թեեւ ժամանակին այստեղ տեղակայված քանդակներից որոշները միանշանակ չեն ընդունվել: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հիմնականում ներկայացված է կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան 5000 արվեստի նմուշ պարունակող հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Ներկայացված են նաև անվանի այլ արվեստագետների` Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները։ Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում անվանի արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները։

Գաֆէսճեան կենտրոնը յուրահատուկ է նրանով, որ այստեղ պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, կայանում համերգաշարեր, իրականացվում կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն։

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հայաստանյան ժամանակակից նկարիչներն արտերկրում ներկայացված չեն ըստ արժանվույն, նաեւ կարծիք հայտնել, թե դժվար է Հայաստանում հաջողության հասնելը, այդ պատճառով շատ արվեստագետներ իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանից դուրս: «Մեր ժամանակակից նկարիչներից Տիգրան Ձիթողցյանն է ամենից հայտնին, սակայն դժվարանում են նրան հայաստանցի նկարիչ համարել, քանի որ նա ապրում է Նյու Յորքում: Չնայած, 2015 թվականին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կայացավ նրա անհատական ցուցադրությունը, որը մեջ հաջողություն ունեցավ»,- նշել էր նա:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում աչքի են զարնվում Բոտերոյի թմբլիկ քանդակները Կատուն, Ծխող կինը, Հռոմեացի զինվորը: Բացառիկ այս նմուշները, իրենց չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով՝ քննադատական, հեգնական, հումորային մանրամասների ընդգծմամբ սկզբում շատերի աչքին խորթ էին, հետո սովորական դարձան: Այժմ նրանց կողքին կարելի է ոչ միայն լուսանկարվող զբոսաշրջիկների, այլեւ հայաստանցիների տեսնել, մինչդեռ 2002-ին Կատու քանդակը, որ ընդամենը 3 կրկնօրինակ ունի աշխարհում, սկզբում «թիկնապահներ» ուներ, որոնք հսկում էին, որպեսզի չվնասեին: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, եւս Երեւանի յուրատեսակ այցեքարտերից մեկն է դարձել:

 «Պատկերասրահը խանութ չէ, որտեղ նկարներ են վաճառում»

2003 թ.-ից Երեւանի կենտրոնում (Ամիրյան 13) գործում է «Արամե» մասնավոր պատկերասրահը, որի հիմնադիր տնօրենը Արամ Սարգսյանն է, իսկ 2012-ից գործում է «Արամեի» Մաշտոց մասնաճյուղը: «Արամե» միակ մասնավոր պատկերասրահն է Հայաստանում, որ ներկայացված է երկու միավորով:

Aravot.am-ի հետ զրույցում Արամ Սարգսյանը փաստում է, որ մասնավոր պատկերասրահի կենսունակության և արդյունավետ գործունեության գլխավոր գրավականը նկարիչների ուժեղ կազմ ձևավորելն է ու նրանց հետ երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցելը: Նրա խոսքերով, մասնավոր պատկերասրահի խնդիրն է հասարակության մեջ որոշակի գեղագիտական ճաշակ ձեւավորելը, մարդկանց բարձր արվեստ ներկայացնելը, այսինքն այն լավագույնը, ինչ կա ժամանակակից կերպարվեստում:

«Ինչպես ամեն մի մասնավոր հաստատություն, որ ինքն է հոգում իր գոյության ծախսերը, «Արամեն» եւս պետությունից գումար չի ստանում, այլ ընդհակառակը, հարկեր է վճարում: Մենք ակտիվ զբաղվում ենք նաեւ հրատարակչական գործունեությամբ, որովհետեւ մասնավոր պատկերասրահը չպետք է իբրեւ խանութ ընկալել, որտեղ արվեստի գործեր են վաճառվում: Այն մշակութային հաստատություն է, որի գլխավոր խնդիրը բարձր ճաշակ սերմանելն է… Մենք ձգտում ենք ներկայացնել լավագույնը ինչ կա ժամանակակից կերպարվեստում», -շեշտում է մեր զրուցակիցն ու հավելում, որ իրենց մոտ ներկայացված են ճանաչված հայ նկարիչներ ու քանդակագործներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է Հայաստանի թանգարաններում, մասնավորապես Ժամանակակից արվեստի թանգարանում: «Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում մեր պատկերասրահ, եւ կարծիք են կազմում հայ ժամանակակից կերպարվեստի մասին: Ի միջիայլոց, ի տարբերություն այլ թանգարանների, մեզ մոտ մուտքն անվճար է, մենք գիտակցում ենք, որ մեզ մոտ այցելում են ոչ միայն նկարներ ձեռք բերելու, այլեւ դիտելու, հիանալու համար»,-ասում է «Արամեի» հիմնադիր տնօրենը:

Նա հավաստիացնում է, որ իրենց պատկերասրահը երիտասարդ շնորհալի նկարիչների համար էլ է ճանապարհ հարթում, բայց ընտրության հարցում բավականին բծախնդիր են: «3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի պես փոքր երկրում շուրջ 800 գեղանկարիչ կա, որոնց մի մասը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ ոչ պաշտոնական հաշվարկներով, մոտ 2000 նկարիչ է ապրում Հայաստանում, ինչն ահռելի թիվ է: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում տաղանդավոր նկարիչները, սակայն այդ նկարիչներից շատերը հնարավորություն չունեն ցուցադրվելու: Որոշ մասը ներկայացված է Վերնիսաժում, որտեղ վաճառում են իրենց գործերը: Մեզ մոտ ընտրության չափանիշները չափազանց խիստ են, որովհետեւ ֆիզիկապես հնարավոր չէ բոլորի հետ աշխատել, մենք հիմնականում համագործակցում ենք մոտ 30 գեղանկարչի հետ, եւ իհարկե բացի նշանավոր հեղինակներից, փորձում տաղանդավոր, հեռանկարային այլ նկարիչների գտնել եւ ինչ-որ առումով նպաստել նրանց հասարակական ճանաչմանը, որովհետեւ պատկերասրահի մյուս գլխավոր խնդիրն էլ դա է: Մենք հրատարակչական գործունեություն ենք ծավալում, պատկերագրքեր ենք հրատարակում, ցրում ենք աշխարհով մեկ, տարբեր թանգարաններ ենք հասցնում, նաեւ արվեստի հավակնորդներին, կազմակերպում ենք խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում եւ արտասահմանում: Օրինակ 2 տարի առաջ հատուկ ցուցահանդես կազմակերպեցինք երիտասարդների համար «Նոր տաղանդներ» խորագրով, որից հետո հրատարակեցինք պատկերագիրք` ներառելով մեր տեսանկյունից շնորհալի մի շարք երիտասարդ նկարիչների»:

«Արամեի» հիմնադիր տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն մասնավոր պատկերասրահները եւ մասնավորապես «Արամեն»: «Խնդիրները ոչ թե զուտ մասնավոր պատկերասրահներին են վերաբերում, այլ ամբողջ երկրին են բնորոշ: Որքան տնտեսությունը զարգանա, բնակչությունը վճարունակ լինի, այնքան մասնավոր պատկերասրահների վիճակին էլ լավ կլինի, նոր ցուցասրահներ կբացվեն: Իմ տեղեկություններով, այժմ Հայաստանում ընդամենը 5-6 մասնավոր ցուցասրահ կա, ընդ որում, բոլորն էլ մայրաքաղաք Երեւանում են, կարծեմ թե հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում կարծես թե չկա: Ընդ որում, մայրաքաղաքի համար 5-6 մասնավոր պատկերասրահը ողորմելի թիվ է, եւ սա այն դեպքում, երբ եվրոպական երկրներում փողոցներ կան, որտեղ կողք կողքի շարված են մասնավոր պատկերասրահները: Մի խոսքով, ամեն ինչ կախված է տնտեսության զարգացումից: Նաեւ շատ կուզենայինք, որ որոշ արտոնություններ տրվեին մասնավոր պատկերասրահներին, ու արվեստ վաճառող կազմակերպությունը չնույնացվեր սուպերմարկետի կամ սիգարետ վաճառող խանութի հետ: Տարբերակում պետք է լինի հարկային դաշտում, դիֆերենցված մոտեցում: Ուզում եմ ասել, որ մասնավոր պատկերասրահ այցելում են հիմնականում նկարներ ու քանդակներ դիտելու համար, այսինքն այցելուների աննշան մասն է արվեստի գործեր գնում, որովհետեւ վճարունակները քիչ են»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ երեւանյան այն ցուցասրահներին, որտեղ գաստրոնոմիան եւ արվեստը զուգակցվում են, մարդիկ կարող են եւ արվեստի գործեր նայել եւ գինի կամ շամպայն ու խորտիկներ վայելել: Հարցրինք` ինչու Արամեն չի գնում այդ ճանապարհով: «Դա իրենց խնդիրն է, այդ ճանապարհով փորձում են ապահովել իրենց հաստատությունների կենսագրոծուներությունը, իսկ իմ մոտեցումը հետեւյալն է` պատկերասրահը պետք է պատկերասրահ լինի»,-պատասխանեց Արամ Սարգսյանը:

«Կալենց թանգարանի» ֆենոմենը

Երեւանում գործող «Կալենց թանգարանը» մասնավոր պատկերասրահների նախատիպն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց` 2010 թվականից հանրության առաջ իր դռներն է բացել: Այս թանգարանը ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո եւ Արմեն Կալենցների ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուներն էլ դրվել են թանգարանային ցուցադրությունների հիմքում: «Կալենց թանգարանի» ստեղծման գաղափարը առաջ էր քաշվել Հարություն Կալենցի մահվանից հետո` 1967 թվականին, բայց ինչ – ինչ պատճառներով ձգձգվել էր: Նրա տիկնոջ Արմինե Կալենցի ջանքերով 1968-ին Կալենցի արվեստանոցում այցելուների համար բացվել էր Կալենցի աշխատանքների մշտական ցուցադրություն, ինչն այդ տարիների համար աննախադեպ էր եւ հեղափոխական քայլ:

Aravot.am-ի հետ զրույցում «Կալենց» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն եւ Սարո Կալենցի տիկին Լարիսա Կատասանովան ասում է. «Կալենց թանգարանը» մի մասնավոր նախագիծ էր, որ իրականացրեց Սարո Կալենցը` ընտանիքի անդամների` եղբոր Արմեն Կալենցի հետ: Դա հերոսական ակցիա էր…Մյուս կողմից էլ մենք երջանիկ ենք, որ քանի որ սա չի համարվում թանգարան` դասական իմաստով, որն ունի տնօրեն, գիտաաշխատողներ, հստակ կառուցվածք , ընդունված ձեւով ցուցահանդեսների կազմակերպում եւ այլն: Ժամանակին Արմինե Կալենցը մի շարք հանդիպումներից ու բանակցություններից հետո հասկանալով, որ հեշտ չի լինի ստեղծել թանգարան պետական մակարդակով, տուն-ստուդիայի հիմքի վրա, արվեստանոցի գլխին կառուցեց երկրորդ հարկ` իր ընկերների օգնությամբ, ստեղծեց մի տարածք, որտեղ 1968 թ մայիսի 7-ին` Կալենցի մահվան օրը հրապարակավ հայտարարեց ցուցադրության բացման վերաբերյալ: Ցուցասրահը նաեւ Արմինե Կալենցի արվեստանոցն էր, մարդիկ գալիս էին վայելելու Հարություն Կալենցի արվեստը, բայց նաեւ հնարավորություն ունեին ուղիղ առնչվել նկարչուհի Արմինե Կալենցի հետ, նրա հետ զրուցել արվեստի մասին: Մեր աշխատանքը այն պատկերասրահի շարունակությունն է: Այսօր թանգարանը ներկայացնող երկու հարկերը այն տան մասն են կազմում, որտեղ ապրում է Կալենց ընտանիքը: Եվ ցուցահանդեսներների կազմակերպիչներն էլ ընտանիքի անդամներն են: Սա, հարկավ, մի բացառիկ իրավիճակ է»:

Տիկին Կատասանովայի ձեւակերպմամբ, «Կալենց» թանգարանը կենդանի, մոբիլ եւ էքսպերիմենտալ տարածք է, որտեղ չորուցամաք չեն ներկայացնում նկարիչներին կամ ուղղակի այցելուներ ընդունում-ճանապարհում եւ դրանով գործն ավարտված համարում: «Այս 7 տարիները շատ հետաքրքիր շփումների, կապեր հաստատելու տարիներ էին, այստեղ յուրատեսական ինտերակտիվություն կա, թանգարան այցելողները հանդիպում են Սարո Կալենցի հետ, նա աշխատում է մարդկանց հետ, որոնք արվեստի հետ կապված հարցեր ունեն, եթե հնարավորություն կա, այցելուները իջնում են այն արվեստանոց, որտեղ Արմինե Կալենցն է աշխատել, հնարավոր այցելել նաեւ մեր այգին, որի ծառերը տնկել են Կալենցները 40-ականներին: Մենք յուրահատուկ ենք, ուրիշ ենք: Կալենցները ի սկազբանե հենց այսպիսի միջավայր են երազել, որտեղ կենդանի կներկայացվի Հարություն Կալենցի, իսկ հիմա նաեւ Արմինե Կալենցի արվեստը: Սարո Կալենցը եւս երկար տարիներ բացառապես նվիրված էր այդ գաղափարին… Այսօր արդեն թանգարանն ունի մշակութային հիմնադրամի կարգավիճակ, որն ավելի ազատ եւ ճկուն գործելու հնարավորություն է ընձեռում»,-ասում է մեր զրուցակիցը:

Նրանից եւս հետաքրքրվեցինք, թե դժվարություններ եւ առավելություններ են ունենում մասնավոր մշակութային հաստատությունները: «Մենք եղանք օրինակ բոլոր այն ընտանիքների համար, որոնք մշակութային ժառանգություն ունեն, սովորեցրինք ` ինչպես վարվել այդ ժառանգության հետ: Սա առաջին մասնավոր նախաձեռնությունն էր, որը չէր ֆինանսավորվում պետության կողմից : Մենք Հայաստան բերեցինք շատ հետաքրքիր փորձառություն, շնորհանդեսի մշակույթ ներմուծեցինք: Մինչեւ հիմա ի տարբերություն այլ թանգարանների, մեզ մոտ շատ սերտ գործընկերային հարաբերություններ կան, օրինակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Միջթանգարանային շփման մշակույթը Հայաստանում բացակայում է, մինչդեռ այնքան հետաքրքիր համատեղ նախագծեր կարելի է իրականացնել: Կարծեմ թե, միայն մենք, Քոչարի թանգարանը եւ Գաֆէսճեանն են միջթանգարանային կապերին նշանակություն տալիս: 7 տարվա ընթացքում մենք արել ենք եւ էլի անելու ենք ցուցահանդեսներ ոչ մեր կոլեկցիայից, այլ նաև հրավիրելու ենք ժամանակակից այլ արվեստագետների: Նպատակ ունենք աշխատել նաև թանգարանային կոլեկցիաների հետ»,-հայտնեց «Կալենց» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա համոզմամբ, մասնավոր թանգարանները հարստացնում են արվեստի դաշտը Հայաստանում, ներմուծում են նոր ձեւեր` արվեստի եւ դիտողի միջեւ կապ ստեղծելու առումով, որովհետեւ մասնավոր տարածքների աշխատաոճի հիմքում դրված չեն այն կաշկանդող օրենքները, որոնցով առաջնորդվում են պետական թանգարանները:

Լարիսա Կատասանովան ափսոսանքով նշում է նաեւ, որ չկան արխիվի հետ աշխատող որակյալ մասնագետներ ու «բաց» կա արվեստի կառավարման ոլորտում. «Արվեստի կառավարումը բարդ աշխատանքն է, դա չի նշանակում թե պետք է արվեստը զուտ կոմերցիալիզացիայի ենթարկես, վաճառես եւ մասսայական օգտագործման առարկա դարձնես: Դա շատ լուրջ աշխատանք է, շատ նկարիչների ժառանգությունները պատշաճ ուսումնասիրված ու ներկայացված չեն, մասնագետներ էլ չկան, որ արխիվի հետ աշխատեն: Դու չես կարող ողջ ժառանգությունը կոնսերվացնել քո պատերի ներսում, այն պետք է հեղինակավոր այլ թանգարաններում էլ ներկայացնես…Թանգարան ունենալը որքան հետաքրքիր է, նույնքան էլ դժվար: Հայաստանի մշակույթի նախարարությունը եղել է մեր գործընկերը, որոշակիորեն օժանդակել է, օրինակ մի շրջան կոմունալ ծախսերն է ծածկել, շրջանակներ է պատվիրել Արմինեի եւ Հարություն Կալենցի գրաֆիկաների համար: Բայց մշակույթի նախարարությունն ինքն էլ է գտնվում ծանր վիճակում: Պետությունում պետք է ուղղակի ստեղծվի հնարավորություն եւ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան արվեստում ներդրումներ կատարել: Հայաստանում այդ մասով համապատասխան օրենքներ են բացակայում, ներդրումային ֆոնդ չկա… Օրինակ, Կալենցներն ունեին տուն-արվեստանոց, որը վերակառուցվեց, դարձավ թանգարան, մինչդեռ մյուս արվեստագետների ժառանգներն ապրում են բնակարաններում, նկարներն ուղղակի շարված են իրար վրա, իսկ թանգարանի նոր շենք կառուցելը հսկայական ծախսերի խնդիր է»:

Եվրոպական արվեստի ներկապնակը

Եվրոպական մասնավոր ցուցասրահներից շատերն իրենց հավաքածուներով ու այցելուների թվով երբեմն չեն զիջում խոշոր թանգարաններին: Ճանաչված արվեստաբան Լորա Քամինգը վերջերս առանձնացրել էր դրանցից մի քանիսը:

Օրինակ, Փարիզում գտնվող Fondation Cartier մասնավոր պատկերասրահը 1994 թ. ստեղծել է Ժան Նուվելը: Այստեղ ամփոփված են արվեստի բացառիկ նմուշներ, որ հավաքել է ոսկերչական-ժամագործական մի ընկերություն: Fondation Cartier-ում պարբերաբար ցուցադրվում են պերֆորմանսներ, ֆիլմեր, ներկայացվում ուլտրաժամանակակից նկարիչներ: Fondation Cartier-ը այցելուների պակաս երբեք չի ունենում:

Վենետիկում տեղակայված է Punta della Dogana-ն: Այստեղ ամփոփված է միլիարդատեր Ֆրանսուա Պինոյի` ֆրանսիական ժամանակակից արվեստի հավաքածուն: Ճապոնացի ստեղծարար ճարտարապետ Տադաո Անդոն այնպես է վերակառուցել ցուցասրահը, որ այն հարմար է այնպիսի արվեստագետների խոշոր ինստալյացիաների համար, որոնց թվում են Ռեյչլ Ուայթրիդը, Մաուրիցիո Կատելանը, Տակասի Մուրակամին եւ Կարլ Անդրեն:

Նիդերլանդական Թիլբուրգ քաղաքում` նախկին տեսքտիլ ֆաբրիկայի տարածքում է գտնվում De Pont Museum of Contemporary Art-ը: Այս բացառիկ մասնավոր թանգարանը կրում է իր հիմնադրի` դատավոր եւ բիզնեսմեն Յան դե Պոնտի անունը: Նացիստական օկուպացիայի ժամանակ նա փորձում էր ամեն գնով պաշտպանել իր հաճախորդներին, սակայն ի վերջո ինքն էլ բանտարկվեց: Բանտից դուրս գալուց հետո նա սկսեց զբաղվել պատերազմի զոհերի իրավունքներով ու իր հարազատ քաղաքի տեքստիլ ֆաբրիկաների ճակատագրով: Հենց այստեղ էլ Յան դե Պոնտը ժամանակակից արվեստի ֆոնդ է հիմնադրում, որը սկսվում է Բիլ Վիոլլայի եւ Գերհարդ Ռիխտերի աշխատանքներից: Այժմ հավաքածուն ներառում է մեր օրերի այնպիսի հանրահայտ նկարիչների գործեր, որոնց թվում են` Սոֆի Կալը, Ռիչարդ Լոնգը եւ ուրիշներ:

Շվեյցարական Բազել քաղաքի հպարտությունն է Fondation Beyeler-ը: Էրնստ Բեյելերը աշխարհի խոշորագույն արտդիլլերներց էր: Նա գնում էր Պիկասոյի, Դեգայի ու մյուսների գործերը ու ռեկորդային գներ ունեցող արվեստի գործերով լցնում իր մասնավոր պատկերասրահները: 1970-ին նա դարձավ Art Basel-ի համահիմնադիրը, իսկ 1997-ին բացեց սեփական թանգարանը:

Կատալոնացի գործարար Ֆրանսիսկո Գոդիան, որ հետագայում դարձավ տիրապետող կլաններից մեկի գլուխը, ստեղծել է Fundacinón Francisco Godi-ն: Նրա հավաքածուում 17-20-րդ դարերի անվանի նկարիչների, այդ թվում Պիկասոյի, Միրոյի, Տապիեսի ստեղծագործություններն են: Բոլոր այդ գործերը, ինչպես նաեւ միջնադարյան բացառիկ քանդակներն ու դիմանկարները ցուցադրվում են Բարսելոնայի ամենավարկանիշային` Էշամպլե թաղամասում գտնվող ամրոցում:

Բոլոր այս մասնավոր ցուցասրահներ կարելի է այցելել սիմվոլիկ գումար վճարելով, քանի որ տոմսն արժե 6-15 եվրո, մինչդեռ գեղագիտական հաճույքը անչափելի է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031