Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ այստեղ աշխատելու». ԱԺ-ի նախկին պատգամավոր-փորձագետները խորհուրդներ կտան պատգամավորներին

Հունիս 13,2017 11:50

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումն էր ԱԺ-ում:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ խորհուրդը ստեղծվելու է 5 տարի ժամկետով՝ մինչեւ հաջորդ գումարման ԱԺ: Խորհուրդը ունենալու է հիմնական անդամներ, նաեւ լինելու են հրավիրյալներ:

Հարցին, թե այս խորհրդի ստեղծման նպատակը ո՞րն է՝ պարոն Աշոտյանը պատասխանեց, որ տարբեր աշխարհաքաղաքական հայացքների կողմնակիցներն են խորհրդի անդամները, բայց հիմնական նպատակն է լինելու ակադեմիական փորձագիտական հանրույթից ստանալ տեղեկություններ, որոնք կարող են կիրառվել: Արմեն Աշոտյանը նշեց, որ նախաձեռնությունը ազնիվ է, նեղ էգոիստական խորհրդարանական շահեր կան՝ էլ ավելի լավ աշխատելու եւ ձեր աշխատանքի արդյունքը ավելի հասանելի դարձնել, պատգամավորների տեղեկատվության մակարդակը բարձրացնել. «Մենք ուզում ենք մտցնել պատգամավորի պատասխանատվության ինստիտուտ, ոչ թե բոլորը խուսափեն պատասխանատվությունից եւ պատասխան տան միայն այս կամ այն պատվիրակության ղեկավարը»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե փորձագետները մտածեն, որ այս ամենը ձեւական է արվում, զուտ այն բանի համար, որ լրագրողները նկարեն, ռեպորտաժ սարքեն՝ արդյունք չի լինի, շատ քննարկումներ պետք է կազմակերպվեն off the record՝ ոչ հրապարակման համար:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարեւոր է, այն շատ ավելի ճկուն է, քան արտգործնախարարության դիվանագիտությունը. «Պարզ է, որ այս խորհուրդը ինչ որոշի, զուտ խորհրդապահական նշանակություն է ունենալու: համաձայն եմ, որ ոչ հրապարակման համար ավելի շատ քննարկումներ պետք է անենք»:

Դավիթ Շահնազարյանը հույս հայտնեց, որ այն, ինչ վերջին տարիներին նկատել է, որ հաճախ տարբեր միջազգային ատյաններում ԱԺ պատգամավորները այդ ատյանները օգտագործում են՝ զուտ ներքաղաքական նեղ կուսակցական շահերի համար, այդ պահվածքը պետք է վերանա. «Ինչո՞ւ անալիտիկ խորհուրդ եւ ոչ թե վերլուծական, ի վերջո վերլուծականը շատ գեղեցիկ եւ հայերեն բառ է»,- հարցրեց նա:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ անվան հետ կապված ինքն էլ է մտածում, պատրաստ է փոխել անունը:

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը միանգամից հայտարարեց՝ «Ես պատրաստ եմ այստեղ աշխատելու: Չեմ մտածում, որ վաղը պիտի արթնանանք եւ տեսնենք, որ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը կտրուկ բարձրացել է: Դրա համար պետք է տեւական աշխատանք»:

Ըստ Թորոսյանի, որոշումների ընդունման ժամանակ մասնագետների կարծիքը հաշվի առնելը պարտադիր է: Նա նշեց, որ կապ չունի, թե խորհրդի կազմում քանի հոգի կմնա, տունը աղյուս առ աղյուս է կառուցվում, ճիշտ է ցեխի ու բետոնի հետ գործ ունես, բայց ի վերջո տուն ես կառուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930