Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետներն ահազանգում են` Հայաստանում 3-րդ աստիճանի 420 վթարավտանգ շենք կա եւ 26 շենք` 4-րդ աստիճանի

Հունիս 13,2017 14:02

Հունիսի 13-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանի, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի ասուլիսը:

Նրանք խոսեցին շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին վարչապետի հանձնարարականից:

«Հարցը նոր չէ, բազմիցս բարձրացվել է եւ թողնվել բախտի քմահաճույքին: Միշտ էլ ասվել է, որ թամանյանական ոճի շենքերի վրա նման մոտեցում չի կարելի ցուցաբերել, տեսնում եք, թե ինչ դեֆորմացիայի են ենթարկվում դրանք: Տանիքների վրա ավելորդ ծանր բեռ դնելը վտանգում է բոլոր բնակիչների կյանքը: Հարցը քննարկվել է, արգելվել, բայց էլի ինչ-ինչ ճանապարհներով բացթողումներ են եղել եւ այժմ հասել ահռելի չափերի: Մեր քաղաքը լանդշաֆտի վրա է, եւ դու ակամայից տեսնում ես բոլոր տանիքները, դրանց վիճակն անմիջապես երեւում է: Տանիքները աղավաղված են սեփականատերերի քմահաճույքներով, պետությունն էլ ասում է ` դե մարդկանց տունը ո՞նց ավերենք: Էլ չեմ ասում, որ 9, 12 հարկանի շենքների գլխին արված են այնպիսի բաներ, որ աշխարհում միայն մենք ենք անում: Հետեւաբար վարչապետի մտահոգությունը տեղին է: Խնդիրը պետք է կարգավորվի, ընդ որում՝ ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ հանրապետության տարածքում»,-կարծում է Մկրտիչ Մինասյանը:

Նա փաստում է, որ նման հարցերը Քաղաքաշինության մասին օրենքով կարգավորված են, բայց թաղապետարանները, գործադիր մարմինների ներկայացուցիչները հաճախ աչքաթող են անում օրենքը:

Ալեքսանդր Մովսիսյանն էլ հիշում է, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից էր հարցը բարձրացված: Նա էլ գտնում է, որ տանիքները պետք է միատեսակ լինեն. «Պետք է տանիքները նույն գունային գամմայի մեջ բերենք, օրինակ, Երեւանում մի շատ սիրուն շենք էր կառուցվում Հոկտեմբերյանի նարնջագույն տուֆով, սակայն տանիքը ցինկից էր եւ անճաշակ»: Նա հավելում է, որ եթե համապատասխան կարգը հաստատվի կառավարության կողմից, հատուկ կարգավորման գոտիները` 12 քաղաք եւ Երեւանը պետք է նույն կարգին հետեւեն տանիքների առումով: «Շատ լուրջ է հատկապես մանսարդների խնդիրը, ճիշտ է, այն օրենսդրությունը կարգավորում է, բայց մարդը համապատասխան կառույցից տեղեկանք է բերում, թե իբր շենքը նորմալ վիճակում է: Հետևաբար` տեխնիկական եզրակացության մեջ պետք է լրացուցիչ տողեր ավելացնել…»,-ասում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատուն:

Նրա խոսքով, այսօր շենքերի բնակիչներից յուրաքանչյուրը մի գույնի պատուհան է դնում, ու արդյունքում շենքի ֆասադն աղավաղվում է. «Պատուհանների փոխելը շինարարական թույլտվություն չպահանջող պրոցես է, մինչդեռ դրանք եւս պետք է սահմանված կարգով արվեն: Բոլոր պատուհանները պետք է միանման լինեն»:

Նրա ձեւակերպմամբ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը. «Օրինակ, Գերմանիայում դու քո պատուհանին միայն գեղեցիկ ծաղիկներ պետք է դնես, նույնն էլ բաց պատշգամբում: Ո՞վ է մտածում ֆասադին ձեռք տալ: Բազմաբնակարան շենքը մեկ բնակյչի տունը չէ, բնակիչը իրավունք չունի ինքնուրույն գործել»:

Մասնագետները նաեւ SOS հնչեցրին` Հայաստանում երրորդ աստիճանի 420 վթարավտանգ շենք կա, 26 շենք էլ՝ 4-րդ աստիճանի: Վերջիններս ուժեղացնել հնարավոր չէ, դրանք քանդման ենթակա են, քանի որ 5-6 բալ երկրաշարժի դեպքում կարող են փլվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չեմ յիշեր որ տարին էր,բայց շատ լաւ կը յիշեմ թէ ինչպէս Իտալիոյ կառավարութիւնը հրաւիրեց իր քաղաքացիները որ սահմանուած ժամու մը հեռատեսիլի ազգային ալիքը բանան և տեսնեն թէ ինչպէս Սիկիլիոյ գեղատեսիլ ծովափի մը վրայ կառուցուած ապօրինի զբօսաշրջիկային ընդարձակ աւան մը բարձրայարկ շէնքերու հողի հաւասարեցուց ակնդարդի մը մէջ,և սա եղաւ ազդանշանը այլ նման ապօրինի կառոյցներու ճակատագիրը ;
    Մեր մօտ եթէ անկեղծ փափաք ըլլայ օրէնքը յարգելու,ինչու՞ նոյնը պիտի չկարենանք ընել;
    To be or not to be մենք միշտ այս երկընտրանքի առջեւ գտնուած երկիր ենք ; Կրնանք տարիներով վիճել բայց ոչինչ կրնանք փոխել;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930