Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներին խոշտանգածները կբացահայտվե՞ն. «Մատաղիսի գործով» Արայիկ Զալյանի բողոքը բավարարվել է (Տեսանյութ)

Հունիս 13,2017 16:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց «Մատաղիսի գործով» Արայիկ Զալյանի բողոքը: Այն ներկայացվել էր դեռեւս 2006 թ.-ին:

Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը «Մատաղիսի» երկու սպանված զինծառայողների հայտնի գործով ցմահ ազատազրկված, ապա՝ 2012թ. արդարացված երեք զինծառայողներից է, որն այժմ փաստաբան է: Նա, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ 2005 թ.-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որը մերժել է այդ առթիվ քրեական գործ հարուցել:

«Քննչական խումբը ծեծի, բռնությունների միջոցով մեզանից փորձել էր ցուցմունքներ կորզել չկատարված հանցագործության մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Զալյանը:

Նա հիշեցրեց, որ դատախազության՝ քրեական գործ չհարուցելու մասին որոշման դեմ ներկայացված 2006 թ.-ի բողոքը մերժել էին ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թ. մարտի 19-ի վճռից հետո, որով ՄԻԵԴ-ը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումը, 2016 թ. սեպտեմբերի 13-ին Արայիկ Զալյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու հարցով:

Վճռաբեկ դատարանն էլ 2017 թ. ապրիլի 12-ի որոշմամբ բեկանել էր բողոքը մերժելու՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումներն ու գործը Արայիկ Զալյանի մասով ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն այսօր կայացրած որոշմամբ Արայիկ Զալյանի բողոքը ճանաչեց հիմնավոր եւ որոշեց դատախազությանը պարտավորեցնել՝ վերացնել Արայիկ Զալյանի իրավունքների խախտումը:

«Պահանջն էր՝ գործը ուղարկել վերաքննության: Խոսքը «Մատաղիսի» գործով մեղադրյալների հանդեպ խոշտանգումներ կիրառածներին բացահայտելու քննության մասին է»,-հստակեցրեց Արայիկ Զալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930