Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Զալյան. «Կյանքը, ըստ էության, պայքար է»

Դեկտեմբեր 20,2012 00:44 Share

«Մատաղիսի» հայտնի գործով սկզբում 15 տարվա, ապա ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված երեք երիտասարդներից Արայիկ Զալյանի  ուղեղում իրավապաշտպան դառնալու միտքը տարիներ առաջ բանտախցում է հղացել:

Մինչ բանակ գնալը մտածում էր վերադառնալուն պես համապատասխան կրթություն կստանա և գործարարությամբ կզբաղի:

Սակայն բանակում ծառայած 11 ամիսները 18-ամյա երիտասարդի համար ընդհատվեցին բանտախցերում ու տարբեր դատական ատյաններում իր անմեղությունը ապացուցելով:  «Տարիներ առաջ զինվորական ծառայությունն ընդհատվեց ու փոխարինվեց կալանքով: Անազատության երկար ու ձիգ տարիների ընթացքում շատ եմ հանդիպել նույն կարգավիճակով այլ երիտասարդների՝ նախկին զինծառայողների, ովքեր նույնպես անօրինական ձևով դատապարտվել էին բանակում կատարված տարբեր հանցագործությունների համար: Կային մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար, բայց շատ էին նաև նրանք, ովքեր երկար պայքարից հետո հիասթափվել էին ու հաշտվել ճակատագրի հետ: Իմ ընտրությունը պայքարն էր՝ ամեն գնով հասնելու արդարադատության: Իրավապաշտպան – իրավաբան դառնալու միտքը ծնվեց ինքնաբերաբար: Սկսեցի ուսումնասիրել օրենսգրքերը: Առաջին գիրքը, որ կարդացել եմ անազատության մեջ, Սահմանադրությունն է»,-Aravot.am –ի հետ զրույցում պատմում է Արայիկ Զալյանը, ով արդեն 4 տարի աշխատում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում` որպես իրավաբան:

Վերհիշելով անցյալը` Արայիկ Զալյանը նշում է, որ «Մատաղիսի» գործը յուրահատուկ փորձ է, որը ստիպում է կյանքին այլ անկյունից  նայել:  «Կյանքը, ըստ էության, պայքար է … իմ դեպքում դա քիչ ավելի դժվար էր: Դժվար էր ապացուցել, որ «մածունը սպիտակ է»: Հարկավոր է գիտակցել, որ ցանկացած մարդ կարող էր հայտնվել նույն իրավիճակում, ցանկացածի կարող էր առաջադվել նմանատիպ մեղադրանք»,-ասում է Արայիկ Զալյանը:

Շուրջ երեք տարի հանրապետության ամենատարբեր քրեակատարողական հիմնարկներում սահմանափակ տարածության ու սահմանափակ թվով մարդկանց հետ ապրած օրերն ու դրանց հաջորդող արդեն  վեց տարվա  դատական քաշքշուկները Արայիկ Զալյանը տխրությամբ է հիշում:

Թեեւ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, ծեծը, անազատության շունչը զգալը, իսկ հետագայում նաեւ անորոշության զգացողությունը սեփական ապագայի հանդեպ, երբ անգամ չես կարող լքել հայրենիքդ` ուսման մեջ կատարելագործվելու եւ զարգանալու համար, իրենց խոր հետքն են թողել արդարության համար պայքարի ելած երիտասարդի կյանքում, այնուամենայնիվ, նա չի վհատվել: «Անկախ թե որ դատարանն է գործը քննել, միշտ հույս եմ ունեցել, որ կգան ու արդարացման վճիռ կհրապարակեն: Երբ դու ինչ-որ բան չես արել, ցանկացած պարագայում սպասում և ակնկալում ես արդարադատություն»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31