Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին հարցրեց Հաց բերողի, Լոռիում սպանությունների եւ ոստիկաններին չդատելու մասին (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 18:20

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր 2016-ի տարեկան գործունեության հաղորդումը Աժ-ում ներկայացնելիս խոսեց ՊՊԾ գնդի գրավման դեպքերի մասին:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց՝ որեւէ գնահատական չտվեցիք այդ դեպքերի ժամանակ 27 լրագրողների եւ օպերատորների նկատմամբ բռնություններին, ծեծ ու ջարդին: Տեխնիկա է ոչնչացվել նաեւ եւ այդ մասը բաց թողնվեց, ունե՞նք մեղադրյալներ, կալանավորվա՞ծ են:

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ այո, իր խոսքում զանգվածային անկարգությունների դեպքերին չի անդրադարձել. «Ունեցանք հարուցված քրգործեր, որոնք վերաբերում էին լրագրողների կամ խաղաղ բնույթի հանրահավաքներին մասնակցած անձանց նկատմամբ բռնության դեպքերին: Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին 8 անձինք դատի են տրվել՝ կալանավորմամբ, 4-ի նկատմամբ վճիռ է կայացվել ազատազրկել»:

Էդմոն Մարուքյանը արձագանքեց՝ այդ 8 անձանց մեջ կա՞ ոստիկան, որը դատի է տրվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու համար: Դատախազը հաստատեց՝ 8-ը դատի են տրվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու, բայց 8-ն էլ եղել են քաղաքացիական ծառայողներ: Գլխավոր դատախազը հուսադրեց՝ ոստիկանների գործերը առջեւում է, պարտադիր գնահատական կտրվի համապատասխան անձանց արարքներին:

Արթուր Դավթյանն իր խոսքում ասել էր, որ կալանքների վերաբերյալ ՀՀ-ում կա թյուր կարծիք, թե շատ է կիրառվում՝ որպես խափանման միջոց:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ գլխավոր դատախազությունում խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն է նաեւ այդ հարցը բարձրացրել ու եթե այդ կարծիքը թյուր է, ինչու է նաեւ այդ մակարդակով հարցը բարձրացվում:

Գլխավոր դատախազն ասաց, որ կալանքը մասսայաբար չեն կիրառում, յուրաքանչյուր դեպք առանձին քննվում է, պարզապես կալանքը փոխելու միջնորդություններն են ոչ պատշաճ ներկայացվում:

Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ սպանությունների հետ կապված Լոռու մարզում 400 տոկոս աճ է գրանցվել, ինչո՞ւ է այդպիսի աճ գրանցվել, ի՞նչ է եղել: Լոռիի աննախադեպ սպանությունների թվի աճի հետ կապված դատախազն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարվում, որ պարզեն՝ կրկնակի հանցագործությունների հետ է կապված, թե՞ ինչի:

Էդմոն Մարուքյանը նաեւ Հաց բերողի կալանավորման հետ կապված հարց ուղղեց: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ «Հաց բերողին կալանքի տակ պահելու հիմքերը բացարձակ առկա էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31