Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան Ադրբեջանին կթու կով է դարձրել». «168 ժամ»

Հուլիս 13,2017 11:50

Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը վկայում է, որ այդ հանդիպումը բավականին անարդյունավետ է եղել։ Մինչ այս Նալբանդյանը ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քանի դեռ չեն կատարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը։ Մամեդյարովն իր հերթին՝ հայտարարել էր, որ խնդրի լուծումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Այսինքն՝ կողմերը հաստատակամ էին իրենց մոտեցումներում։ Բրյուսելում նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ՄԽ համանախագահների առաջարկը՝ այս տարվա ընթացքում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին, իսկ Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը ծրագրվել է սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

– ՀՀ-ում որոշ վերլուծականներ գտնում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ի դերակատարումը վաղուց անցել է համակարգման ու մենթորության սահմանը, և Մոսկվան կոշտ ձևով իր կամքն է թելադրում կողմերին՝ անհրաժեշտ պահին համապատասխան քայլեր անելով։

– Մոսկվան չի ցանկանում, որ այդտեղ հակամարտությունը կրկին բռնկվի ու թեժանա։ Մոսկվան հասկացրեց Ադրբեջանին, որ 2016 թ. ապրիլյան սինդրոմն այլևս չի կրկնվի։ Եթե մենք ապրիլյան պատերազմի ժամանակ հանդես էինք գալիս միայն խաղաղարարների դերում, ապա այժմ Մոսկվան Ադրբեջանին հասկացնում է, որ միանշանակ կաջակցի Հայաստանին։ Այստեղից էլ Բաքվի սինդրոմն է, Ադրբեջանը նյարդայնանում է։ Թուրքիան նրանց միակ դաշնակիցն է, որի վրա կարելի է հենվել, բայց թուրքերն իրենք են պայքարում տարածքային ամբողջականության համար, այնտեղ քրդական հարցը կա, և Մոսկվայի հետ հարաբերությունները ոչ մի դեպքում չի կարելի փչացնել։

Ադրբեջանը մնում է մենակ, նրան ոչ ոք չի աջակցում։ Ամերիկացիները ևս առանձնապես հետաքրքրություն չեն դրսևորում։ Եվ ադրբեջանցիները փորձում են շփման գծում լարվածությունների միջոցով ուշադրություն գրավել։

Բայց այդ ուշադրությունը կարող է արտահայտվել նրանց համար անցանկալի ձևով՝ Մինսկի խումբը մի օր չի հանդուրժի և հանդես կգա նախաձեռնությամբ, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոր բանաձև ընդունի, որով, այսպես ասած, կիրականացվի խաղաղություն պարտագրելու քաղաքականություն։ Իսկ դա Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ, քանի որ ցանկացած պարագայում նա կորցնում է Ղարաբաղը։

– Բայց, միաժամանակ, Մոսկվան շարունակում է սպառազինության մատակարարումը Բաքու և, նախքան Բրյուսելյան հանդիպումը, ՌԴ-ն Ադրբեջան է ուղարկել «Սոլնցեպյոկ» կայանի համար նախատեսված հրթիռներ։ Այսինքն, ըստ էության, ռուսական քարտ-բլանշի շնորհիվ է Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծում Արցախում։

– Ոչ, դա ճիշտ չէ։ Եկեք այլ կերպ դատենք՝ Մոսկվան շատ պարզ է գործում, նա վերցնում է այդ փողերը Բաքվից։ Ադրբեջանը նավթային երկիր է, և Մոսկվան այն կթու կով է դարձրել։ Ադրբեջանը կթու կով է դարձրել նաև Արևմուտքը, որը փորձում է այդ ռեսուրսները ձեռք բերել։ Կթու կով է դարձրել ռազմաարդյունաբերական համալիրը, որ, եթե փող ունես՝ վճարիր։ Հայաստանին Ռուսաստանը զենք է մատակարարում բոլորովին այլ գներով, և այլն, ընդ որում՝ մատակարարում է այնպիսի զինատեսակներ, որ տարածաշրջանում բալանսը պահպանվի։ Այս իրավիճակում կա որոշակի ցինիզմ, բայց այդ ցինիզմն առավել ստորացուցիչ է Ադրբեջանի համար։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31