Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը

Հուլիս 19,2017 10:44

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, պետական, հասարակական գործիչներ, լրագրողներ:

«Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայ առաքելական եկեղեցուն՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կազմակերպելու և իրականացնելու և լուսաբանելու համար: Սփյուռքի նախարարը մրցանակները հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մրցանակակիրներին և մասնավորապես նշեց. «Այսօր առանձնակի հուզմունքով եմ հանձնում այս մրցանակը, որը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը ևս մեկ անգամ վերհիշելու, Պապի ու սրբավայր Հայաստանի մասին մտորելու, խորհելու տեղիք տվեց: Հիրավի, Պապի ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր մեծագույն իրադարձություն էր: Երեք օր շարունակ աշխարհը պտտվեց Հայաստանի շուրջ, բոլոր աղոթքները ուղղվեցին Նոյի երկիր, և Պապը Աստծո հետ խոսեց դրախտային երկրից, որն անվանեց հոգու լուսաշող կենտրոն: Հայկականության, հայի ինքնության ու լինելիության խորը ճանաչողությամբ՝ Պապն աշխարհին պատմեց արմենիզիմի մասին, ասել է թե՝ խոսեց հայի եզակի տեսակի մասին՝ ի տես ամբողջ աշխարհի, ոչ միայն կաթոլիկների եւ առհասարակ քրիստոնյաների, այլև ողջ մարդկության առջև»: Նախարարն ընդգծեց, որ Պապի այցը լայնորեն լուսաբանվել է և’ Հայաստանում, և’ Սփյուռքում, և’ միջազգային մամուլում՝ աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնելով մեր երկիրն ու հայ ժողովրդին:

«Ուրախ եմ, որ «Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել հենց այս կարևորագույն, պատմական իրադարձությունը, որի ականատեսները եղանք մենք, և որը դեռ երկար ժամանակ հպարտությամբ ու հուզմունքով     կվերհիշենք»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում Հրանուշ Հակոբյանը «ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը Հայաստանի և Սփյուռքի հանրությանը լավագույնս ներկայացնելու համար» Սփյուռքի նախարարության հատուկ մրցանակը հանձնեց Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժնին: Մրցանակը փոխանցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին՝ նախարարը նշեց. «Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժինը լավագույնս իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությանն ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Կամուրջ», «Հայկական գազօջախներ», «Սփյուռքի ձայնը», «Հայրենադարձություն», «Պատմական հայրենիք», «Գերդաստաններ» և «Հայկական հետք» հաղորդաշարերը: Հանրային ռադիոն փայլուն կերպով է իրականացնում իր գործառույթները՝ անդրադառնալով հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներին, կատարելով կրթական, մշակութային, տեղեկատվական լայնածավալ աշխատանք: Այս առումով ինչպես Սփյուռքի նախարարության, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու համար Հանրային ռադիոն անփոխարինելի բարեկամ է»:

Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության կամուրջն ավելի է ամրանում, երբ այդ գործակցությունը լուսաբանվում է համակողմանիորեն՝ ներկայացնելով Հայրենիքը Սփյուռքին և Սփյուռքը՝ Հայրենիքին: «Ու առավել հաճելի է, երբ Հայաստանի և Սփյուռքի մասին հաղորդումները սփռվում են աշխարհով, արդեն ծանոթ ձայները պատմում են օր օրի սերտացող կապերի, հայրենադարձների, հայկական համայնքների ու հայտնի հայերի մասին: Այսպիսով՝ Հայրենիքում ավելի բարձր է հնչում Սփյուռքի ձայնը, իսկ Սփյուռքում՝ հայրենի երկրի կանչը: Հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժինը՝ Ռուզան Առաքելյանի ղեկավարությամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում շարունակում է մեծ դերակատարություն ունենալ: Հուսով եմ՝ Հանրային ռադիոյի հետ մեր բազմամյա բարեկամությունը դեռ երկար կշարունակվի: Սրտանց շնորհավորում եմ»,-եզրափակեց իր խոսքը նախարարը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31