Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ խորհրդային տարիներին ՀՀ-ում մեկ պետական լեզու է եղել` հայերենը

Հուլիս 19,2017 13:47

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ռուսերենը ՀՀ-ում երկրորդ պետական լեզու դարձնելը տեւական գործընթաց է:

Հիշեցնենք, վերջերս, ՌԴ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայկական վարորդական իրավունքներով ՌԴ-ում երթեւեկելու թույլտվության խնդրանքին ի պատասխան՝ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել էր`այդ դեպքում ՀՀ-ում ռուսերենը պետք է դառնա երկրորդ պետական լեզու:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանը հիշեց, որ թե օտարալեզու դպրոցների վերաբացման օրերին, թե դրանից առաջ ռուս պաշտոնյաների կողմից նման հարցադրումներ եղել են: «Սա Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներից մեկն է, մասնավորաբար, ԱՊՀ տարածքում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Լեզուն կարեւոր գործիք է: 2007-ին ամենաբարձր մակարդակով ՀՀ իշխանավորներին նման հարցադրում եղել է եւ ՀՀ իշխանությունը կտրուկ հակադարձել է դրան: Նման հարցադրումներ եղան 2010-ին, երբ քննարկվում էր օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը: Հիմա էլ զոնդաժի հերթական փորձն է`հասկանալու համար հասարակության վերաբերմունքը այդ խնդրին: Ես ուրախ եմ, որ հասարակությունը կտրուկ եւ հստակ է հակադարձում: Սա ցույց է տալիս`այս հարցում զիջումներն անթույլատրելի են: Գաղափարական տարբեր թիմերում եւ կողմնորոշումներով մարդիկ այս հարցում համակարծիք են: Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը»,- ասաց նա:

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է տարբերակել արեւմտամետ կամ ռուսամետ մոտեցումը մեր լեզվի եւ ինքնիշխանության խնդիրներից: «Կան ծայրահեղականներ, որոնք կարծում են, որ հայկական պետություն չպետք է լինի, պետք է լինի հայկական շրջան` ռուսական պետության կազմում: Բայց դրանք փոքրամասնություն են, որին պետք է արհամարհել: Վերաբերմունքը մեր լեզվի հանդեպ մեր հասարակության հիմնարար սկզբունքներից է, որը միավորում է: Ճնշող մեծամասնության համար հայերենի կարգավիճակի փոփոխությունն անընդունելի է»,- վստահ է բնախոսը:

Իսկ այն մարդկանց, ովքեր գտնում են, որ ռուսերենի պաշտոնական կարգավիճակը հավելյալ դրական ազդեցություն կարող է տալ, նա ասում է, որ հնարավորություն ունեն բացարձակ հարմարավետ բնակություն հաստատել ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում եւ այլ երկրներում, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի եւ վայելել դա: «ՀՀ-ում նույնիսկ սովետական ժամանակներում` 70-ականների վերջից եղել է եւ լինելու է մեկ պետական լեզու: Դա հայերենն է»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Քննարկման մասնակից, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն անգամ շնորհակալ է Վյաչեսլավ Վոլոդինից, քանի որ այս ամենն առիթ է, որ մենք չլինենք ոչ հետեւողական: Նա, ի դեպ, նկատեց, ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ Վյաչեսլավ Վոլոդինի հայաստանցի պաշտոնակցի անունը սխալ հոլովով օգտագործվեց, ինչը ցույց է տալիս ռուսերենի իմացության մակարդակը հենց ՌԴ-ում:

Ինչեւէ, Սամվել Կարաբեկյանին չի հետաքրքրում ՌԴ-ի քաղաքականությունը եւ Վոլոդինի տեսակետը. նորմալ է նայում նրան, որ փորձում են տարբեր գործիքներ կիրառել` իրենց ազդեցության համար. «Դա իրենց գործն է»:

Իրեն զարմացնում է հայկական կողմի արձագանքները: Դրանք համարում է անատամ` «օրակարգում կա, չկա ու համարվում է հակահարված տալ, ըմբոստանալ…»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի օրակարգում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու հարց չկա եւ առաջիկայում էլ չի լինելու, ասել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Սամվել Կարաբեկյանի մոտ ակամա կասկած է առաջանում`արդյոք սա հասարակության աչքին թոզ փչելու հերթական փորձը չէ՞: Նա նաեւ կարծում է, որ մեր հասարակությունը բավական կրավորական կեցվածք ունի նման նուրբ եւ զգայուն հարցերի նկատմամբ, ուստի, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կարեւորում է նաեւ իշխանության մոտեցումը, քանզի հասարակության մեծամասնությունն օտարված է այս կամ այն հարցի շուրջ իր կարծիքը լեգալ տարբերակներով ներկայացնելուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31