Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամի օբյեկտը կառավարությունը կազատի վարկային տոկոսներից

Օգոստոս 01,2017 17:23

Կառավարությունը մտադիր է «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ-ին վարկի տոկոսների մարման պարտավորությունից ազատել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգից:

Որոշման նախագծով նախատեսվում է «Վանաձորի բաղնի­քային տնտեսությանը» վարկային պայմանագրով տրամադրված 361,332 դոլար վարկի գծով առկա 252,928 դոլար մնացորդի մարման ժամկետները հետաձգել` ազատելով տվյալ վարկի գծով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 31,875 դոլար տոկոսագումարի եւ հետագայում հաշվարկվելիք տոկոսների վճարման պարտավորությունից եւ ներելով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 4,727 դոլար տույժի եւ մինչեւ սույն որոշման ընդունման օրը հաշվարկվող տույժերի վճարումը»:

Նույն նախագծով ֆինանսների նախարարին հանձնարարվում է 10-օրյա ժամկետում կատարել փոփոխություններ նախարարության եւ ընկերու­թյան միջեւ կնքված Պայմանագրում՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված 252,928 դոլար վարկի մնացորդի մարման նպատակով ընկերությունը պարտավոր է պետական բյուջե վճարել 2017 թվականին ՝ 5,000 դոլարին համարժեք դրամ, 2018 թվականից մինչեւ 2020 թվականը ներառյալ յուրաքանչյուր տարի 10,000 դոլարին համարժեք դրամ, 2021 թվականից մինչեւ 2025 թվականը յուրաքանչյուր տարի 36,322 դոլարին համարժեք դրամ, իսկ 2026 թվականին 36,318 դոլարին համարժեք դրամ:

Ուշագրավ է այս որոշման հիմնավորումը, ըստ որի այս ընկերությանը արտոնություն է տրվում աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում: Ինչպես նաեւ նշված է՝ «Բաղնիքային ծառայությունների պահանջարկի նվազման արդյունքում տնտեսական ծանր իրավիճակում հայտնված ընկերության վարկի վերակառուցման միջոցով աջակցել տնտեսական գործունեությանը, պահպանել ստեղծված աշխատատեղերը, բարելավել ֆինանսական վիճակը ռւ ընկերության կողմից լրացուցիչ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով նպաստել ընկերության գործունեության շարունակականությանը»:

Կառավարությունն այս աջակցությամբ ակնկալում է, որ ընկերությունը լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրման արդյունքում Լոռու մարզում հյուրանոցային եւ սննդի սպասարկման ծառայությունների ստեղծմամբ՝ ընկերությունը հնարավորություն կստանա իր անշարժ գույքի մի մասն օգտագործելով վերակառուցել եւ ընդլայնել տնտեսական գործունեությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել ֆինանսական վիճակը եւ իրականացնել վարկի սպասարկումը:

Այս ընկերությանը կառավարությունը 2015-ին էլ ազատել է վարկի տոկոսների եւ տույժերի մարումից:

«Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրենը եւ սեփականատերը Վանաձորի ավագանու անդամ Սեյրան Աղաբեկյանն է, որը ՀՅԴ ցուցակով էր ներառվել ավագանիում:

Ի դեպ, այս ընկերության գործունեությունը Լոռու մարզի «կենցաղ–տնտեսական օբյեկտների ցանկում» նշված է որպես «սաունա»:

Սեյրան Աղաբեկյանի լուսանկարը՝ yerkir.am-ից

Aravot.am-ը պարոն Աղաբեկյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է կառավարությունն արդեն 2-րդ անգամ նման արտոնություն տալիս այդ սաունային, եւ արդյոք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ կապերի միջոցով է նման արտոնության հասել: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Սեյրան Աղաբեկյանը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավարը:

«Էդ ես չեմ եղել, եղբայրս է եղել, ինքը Բաղդասարյանի հետ բարեկամական կապ ունի, շտաբը ղեկավարել է: Դե գիտեք, Վանաձորը փոքր քաղաք է, բոլորն իրար ծանոթ են: Ես էլ անկուսակցական եմ, բայց համ Հանրապետականի հետ եմ լավ, համ էլ դաշնակցականների»:

Ինչ վերաբերում է կուսակցական կապերով վարկի տոկոսների մարումից ազատվելուն, Աղաբեկյանն ասաց, որ այդ վարկն իրենը չէ, դա ժամանակին պետությունն է վերցրել, հետո՝ 2007 թվականին ինքը ձեռք է բերել այդ օբյեկտը, հետն էլ վարկային պարտավորությունները. «Ես 2007 թվականից 280 հազար դոլար մենակ տոկոս եմ մարել, ես չեմ էլ տեսել էդ վարկը, ինձ չեն տվել, իրենք վերցրել շենքի ամրացման համար: Հետո որ առել եմ, էդ վարկի մարումն էլ ինձ էլ պարտավորեցրել: Սա սաունա չի, հասարակական բաղնիք էր, էսօր ոչ մի բանի պետք չի արդեն, վերապրոֆիլավորվելա, 100 միլիոն դրամ ներդրում է արվել, բաղնիքը փոխարինվել է հասարակական սպասարկման օբյեկտի, բայց էլի չի արդարացնում: Հիմա էլ արենդայով էդ շենքից տարածքներ եմ տալիսի, բայց ոչ վարձ են տալիս, ոչ բան: Ես դիմել եմ կառավարություն, որ անելանելի վիճակում եմ: Ես էդ վարկն ավելի նպատակային կօգտագործերի, իրենք վերցրել են՝ պարտավորությունը թողել իմ վրա»:

Մեր այն դիտարկմանը, որ եթե ֆինանսական խնդիրներ ունեն, ապա ինչպե՞ս ֆինանսների նախարարությունը նախագծով վստահեցնում, թե՝ այս ընկերությունը աշխատատեղեր ՝ բացելու, նոր ներդրումներ անելու, պարոն Աղաբեկյանն ասաց, առողջացման ծրագիր է ներկայացրել, եւ մտադիր է հյուրանոցի վերածել բաղնիքային տնտեսությունը. «Պիտի որ իրեն արդարացնի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031