Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են հուշում թուրքական սերիալները. «Ճամփորդ»

Օգոստոս 08,2017 11:48

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր ու ներկայանալի է դառնում։ Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին։ Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում։ Օրինակ, «Հրաշալի դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն։ Կմտածեք պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում։ Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով։ Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել։ Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել։

Սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս։ Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված։

Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր սերիալային չոքեչոք հայերենի։

Փողոցները փայլում են, ծովը շողում է։ Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով, փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ։ Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել։ Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր։

Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը։ Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին։

Գրեթե բոլոր առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն։ Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են։ Վերջ, հարցը լուծված է։ Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է։ Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել։

Սյունե ՍԵՎԱԴԱ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ճամփորդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Եվ ինչ եք առաջարկում՞

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031