Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ավելի լավ է զենք գնի մեր ռազմավարական գործընկերներից». Իսագուլյան

Օգոստոս 25,2017 16:55

«Ես խնդրում եմ մոռանալ զիջում բառը, քանի որ Հայաստանը երբեք չի գնալու որեւէ կարգի լուծման, որը չբխի բացառապես հայկական կողմի շահերից, կամ Արցախի որոշումը չլինի։ Սրա մասին ՀՀ նախագահը բազմիցս ասել է, ու չեմ կարծում, որ այդ հայտարարությունների նկատմամբ այդքան կրքոտ պետք է լինել կամ վտանգ տեսնել դրանց մեջ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա խոսեց Արցախում տնտեսական աննախադեպ աճի մասին՝ 14.9 տոկոս աճ է գրանցվել այս տարվա 6 ամիսներին. «Ես չեմ զարմանա, որ 2020-ին արդեն Արցախը ոչ միայն ինքնաբավությամբ ապահովի միայն Արցախը, այլ Հայաստանին կարողանա շատ ապրանքներ մատակարարել: Ես խոսել եմ Արցախի Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ, մեզ համար հետաքրքիր էր, թե ինչով կարող էր այս զարգացման տեմպերը պայմանավորված լինել: Շատ բաներ պայմանավորված էր Հայաստանի իշխանությունների բարի կամքից եւ դրա մասին շատ հստակ ասում էր նաեւ Արցախի Հանրապետության նախագահը»: Նա նշեց, որ որեւէ խնդիր չի եղել Արցախի, որ ՀՀ-ի ղեկավարի կողմից առաջնակարգ լուծում չտրվեր:

Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ ասաց, որ Ադրբեջանը հնարավորություն ուներ եւ կարող էր զենք գնել ցանկացած մեկից. «Իսրայելից գնած զենքի քանակը չի զիջում ՌԴ-ից զենքի գնման քանակին, մոտ 5 մլրդ դոլարի զենք Ադրբեջանը գնել է Իսրայելից, հնարավորություն ուներ գնել Պակիստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից: Այդ պարագայում մենք որեւէ երկրի հետ կոշտ խոսելու իրավունք չունենք: Երբ Ռուսաստանն է կատարում այդ գործարքն Ադրբեջանի հետ, Հայաստանը, որպես ռազմավարական գործընկերոջ, այդ հարցը բավականին սուր բարձրացնում է ՌԴ-ի առաջ եւ սա պատճառ է դառնում, որ Հայաստանը կարողանա այդ զենքը ձեռք բերել միանգամայն ուրիշ գներով: Այլ երկրներից՝ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից դա գնելու հնարավորություն մենք չենք ունենա»:

Ավելին՝ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Ինձ որ հարցնում են՝ Ադրբեջանը ումի՞ց ավելի լավ է զենք գնի, ես շատ հստակ կարող եմ պատասխանել՝ ավելի լավ է զենք գնի Հայաստանի ռազմավարական գործընկերներից, որովհետեւ այդ պարագայում մենք հնարավորություն ենք ունենում բավականին լուրջ մանեւր անելու: Լավ, ասենք գնել է Թուրքիայից, ի՞նչ տարբերություն»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մտահոգություն հայտնում, Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը բարձրացնում՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ճիշտ է անում: Ինչ եք կարծում, եթե այդ մտահոգությունը չհայտնի, ապա ո՞նց են լինելու այն գործարքները, որ լինում են ՀՀ-ի համար բավականին նպաստավոր պայմաններում: Մենք էլ ենք չէ՞ ՌԴ-ից զենք գնում: Ի՞նչ գիտեք, թե վերջերս ինչ քանակությամբ եւ ինչ է բերվել, դուք ուզում եք ձեզ բաց տեքստով ասեն այն, ինչ պետական գաղտնիքնե՞ր են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031