Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկվելը փաստաբանի համար նվաստացուցիչ է

Սեպտեմբեր 02,2017 14:30

Փաստաբանների խոսքով՝ պայուսակի պարունակությունը
չպետք է հասանելի լինի կարգադրիչներին

Օրերս լրատվամիջոցներում մի շարք փաստաբանների կողմից հայտարարություն տարածվեց այն մասին, որ վերջիններս գործադուլ են հայտարարում՝ սեպտեմբերի 13-ին չմասնակցելով դատական նիստերի. այդ օրը նաեւ «Սասնա ծռերից» 14-ի գործով նիստն է: Նախաձեռնողը «Սասնա ծռերի» պաշտպաններն են, որոնք այս ակցիայով դժգոհություն են հայտնում իրենց հանդեպ, ինչպես իրենք են բնորոշում, ապօրինի գործողությունների առնչությամբ, մասնավորապես՝ դատարաններում նիստերից առաջ կարգադրիչների կողմից ապօրինաբար խուզարկվելու: 2 ամսից ավելի է՝ «Սասնա ծռերի» եւ «Սեֆիլյանի գործով» նիստերին որոշ փաստաբաններ չեն ներկայանում, քանի որ, ինչպես իրենք են նշում, կարգադրիչները նրանցից պահանջում են ցույց տալ պայուսակի պարունակությունը:

«Գործադուլը նպատակ ունի վերջ տալ մեր հանդեպ ապօրինի խուզարկություններին, որոնցով սահմանափակում են մեր եւ ոտնահարում՝ մեր պաշտպանյալների իրավունքները: Մենք չենք ցանկանում խուզարկվել եւ թույլ տալ, որ այդ կերպ մեր իրավունքները խախտեն, այդ պատճառով էլ նիստերին չենք մասնակցում»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» պաշտպաններից փաստաբան Հայարփի Սարգսյանը: Նրա խոսքով՝ դատարանում զննությունը կարող է լինել միայն արտաքին. «Մեր պայուսակի պարունակությունը չպետք է հասանելի լինի կարգադրիչներին: Մենք փաստաբան ենք եւ ունենք փաստաբանական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի: Մեր պայուսակը բացելու դեպքում այնտեղ կարող է լինել իր, որի տեսանելիության դեպքում հրապարակային կդառնա այն, ինչը պետք է գաղտնի լինի»:

Փաստաբանի բնորոշմամբ՝ պետք է լինեն հատուկ սքանավորող սարքավորումներ, որոնք ցույց կտան պայուսակում առկա արգելված իրերը, ընդ որում, արգելված իրերի ցանկ օրենքով սահմանված չէ: Այստեղ նշենք, որ ՀՀ դատական դեպարտամենտը նախատեսում է դրանք ձեռք բերել 2018թ.-ին:

«Սասնա ծռերի» պաշտպաններից փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց՝ դատարանում խուզարկվելը փաստաբանի համար նվաստացուցիչ է. «Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել: Ինչպե՞ս կարող ենք կողմնակից լինել նման ապօրինությանը…Նախկինում մենք նման խնդրի չենք բախվել, թեեւ այդ ժամանակ էլ հատուկ սարքավորումներ չկային: Ամեն ինչ սկսվեց հանրային հնչեղութուն ունեցող գործերի քննությունից՝ «Սեֆիլյանի գործ», «Սասնա ծռերի գործ»…Դա կամայականություն է, որովհետեւ չունենալով արգելված իրերի ցանկ՝ կամայական մոտեցում են ցուցաբերում եւ ասում, թե որ իրն է արգելված, իսկ որը՝ ոչ: Կարծում եմ՝ դա իրավաչափ չէ, պետք է հստակություն մտցվի: Օրենքի մակարդակով պետք է որոշում լինի, թե որոնք են այն արգելված իրերը, որոնք չի կարելի բերել դատարանի դահլիճ: Այդ դեպքում փաստաբանը կենթարկվի օրենքի պահանջին եւ չի բերի այդ իրերը: Իսկ այսպես գրիչի կամ նոթատետրի մետաղական մասը կարող է արգելված իր համարվել…Իսկ սքանավորող սարքերի առկայության դեպքում փաստաբանը ստիպված չի լինի պայուսակ բացել: Ի դեպ, երբ դատավորը մտնում է դատարանի դահլիճ, նա չի զննվում, բայց գուցե այդ դատավորն ինձ համար սպառնալիք է հանդիսանում: Ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում, իսկ փաստաբանին՝ ոչ: Չէ՞ որ երկուսիս աշխատավայրն էլ դատարանի դահլիճն է, որեւէ մեկիս չպետք է արտոնություն տրվի»:

Հավելենք, որ ի սկզբանե գործադուլի մասնակից-փաստաբանների թիվը 100-ից ավելի էր, իսկ ներկայում այն մոտենում է 200-ին:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930