Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կինոմիություն չկա, հեղինակությունը զրո է»

Սեպտեմբեր 09,2017 14:00

Էդգար Բաղդասարյանն ավելի ուշ կորոշի առաջադրվել

«Առավոտը» կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանից հետաքրքրվեց` արդյոք պատրաստվո՞ւմ է պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ շրջանառվող թեկնածուների անունների ցանկում իր անունն էլ կա: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,-ասաց ռեժիսորը, քիչ անց էլ հավելեց, որ չի բացառվում ինքն էլ մասնակցի ընտրապայքարին: «Ամեն ինչ կախված է, թե ոնց կգնա ամեն ինչ»,- նշեց նա: Նրա ձեւակերպմամբ, Կինոմիության նախագահը պետք է հեղինակություն ունենա կինոաշխարհում. «Կինոմիությունների էսօրվա նախագահների 90 տոկոսը ռեժիսորներ են, սկսած Միխալկովներից»:

Էդգար Բաղդասարյանին հարցրինք` իր կարծիքով՝ ի՞նչը պետք է փոխվի Կինոմիությունում: «Շատ բան, հիմա ամեն ինչ չեմ կարող ասել, որովհետեւ, գուցե որոշեմ առաջադրվել, իսկ դուք ուզում եք էն գլխից ամեն ինչ ներկայացնե՞մ հրապարակավ, որը ճիշտ չէ այս պահին: Այնուամենայնիվ, ասեմ, որ առաջինը պետք է Կինոմիության հեղինակությունը բարձրացվի, որը զրո է հասարակության մեջ, երկրորդը` Կինոմիությունը պետք է դառնա պրոֆմիություն, որովհետեւ դա պրոֆմիություն է, որը պետք է կինոգործիչների մեջքին կանգնած լինի բարոյապես, իրավաբանորեն, տարբեր տեսանկյուններից…Դահլիճի մասին էլ պետք է ասեմ, կինոկրթության…ամեն ինչի մասին: Մի խոսքով` կարճ ասած՝ Կինոմիություն չունենք…Ինքը պետք է ունենա հասարակական մեծ հեղինակություն, ինչի համար շատ-շատ բաներ պետք է անել: Ազնվությամբ, դեռ չեմ որոշել` դնե՞մ թեկնածությունս, թե՞ ոչ, որովհետեւ լիքը մարդ ասում է` քեզ պե՞տք է: Մյուս կողմից էլ՝ իհարկե, պետք է: Բայց, եթե տեսնեմ թեկնածուներ, որոնք ավելին կարող են անել եւ հաստատ կանեն, ես չեմ դնի իմ թեկնածությունը, իսկ եթե դրած լինեմ, կհանեմ»,-ասաց կինոռեժիսորը:

Մեր հարցին` անուններ են շրջանառվում` Հարություն Խաչատրյան, Գեւորգ Գեւորգյան, Վահե Գեւորգյանց, Միքայել Դովլաթյան, Դավիթ Մուրադյան, Գոռ Վարդանյան եւ այլք, ո՞ւմ կողքին կկանգնի հարկ եղած դեպքում, Էդգար Բաղդասարյանն անուններ չտվեց, ընդամենն ասաց. «Պետք է իրականացվեն նորմալ, դեմոկրատական ընտրություններ, թող ներկայացվեն, իմանանք, թե ուր ենք գնալու»: Նա չցանկացավ մեկնաբանել Ռուբեն Գեւորգյանցի որդու` Վահե Գեւորգյանցի այն տեսակետը, թե ընտրվելու դեպքում Կինոմիությունում ամեն ինչ կթողնի անփոփոխ, ինչպես հոր նախագահության օրոք էր: Վահե Գեւորգյանցը նաեւ ասել էր, որ ամեն ինչ լավ է, Կինոմիության վաճառված գույքի՚ բանկում դրված գումարի տոկոսներով կշարունակեն մթերք բաժանել անդամներին: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանցի նախագահության օրոք վաճառվել են Կինոյի տունը, Կինոյի տան հարակից տարածքները, Դիլիջանի ստեղծագործական տունը, ու այդքանից հետո կինոյի ենթակառուցվածքում ոչ մի ներդրում չի արվել: Կինոյի տան մեծ դահլիճը նույնիսկ չի բացվել կինոյի առաջ, Կինոյի տնից մնացած մի քանի սենյակում նույնիսկ մի միջոցառում չի արվել:

«Ես այդ հարցին արդեն պատասխանեցի` Կինոմիություն չկա»,-շեշտեց Էդգար Բաղդասարյանը: Նա հավելեց, որ շրջանառվող թեկնածուներից ոմանց մեջ պոտենցիալ տեսնում է միության լավ նախագահ լինելու: «Միայն նյութականի մեջ չի Կինոմիության խնդիրը, այլեւ բարոյականի, իսկ մենք բարոյապես զրո ենք…Ես երկու անգամ վարչության անդամ եմ եղել, մեր հեղինակությունը զրո է, դրանից ցածր չի լինում, դրանից ցածրը լուծարվել է, այնպես որ, եկեք իրար չխաբենք»,-նորից շեշտեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին` ինչո՞ւ վարչության անդամ եղած ժամանակ չի բարձրացրել այդ հարցերը, Էդգար Բաղդասարյանը պատասխանեց, որ բարձրացրել է, դրա համար էլ այլեւս վարչության անդամ չէ: «Ես լիքը հարցեր եմ բարձրաձայնելու, բայց այդ հարցերը կտամ միայն համագումարին»,-շարունակեց մեր զրուցակիցը: Վստահեցրեց, որ կա թիմ, որը իր կողքին կլինի, եթե փորձի առաջադրվել:

«Մի քանի հարց կա, որ պետք է շտկվի, կինոկրթությունը, Կինոյի մասին օրենքը, որը բացարձակ չի բավարարում…Դա մեր օրենքն է, բայց ո՞ւր են կինոգործիչները, ես միության ձայնը չեմ լսում, մինչդեռ հենց Կինոմիությունը պետք է տա իր վերդիկտը, ո՞նց կարող են ձեր մասին օրենք հանել եւ դուք չմասնակցեք, Կինոմիությունը չունենա իր կարծիքը»,-տարակուսանք հայտնեց Էդգար Բաղդասարյանը: Ապա կրկին հավելեց. «Եթե որոշեմ մասնակցել ընտրություններին, ծրագիրս կներկայացնեմ, բայց դեռ մտածում եմ, դեռ մեկ ամիս ժամանակ կա, դրանք քաղաքական ընտրություններ չեն, ընդամենը պրոֆսոյուզի ընտրություններ են»:

Ինչ վերաբերում է Գեւորգ Գեւորգյանի` Կինոմիության նախագահ դառնալու հավակնություններին, Էդգար Բաղդասարյանն ասում է, որ դեմ չի լինի, եթե նա լինի նախագահ, պայմանով, որ լավ ծրագիր ներկայացնի: Երբ հիշեցրինք Գեւորգ Գեւորգյանի` կինոկենտրոնում ձախողված փորձի մասին, կառույց, որի ղեկավարումը մշակույթի նախարարը ոչ արդյունավետ էր որակել, մեր զրուցակիցն ասաց. «Մտավախություն ունեմ` էնպես չլինի՞, որ երազենք Գեւորգ Գեւորգյանը նորից հետ գա»:

Էդգար Բաղդասարյանի ասելով, Կինոմիության նախագահի համար տարիքը նշանակություն չունի: Նրա խոսքերով, ով փոփոխությունների ռեալ մեխանիզմ առաջարկի, ոչ թե օստապբենդերություն անի, ձայնը կտա այդ մարդուն, եթե ոչ` ինքը կառաջադրվի:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ֆեյսբուքից:

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930