Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզումը կսահմանափակի Ռուսաստանի հնարավորությունները Հարավային Կովկասում
Սկիզբը՝ այստեղ
Զախարովայի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին. պատասխանատվության շուրջ չդադարող բանավեճը
Կարդացեք նաև
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս լարվածության ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ նոյեմբերի 7-ին Մարիա Զախարովայի արձագանքը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Առաջին հայացքից այս բանավեճը վերաբերում է 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողություններին, սակայն դրա քաղաքական նշանակությունը շատ ավելի լայն է։ Այն առնչվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված դաշնակցային հարաբերությունների ամբողջ տրամաբանությանը, ինչպես նաեւ այն հարցին, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ պատասխանատվություն է վերագրում մյուսին՝ տարածաշրջանային անվտանգության ձախողումների համար։
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով 2020-ի պատերազմին, հայտարարել էր, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը, սակայն այդ ժամանակ Մոսկվան գործուն քայլեր չի ձեռնարկել, մինչդեռ հայ զինվորները զոհվում էին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նույն ելույթում նաեւ նշել էր. «Ես մինչեւ հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020-ին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տեւեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը եւ Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան…»։
( 1.32.10-ից` 1.35.25 րոպեն )
Այս գնահատականներին ի պատասխան՝ Զախարովան կրկնել է պաշտոնական Մոսկվայի գնահատականը՝ հիշեցնելով 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայումը եւ 2021–2022 թթ. ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի հիմնական փաստարկն այն է, որ հենց Մոսկվան է կանգնեցրել արյունահեղությունը, իսկ ռուս խաղաղապահներն իրենց ջանքերով եւ նույնիսկ կյանքի գնով ապահովել են խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն տրամադրել եւ զբաղվել ականազերծմամբ։ Զախարովան նաեւ հիշեցրել է 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումը՝ շեշտադրելով, որ Փաշինյանն այնտեղ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Ինչպես միշտ, գործ ունենք Ռուսաստանի համար բնորոշ պաշտպանական քաղաքական կեցվածքի եւ միաժամանակ՝ դիմացինին մեղադրելու գծի հետ։ Մոսկվան փորձում է բանավեճի կենտրոնը տեղափոխել 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության եւ հետպատերազմյան գործընթացների վրա, այդպիսով ընդգծելով իր միջնորդական դերը, առանց՝ Արցախում ՌԴ խաղաղապաների ներկայության արդյունավետության վերաբերյալ կոնկրետ հարցերին պատասխանելու։
2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումն ինքնին չի կարող պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Ռուսաստանի՝ հետագա տարիներին ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Անհրաժեշտ է տարբերակել պատերազմի դադարեցման գործում Մոսկվայի ունեցած դերակատարությունը եւ այն պարտավորությունները, որոնք ռուսական կողմը ստանձնել էր հետագայում՝ խաղաղապահ առաքելության շրջանակում։
Ռուս խաղաղապահների ներկայությունը չկանխեց Լաչինի միջանցքի երկարատեւ շրջափակումը, իսկ 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գերակշիռ մասը ստիպված եղավ լքել իր բնակավայրերը։ Ավելի քան 100 հազար հայեր զրկվել են իրենց հայրենիքից, իսկ 2024-ի ապրիլին ՌԴ-ն սկսեց իր խաղաղապահ զորախմբի դուրսբերումը։
Հետեւաբար, եթե Մոսկվան 2020-ի իր միջնորդական առաքելությունը ներկայացնում է որպես Ռուսաստանի՝ իր դաշնակցային պարտավորությունները կատարելու ապացույց, ապա Հայաստանի հասարակությունը նույնքան հիմնավորված կերպով կարող է բարձրաձայնել նաեւ հետագա իրադարձությունների մասին եւ հարցադրումներ անել։ Խնդիրը միայն այն չէ, թե ով դադարեցրեց 44-օրյա պատերազմը, ինչպես եւ ինչ պայմաններում, այլեւ այն, թե ինչու ռուսական խաղաղապահ ներկայությունը չկանխեց 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները։
Զախարովայի հայտարարության մեկ այլ ուշագրավ բաղադրիչը Պրահայի հանդիպման մասին հիշեցումն է, որը ռուսական կողմից առավել հաճախ հնչող մեղադրականն է։ Սա, ըստ էության, Մոսկվայի հակափաստարկն է, որով փորձում է պատասխանատվության մի մասը գցել Հայաստանի իշխանությունների վրա։ Այս դեպքում էլ մշտապես անտեսվում է այն փաստը, որ ՌԴ-ն շատ ավելի վաղ էր ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, այդ մասին Պուտինն է հրապարակավ հայտարարել, Պուտինից առաջ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ՌԴ-ն՝ ռուս համանախագահների մակարդակով դեռ մինչեւ ԼՂ-ի դեմ երկրորդ պատերազմը։
Ռուսական կողմի տրամաբանությամբ՝ եթե Երեւանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս, ապա դրանով փոխվել են նաեւ ռուս խաղաղապահների գործունեության քաղաքական եւ իրավական պայմանները։ Սակայն այս փաստարկը եւս ամբողջությամբ չի փակում քննարկումը։ Պրահայի հայտարարությունը եւ 2020-ի նոյեմբերյան եռակողմ փաստաթուղթը տարբեր ժամանակներում եւ տարբեր քաղաքական պայմաններում ձեռք բերված համաձայնություններ են։ Դրանց հիշատակումը չի վերացնում այն հարցը, թե ինչպես պետք է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի շրջափակման եւ 2023-ի ռազմական գործողությունների ընթացքում։
Ավելին, Զախարովայի խոսքում առկա է նաեւ որոշակի քաղաքական զգուշացում։ Նա ոչ միայն հակադարձում է Սիմոնյանին, այլեւ ակնարկում է, որ հայկական իշխանությունների կողմից Ռուսաստանի պատմական եւ քաղաքական դերակատարության վերաբերյալ գնահատականների փոփոխությունը կարող է խորացնել երկկողմ հարաբերությունների ճգնաժամը։ Սա հատկապես կարեւոր է այն պահին, երբ ՀԱՊԿ-ի շրջանակում քննարկվում է Հայաստանի իրավունքների սահմանափակման հարցը։
Միաժամանակ պետք է նկատել, որ նման հայտարարությունները չեն նպաստում վստահության վերականգնմանը։ Դաշնակցային հարաբերություններում վստահությունը ձեւավորվում է ոչ թե պատմական փաստերի շուրջ փոխադարձ վեճերով, այլ այն հանգամանքով, թե պետությունները որքանով են պատրաստ պաշտպանել միմյանց շահերը կոնկրետ իրավիճակներում։ Եվ հենց այս հարցում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հակասությունները վերջին տարիներին հասել են խորը ճգնաժամի պայմանների, սակայն ՌԴ-ում ոչ մի կերպ չեն ցանկանում տեսնել ձեւավորված ճգնաժամի հիմքերը։
Հարաբերությունների հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր ճնշման փուլ
Մոսկվայում նոյեմբերի 11-ին ծրագրված ՀԱՊԿ գագաթնաժողովը կարող է դառնալ Հայաստանի եւ կազմակերպության հարաբերությունների հետագա ընթացքի համար կարեւոր հանգրվան։ Վերջին օրերի հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի կարգավիճակի հարցն այլեւս չի կարող անորոշ ժամանակով մնալ երկրորդական օրակարգում։
Առաջին հնարավոր սցենարը ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի նկատմամբ 25-րդ հոդվածի կիրառումն է։ Այս դեպքում Երեւանը կարող է զրկվել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից եւ քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից՝ մինչեւ անդամավճարի պարտքի մարումը։ Սա կլինի իրավական եւ քաղաքական առումով բավականին կոշտ քայլ, բայց դեռեւս չի նշանակի Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ից։
Երկրորդ սցենարը հարաբերությունների ներկայիս անորոշ վիճակի պահպանումն է։ Կազմակերպության անդամները կարող են որոշել չգնալ կոշտ քայլերի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցային մոտեցումը կարող է ավելի արագացնել Երեւանի վերջնական հեռացումը։ Այս տարբերակը թույլ կտա ՀԱՊԿ-ին պահպանել Հայաստանի անդամակցության փաստը եւ միաժամանակ ժամանակ շահել՝ սպասելով հետագա քաղաքական զարգացումներին։
Երրորդ տարբերակը Հայաստանի անդամակցության հարցի ավելի լայն քննարկումն է, այդ թվում՝ կազմակերպությունից հեռացման հնարավորության դիտարկումը։ Սակայն այս սցենարը քաղաքական առումով ավելի բարդ է։ ՀԱՊԿ-ը պետք է գնահատի ոչ միայն Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման հարցը, այլեւ այն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի պաշտոնական հեռացման դեպքում։
Ի վերջո, պետք է հաշվի առնել նաեւ, որ կազմակերպության անդամ մյուս պետությունների շահերը պարտադիր չէ, որ ամբողջությամբ համընկնեն Ռուսաստանի շահերի հետ։ ՀԱՊԿ-ը գործում է մի քանի պետությունների մասնակցությամբ, եւ Հայաստանի նկատմամբ կիրառվող ցանկացած քայլ ունի նաեւ կազմակերպության ընդհանուր քաղաքականության նշանակություն։ Որոշումների ընդունման մեխանիզմները, անդամ երկրների համաձայնության անհրաժեշտությունը եւ հնարավոր քաղաքական տարաձայնությունները կարող են ազդել վերջնական որոշման վրա։
Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ Ռուսաստանի համար Հայաստանը միայն ՀԱՊԿ անդամ չէ։ Այն աշխարհագրական առումով ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ, Իրանի հետ սահմանով եւ տարածաշրջանային հաղորդակցությունների կարեւոր հանգույցում։ Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզումը կարող է որոշակիորեն սահմանափակել Մոսկվայի հնարավորությունները Հարավային Կովկասում։
Հետեւաբար, նույնիսկ եթե Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերադասավորումներից եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացումից, դժվար թե նրա համար միանշանակ շահավետ լինի Հայաստանի վերջնական հեռացումը ՀԱՊԿ-ից։ Առավել հավանական է, որ Մոսկվան փորձի պահպանել ազդեցության առկա լծակները՝ միաժամանակ Երեւանի նկատմամբ քաղաքական եւ ինստիտուցիոնալ ճնշում գործադրելով։
ՀԱՊԿ–ից հեռանալը դեռ չի նշանակում անվտանգության նոր համակարգի ձեւավորում
Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցը վաղուց արդեն դուրս է եկել միայն կազմակերպության շրջանակում մասնակցության կամ չմասնակցության խնդրից։ Այն վերածվել է ավելի լայն արտաքին քաղաքական եւ անվտանգային վերանայման մի մասի, որի առանցքում Հայաստանի՝ սեփական անվտանգության երաշխիքները վերագնահատելու անհրաժեշտությունն է։
Սակայն կազմակերպության նկատմամբ անվստահությունը դեռեւս ինքնաբերաբար չի նշանակում, որ Հայաստանը ձեւավորել է անվտանգության այլընտրանքային ամբողջական համակարգ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ամենակարեւոր հակասություններից մեկն է։ Մի կողմից՝ իշխանությունները հստակ ազդարարում են, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերականգնելու հետաքրքրություն այլեւս չունեն, մյուս կողմից՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարեւանների հետ չլուծված խնդիրները եւ տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը պահանջում են հստակ անվտանգային հաշվարկներ։
Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացումը, արեւմտյան գործընկերների հետ համագործակցությունը եւ անվտանգության ոլորտում այլ գործընկերների ներգրավման փորձերը կարող են ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Սակայն դրանք դեռեւս չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը միանգամից կունենա նույն ծավալի ռազմական եւ քաղաքական երաշխիքներ, որոնք նախկինում ակնկալում էր Ռուսաստանից եւ դաշնակցային համակարգից։
Հետեւաբար, Երեւանի համար առանցքային հարցն այն է, թե ինչով է փոխարինվելու նախկին անվտանգային համակարգը։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանը քաղաքականապես հրաժարվում է գործող անվտանգության մեխանիզմից, բայց չի հասցնում ձեւավորել այնպիսի այլընտրանք, որը կկարողանա արձագանքել իրական սպառնալիքներին։
Մյուս կողմից՝ Մոսկվայի համար նույնպես պարզ չէ, թե որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը։ Եթե Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում սահմանափակի Հայաստանի իրավունքները, բայց չառաջարկի հարաբերությունների վերականգնման որեւէ քաղաքական ճանապարհ, ապա դա կարող է ավելի ամրապնդել Երեւանի այն համոզմունքը, որ կազմակերպությունը Հայաստանի համար կորցրել է իր նշանակությունը։
Այս առումով ուշագրավ էր նաեւ Զախարովայի հայտարարությունը, թե Հարավային Կովկասում անվտանգության այլ ճարտարապետության հեռանկար չի նշմարվում։ Այս ձեւակերպումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ոչ միայն պաշտպանում է ՀԱՊԿ-ի գոյությունն ու տարածաշրջանային դերակատարությունը, այլեւ փորձում է կասկածի տակ դնել այլընտրանքային անվտանգային համակարգերի կենսունակությունը։
Սա, ըստ էության, Մոսկվայի քաղաքական ուղերձն է Երեւանին՝ այն իմաստով, որ ՀԱՊԿ-ից հեռանալը դեռ չի նշանակում ավելի անվտանգ միջավայրի ձեւավորում։ Սակայն նույն փաստարկը կարելի է շրջել նաեւ Ռուսաստանի դեմ. եթե գործող համակարգը չի կարողանում ապահովել իր անդամի անվտանգությունը, ապա միայն այլընտրանքի բացակայության մասին հայտարարությունները չեն կարող բավարար հիմք լինել այդ համակարգում մնալու համար։
Հենց այստեղ է Հայաստանի եւ Ռուսաստանի հակասությունների հիմնական հանգույցը։ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը հաշվի կառնի պատմական, աշխարհագրական եւ ռազմաքաղաքական իրողությունները, իսկ Երեւանը, ըստ էության, պահանջում է, որ դաշնակցային հարաբերությունները գնահատվեն ոչ թե պատմական կապերով, այլ կոնկրետ պարտավորությունների կատարմամբ։
Հարաբերությունների ճգնաժամը հասե՞լ է քաղաքական անդառնալիության շեմին
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների ներկայիս փուլը կարելի է բնութագրել որպես փաստացի քաղաքական խզում՝ դեռեւս չավարտված իրավական գործընթացի պայմաններում։ Փաշինյանի հայտարարությունը, թե կազմակերպության հետ կապված Երեւանի հետաքրքրությունները սպառված են, այդ խզման ամենահստակ քաղաքական արձանագրումներից է։ Դրան գումարվում են Արարատ Միրզոյանի՝ ՀԱՊԿ վերադառնալու մտադրության բացակայության մասին հայտարարությունը եւ Ռուսաստանի ներկայացրած առաջարկը՝ սահմանափակելու Հայաստանի իրավունքները կազմակերպության ներսում։
Սակայն ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը կարծես թե ամբողջությամբ չի շտապում վերջակետ դնել հարաբերությունների պատմության վրա։
Հայաստանը դեռեւս չի սկսել կազմակերպությունից դուրս գալու կանոնադրական ընթացակարգը, իսկ Ռուսաստանը, չնայած կոշտ հռետորաբանությանը եւ իրավունքների սահմանափակման նախաձեռնությանը, շարունակում է խոսել Երեւանի վերադարձի հնարավորության մասին։ Սա նշանակում է, որ կողմերը դեռեւս պահպանում են հարաբերությունների հետագա զարգացման որոշակի հնարավորություններ, նույնիսկ եթե դրանց քաղաքական հիմքերը լրջորեն խարխլված են։
Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, ավելի ձեռնտու է Հայաստանը պահել ՀԱՊԿ-ում՝ թեկուզ սահմանափակված իրավունքներով եւ նվազագույն մասնակցությամբ, քան պաշտոնապես կորցնել։ Այդ տարբերակը Մոսկվային թույլ է տալիս պահպանել ազդեցության քաղաքական լծակները, չարձանագրել դաշինքի հերթական անդամի կորուստը եւ ապագայում օգտագործել հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ Միաժամանակ, եթե Երեւանը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը, Ռուսաստանի համար կարող է ավելի ընդունելի դառնալ նաեւ Հայաստանի փաստացի հեռացման իրավական ձեւակերպումը։
Հայաստանի հեռացման հավանականությունը, հետեւաբար, գոյություն ունի, բայց այն չպետք է ներկայացնել որպես արդեն կայացված որոշում։ Նույնիսկ եթե ՀԱՊԿ-ը որոշի կիրառել կանոնադրության 25-րդ հոդվածը, դա դեռ չի նշանակի անդամակցության դադարեցում։ Իսկ Հայաստանի պաշտոնական հեռացումը կպահանջի առանձին քաղաքական եւ իրավական գործընթաց։
Մյուս կողմից՝ Զախարովայի՝ Ալեն Սիմոնյանին ուղղված պատասխանը ցույց է տալիս, որ Մոսկվան պատրաստվում է Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների ճգնաժամը տեղափոխել նաեւ պատմական պատասխանատվության եւ քաղաքական գնահատականների հարթություն։ Ռուսաստանը հիշեցնում է 2020-ի իր միջնորդական դերը, ռուս խաղաղապահների գործունեությունը եւ Պրահայի պայմանավորվածությունները՝ փորձելով հակադարձել այն գնահատականներին, որոնցով Երեւանը հիմնավորում է նախկին դաշնակցային համակարգից հեռանալու անհրաժեշտությունը։
Բայց այս բանավեճի խորքում ավելի մեծ խնդիր կա. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չկա անվտանգության ընդհանուր իրավիճակի գնահատման այն նախկին համընկնումը, որը երկար տարիներ համարվում էր երկկողմ հարաբերությունների հիմքը։
Առաջիկա զարգացումների համար առանցքային կլինի ոչ միայն նոյեմբերի 11-ի ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունվելիք որոշումը, այլեւ այն քաղաքական ուղերձը, որը կողմերը կփոխանցեն միմյանց դրա արդյունքում։ Եթե Մոսկվան գնա Հայաստանի իրավունքների սահմանափակման ճանապարհով, դա կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող օտարումը։ Եթե ՀԱՊԿ-ը խուսափի կոշտ քայլերից, դա դեռ չի նշանակի հարաբերությունների վերականգնում, քանի որ Երեւանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կազմակերպության հետ կապված իր շահագրգռվածությունն այլեւս սպառված է։
Այսպիսով, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում ներկայումս ձեւավորվում է ոչ թե պարզապես անդամակցության ճգնաժամ, այլ Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականության վերակողմնորոշման ավելի լայն գործընթաց։ Դրա արդյունքը կախված կլինի մի քանի գործոնից. Մոսկվայի՝ տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու հնարավորություններից, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշումներից, Հայաստանի իշխանությունների՝ այլընտրանքային անվտանգության մեխանիզմներ ձեւավորելու կարողությունից եւ, ամենակարեւորը, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումներից։
Այս ամենի համատեքստում Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը ոչ թե ՀԱՊԿ-ից հեռանալը կամ այնտեղ մնալն է, այլ այն, որ այդ որոշումը չվերածվի հերթական աշխարհաքաղաքական ընտրության՝ առանց անվտանգության հստակ հաշվարկների։ Որովհետեւ ՀԱՊԿ-ի նկատմամբ վստահության կորուստը կարող է լինել քաղաքական անհերքելի իրողություն, սակայն դրանից հետո առաջացող անվտանգային վակուումը լրացնելը շատ ավելի բարդ խնդիր է։
Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունների ներկայիս ճգնաժամը պետք է դիտարկել ոչ թե որպես ավարտված պատմություն, այլ որպես դեռեւս ընթացքի մեջ գտնվող գործընթաց, որի հետեւանքները կարող են որոշիչ լինել Հարավային Կովկասում ուժերի հետագա հարաբերակցության համար։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.11.2026



















































