Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Ստեփանյան. Կարիք չկա մարզիկներին բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը

Սեպտեմբեր 21,2017 09:29

Սեպտեմբերի 28-ին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կմեկնարկի գեղասահքի վարկանիշային մրցաշար, որտեղ կխաղարկվեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը:

Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքերով, մեր գեղասահորդները պատրաստվում են պատասխանատու մեկնարկին:

«Օլիմպիական վարկանիշ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունի Անաստասիա Գալուստյանը, որին այս տարի Հելսինկիում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ տեղ չբավականացրեց Պհենչհանի օլիմպիական ուղեգրի համար: Անաստասիան վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Ճիշտ է, այնքան էլ բարձր արդյունք ցույց չտվեց, բայց նրան անհրաժեշտ մարզավիճակն անհրաժեշտ է ընտրական մրցաշարում: Հիմա նա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ:

Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ադլերում՝ Ալեքսեյ Ուրմանովի եւ հոր՝ Սամվել Հայրապետյանի ղեկավարությամբ: Սեպտեմբերի 22-ից 26-ը նա հանդես կգա Բրատիսլավայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ:

Մեր պարային երկյակը Կանադայում է: Թինան եւ Սիմոնը Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում:

Սեպտեմբերի 27-ին բոլորով կհավաքվենք Օբերսդորֆում: Կանխատեսումներ անել չեմ ցանկանում, բայց հավատում եմ մեր մարզիկներին: Կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը: Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»,- ասում է Մելանյա Ստեփանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930