Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը «Rustavi International Motorpark» մրցուղում անցկացվել է Վրաստանի քարթինգի առաջնության 4-րդ փուլը (STAGE IV | 2026 Georgian Karting Championship)։ Մրցաշարին մասնակցել է Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) թիմը։
Լարված ու մրցակցային պայքարի արդյունքում Ակադեմիայի 15-ամյա մրցարշավորդ Սամվել Համբարձումյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Կարդացեք նաև
Առաջնության չորրորդ փուլում Mini և Rotax դասերի լավագույն մարզիկները շարունակել են պայքարը չեմպիոնական տիտղոսի և մրցաշրջանի գլխավոր մրցանակի՝ պրոֆեսիոնալ քարթի համար։ Հոկտեմբերի 31-ին անցկացվել են ազատ մարզումներն ու որակավորման մրցավազքերը, իսկ նոյեմբերի 1-ին՝ եզրափակիչ մրցավազքերը, որին հաջորդել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Նշենք, որ քարթինգը համարվում է պրոֆեսիոնալ ավտոսպորտի և «Ֆորմուլա 1»-ի հիմնական «դպրոցն» ու հիմնասյունը։ Այն բաց թափքով, չորս անիվ ունեցող հատուկ մրցարշավային մեքենաներով (քարթերով) իրականացվող պաշտոնական մարզաձև է, որտեղ ձևավորվում են մրցարշավորդի բազային զգայարանները, արագ արձագանքումն ու վարման ճշգրիտ տեխնիկան։ Աշխարհի չեմպիոնների ավելի քան 99%-ն իրենց կարիերան սկսել են հենց քարթինգից, ինչն այս սպորտաձևը դարձնում է առանցքային՝ հայկական ավտոսպորտի ապագա չեմպիոններ կրթելու գործում։
Չնայած Հայաստանում պրոֆեսիոնալ ավտոմրցուղու բացակայությանը և մարզումային սահմանափակ հնարավորություններին՝ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի մարզիկները շարունակում են բարձր պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում և գրանցել նշանակալի հաջողություններ։
Հայկական ավտոսպորտի ակադեմիա























































