Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադոպինգային գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման հարցում

Նոյեմբեր 04,2026 16:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության աջակցությունը Հայաստանին։

Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերը՝ կարևորելով գործակալության աջակցությունը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։

Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես հակադոպինգային կրթության բաղադրիչը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ։ Կարևորվել է հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտային գիտելիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ սկսած դպրոցական տարիքից։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցներում  ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը, անդրադարձ է կատարվել Հայաստանում հակադոպինգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։

Գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման և համապատասխան հետազոտությունների անցկացման ուղղությամբ փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արփինե Գևորգյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել