Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա քվեարկությունը դատավճիռ չէր

Սեպտեմբեր 29,2017 15:30

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի շուրջ ժամանակավոր հանձնաժողով  ստեղծելու հարցի տապալման մասին

– ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ մերժեց «Ելք» խմբակցության նախագիծը՝ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու շրջանակում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական եւ «Ծառուկյան» խմբակցության 10 անդամները «դեմ» քվեարկեցին նախագծին: Միակ «կողմը» «Ելք»-ը ներկայացնող Արտակ Զեյնալյանն էր: Ի՞նչ է հուշում այս պատկերը:

– Փոքր-ինչ կդժվարանամ ասել՝ ինչ է հուշում այս պատկերը, հավանաբար այն, որ ցանկացած քաղաքական միավոր կամ, տվյալ դեպքում, ցանկացած պատգամավոր քվեարկել է այնպես, ինչպես նպատակահարմար է գտել՝ համաձայն իր քաղաքական պատկերացումների կամ մոտեցումների: Բացի այդ, խնդիրը միայն «կողմ» կամ «դեմ» լինելը չէ: Այդ գործընթացն իրենից ներկայացնում է քաղաքական շղթա՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով ու վտանգներով: Ցանկացած նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ, կարծում եմ, պետք է մանրամասն հաշվի առնվի այն ողջ հետևանքները, որոնք կարող են հաջորդել դրան: Հավանաբար նաև այդ մտահոգություններն են եղել պատճառը քվեարկության նման արդյունքի ձևավորման համար:

– Կարծում եք, թե խորհրդարանական այս քվեարկության պատկերը նաեւ հասարակությա՞ն տրամադրություններն է արտացոլում: Ի դեպ, վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ հասարակության 58 տոկոսը պրոեվրոպական տրամադրություններ ունի:

– Նախ՝ ես մի փոքր վերապահումով եմ մոտենում ցանկացած սոցհարցումներին: Կյանքը ցույց է տվել, որ, համենայնդեպս, Հայաստանում ցանկացած սոցհարցում արտացոլում է այն պատկերը, որը ձեռնտու է տվյալ սոցհարցումը պատվիրողին: Հետևաբար, քանի որ մեզ մոտ դեռևս չկա հասարակության իրական մոտեցումների պատկերը կոնկրետ այս հարցում, բնականաբար, դժվար կլինի նաև ասել՝ արդյոք այս քվեարկությունն արտացոլո՞ւմ է հասարակության իրական տրամադրվածությունը, թե՞ ոչ:

– Ի դեպ, փոքր-ինչ անհասկանալի էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի «ոչ մեխին, ոչ նալին» դիրքորոշումը: Լիբերալ արժեքներ կրող ՀՀՇ-ում դիրքորոշումնե՞ր են վերանայվել:

– ՀՀՇ-ում գաղափարական մոտեցումները չեն փոխվել, և ՀՀՇ-ն, ինչպես ժամանակին, այժմ նույնպես լիբերալ գաղափարախոսության կրող է: Բացի այդ, լիբերալ գաղափարախոսությունը պայմանավորված չէ միայն ԵԱՏՄ անդամակցությամբ կամ այդ անդամակցության դադարեցմամբ: ՀՀՇ-ն մշտապես «կողմ» է եղել արևմտյան արժեհամակարգի տարածմանն ու ամրապնդմանը Հայաստանում ու մշտապես «կողմ» է եղել ընթանալու եվրաինտեգրման ճանապարհով: Բացի այդ, հիշեցնեմ, որ մինչև ԵԱՏՄ անդամագրումը ՀՀՇ-ն կողմ էր ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը: Ի դեպ, նախնական տպավորությամբ՝ կարծես այդ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ էին ընթանում նաև իշխանությունները, սակայն արդյունքում եղավ այն, ինչ եղավ, ու մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ում: Եվ այդ առումով մենք հայտնել ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունները: Թեպետ կարծում եմ՝ բոլորս էլ մոտավորապես ենթադրում ենք գործընթացի կտրուկ շրջադարձի պատճառը: Ես մոտ օրերս առիթ ունեցել եմ ասելու, որ չկա այնպիսի միություն, որը հարատև լինի, ու չկա այնպիսի միություն, որից դուրս գալն անհնար լինի: Ցանկացած միությունից, որին մենք անդամագրված լինենք, ցանկացած պահի կարելի է դուրս գալ, եթե այդ միությունը վերջնականապես ապացուցի իր սնանկությունը կամ դառնա սպառնալիք մեր ազգային անվտանգությանը: Սակայն մենք, որպես պետություն, պետք է փորձենք ցանկացած իրողություն ծառայեցնել առաջին հերթին մեր շահերին: Եթե մենք այսօր ԵԱՏՄ-ում ենք, պետք է փորձենք առաջին հերթին ուղիներ փնտրել այդ միությունից առավելագույն օգուտներ քաղելու համար:

Չկա որևէ միություն, որը ամեն ինչ սկուտեղի վրա մատուցելու է մեզ: Ցանկացած միության հիմքում այդ միության անդամ երկրների քաղաքական և տնտեսական շահերն են, ու եթե, Աստված մի արասցե, մենք չկարողանանք ճկուն քաղաքականության շնորհիվ մինչև վերջ հետամուտ լինել մեր շահերին, ապա դա մեզ չի հաջողվի և ոչ մի միությունում, ինչպիսի արժեքներ էլ այդ միության հիմքում լինեն: Մանավանդ կյանքը ցույց է տվել, որ սովորաբար տարբեր քաղաքական գաղափարախոսություններն ու արժեհամակարգերը մշտապես գործում են երկստանդարտ մոտեցմամբ, ու եթե մենք կատարենք հապճեպ, առանց մանրազնին հաշվարկների քայլեր, ապա դուրս գալով մի տեղից՝ կարող ենք մնալ ձեռնունայն: Պետք է հաշվի առնել նաև, որ փառք Աստծո, մեր հարաբերությունները ԵՄ երկրների և Միացյալ Նահանգների հետ ունեն դինամիկ զարգացման տեմպեր, ու այսպես թե այնպես՝ անձամբ ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Հայաստանը ընթանալու է եվրաինտեգրման ճանապարհով: Ի դեպ, եվրաինտեգրումը պետք  չէ համարժեք դարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը: Կարծում եմ՝ ընթանալով եվրաինտեգրման ճանապարհով՝ մենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բերենք որակական նոր մակարդակի: Ինչևէ, համոզված եմ, որ ինչպես ԵԱՏՄ անդամակցությունը դեռևս չի նշանակում դատավճիռ, այնպես էլ այսօրվա քվեարկության արդյունքները: Ցանկացած նախաձեռնություն որքան էլ այսօր մերժվի, վաղը լիովին հնարավոր է կրկին իրականացնել ու ունենալ քվեարկության միանգամայն այլ պատկեր:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930