Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցին՝ Փոստանջյանին. «Չի՞ կարում ղեկավարի, թող գոնե Պուտինին տա, պրծնենք»

Սեպտեմբեր 29,2017 12:41

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Դիլիջանում համահայկական ընդվզման քարոզարշավ է իրականացնում: Նա շրջում է եւ մարդկանց կոչ անում ոտքի կանգնել, ընդվզել:

Դիլիջանցիներից մեկը Փոստանջյանին բողոքեց. «Անգործ ենք, էն էլ ինչ ձեւի: Հայաստանի արտագաղթի ամենաշատ տոչկեն տվել է Դիլիջանը, այսօրվա դրությամբ էլ հոսքը շարունակվում է»:

Փոստանջյանը հետաքրքրվեց՝ բա այստեղ ինչ-որ կենտրոններ էին բացում, դրանք օգուտ չտվեցի՞ն՝ բնակիչը պատասխանեց. «Դիլիջանցոց համար ոչ մի բան: Միջազգային բանկը բացել են՝ մի հատ դիլիջանցի աշխատող չկա, մի երկու հատ հավաքարար, դպրոցը բացել են՝ մի հատ դիլիջանցի չկա, լրիվ երեւանցի, պահակային բաժինը լրիվ երեւանցի: Ոչ մի հատ դիլիջանցի չկա, ո՞վ ա դիլիջանցոց հաշվի առնում՝ ոչ մեկը: Տաքսու «զնակը» դնում ենք, գալիս ենք, որ մի հատ դեղի փող աշխատենք, կանգնածները լրիվ թոշակառուներ են՝ ինվալիդ, հիվանդ: Կոպեկ չունենք, որ դեղ առնենք»:

Դիլիջանցիներից մեկն էլ ասաց. «Եթե մարդ երեք հատ երեխա ունենա, ոչ մեկը կողքը չլինի, բոլորը չոլում, որ կարողանան գոյություն պաշտպանեն, սա ի՞նչ պետություն ա: Սա պետությո՞ւն ա, սրանք ղեկավարնե՞ր են: Սա խուժանի, խուլիգանի թիվ ա, հո թիվ չի: Լրիվ խուլիգաններ են»:

Փոստանջյանը համաձայնեց. «Այո, խուլիգանական կարգեր են, պետք է միասին հաղթահարենք»: Դիլիջանցիները հարցրեցին՝ «ո՞նց, ձեւն ասա, հաղթահարենք»: Փոստանջյանն էլ պատասխանեց, թե՝ հետեւեք քաղաքական լրահոսին եւ քաղաքական անցուդարձին. «Պատրաստում ենք մեծ համահայկական ընդվզման օր»:

Դիլիջանցիներից մեկը բորբոքվեց՝ «Սերժ Սարգսյանը չի՞ կարում ղեկավարի, թող գոնե Պուտինին տա, պրծնենք, ոչ թե հայաթափվենք: Դիլիջանում մարդ չի մնացել, էսքանս ենք մնացել, մենք էլ ենք գնալու»:

Մի բնակիչ էլ դժգոհեց, որ Դիլիջանի անտառից արգելում են ծառ կտրել. «Չենք կարողանում բերենք վառենք, ցուրտ ա, չենք դիմանում, գազն էլ թանկ ա, ո՞նց անենք»:

Մինչ Զարուհի Փոստանջյանը բացատրում էր, որ պետք է տապալեն այս կարգերը, դիլիջանցիներից մեկը վստահեցրեց. «Մենք հեղաշրջում անող չենք, դա չի լինի: Միայն զենքով»:

Փոստանջյանն էլ հակադարձեց, թե հնարավորություններ շատ ունենք, եթե բոլորը ոտքի կանգնեն նույն օրը, նույն ժամին, իրենք զենք չեն կարող կիրառել: Դիլիջանցին Փոստանջյանին պատկերավոր ներկայացրեց. «Հիմա կանգնած ենք չէ, մլիցեն կարա նենց անի, որ 5 րոպե հետո էլ չլինենք ստեղ»: Փոստանջյանն էլ արձագանքեց, որ եթե բոլոր քաղաքներն ու գյուղերը կանգնեն, այդքան ոստիկան չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930