Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար. համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 20:02

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ քիչ առաջ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագրի ստորագրումից հետո Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում։ Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։ Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար։

Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական Միության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության։

Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա և հաշվի առնելով մեր հանձնառությունները այլ ինտեգրացիոն ձևաչափերում։

Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը և, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի»:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասաց. «Գոհ եմ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման փաստից: Քիչ առաջ նախարար Նալբանդյանին հիշեցնում էի այն ժամանակները, երբ մենք սկսեցինք բանակցությունները և արդեն գործընթացն ավարտին հասցրինք և ստորագրեցինք փաստաթուղթը: Այս նոր փաստաթուղթը կընդլայնի մեր համագործակցության շրջանակը քաղաքական և տնտեսական շահերի շրջանակներում:

Այս փաստաթղթի ստորագրումը փոխշահավետ է Հայաստանի և ԵՄ-ի համար: Այն կընդլայնի համագործակցության շրջանակը էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի և բիզնես միջավայրի բարելավման ոլորտներում և ներդրումների համար նոր միջավայր կստեղծի:

Փաստաթուղթը հիմնված է մեր հիմնական սկզբունքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ: Սա բացառիկ փաստաթուղթ է, քանի որ այն ստորագրվել է մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Փաստաթղթով ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ-ն վստահ է, որ հակամարտությունը պահանջում է շուտափույթ քաղաքական լուծում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930