Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտույտ». «Փարաջանովյան» շարֆերը՝ Միլանի նորաձևության շաբաթում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 26,2017 21:00

Հայկական արվեստի գործերը շարֆերի վերածող «Արտույտ» ապրանքանիշը ներկայացրել է մետաքսյա շարֆերի հավաքածու, որն արտադրվել է Իտալիայում և ցուցադրվել Միլանի 2018թ. գարուն-ամառ նորաձևության շաբաթի շրջանակում:

Ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանը նոր հավաքածուի շնորհանդեսին նշեց, որ այն հիմնված է Սերգեյ Փարաջանովի 5 կոլաժների վրա, բաղկացած է 50 նմուշից: Մետաքսյա շարֆերը Միլանի 2018թ. գարուն-ամառ նորաձևության շրջանակում ներկայացվել են Միլանում՝ Տարիել Բիշարյանի նորաձևության ստուդիայում և մինչ օր ցուցադրած են:

Ընկերության համահիմնադիր և մարկետինգի հարցերով ղեկավար Հովհաննես Պետրոսյանն էլ նշեց, որ շարֆերը պատրաստված են 100 տոկոսանոց բարձրակարգ մետաքսից և արտադրվել են Իտալիայում՝ Moschino բրենդի մատակարար ընկերության կողմից:

«Այսօր մենք սահմանում ենք մեր ապրանքատեսակի որակի մի նոր նշաձող, և սա միջազգային շուկա դուրս գալու մեր առաջին քայլն է, որովհետև հենց այս որակն էր ակնկալում մեզնից միջազգային շուկան»,- ասաց Հովհաննես Պետրոսյանը՝ հավելելով, որ նախկինում շարֆերի համար օգտագործվում էր ատլաս՝ մետաքսի մանրաթելերով:

«Արտույտ» ապրանքանիշը հիմնադրվել է 2016թ. հոկտեմբերին՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը Հայաստանում և Հայաստանից դուրս: Ընկերությունը համագործակցում է ժամանակակից նկարիչներ Միրան Ավետիսյանի, Կարեն Սմբատյանի, Տաթև Ղամբարյանի, ինչպես նաև թանգարանների՝ Մատենադարանի, Երվանդ Քոչարի և արդեն Սերգեյ Փարաջանովի թանգարանների հետ: Ընկերության դիտահորիզոնում է նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, իսկ «Պրեգոմեշ» ընկերության համար արտադրված զարդատառերով էքսկլյուզիվ մետաքսյա շարֆեր շուտով կհանվեն վաճառքի:

Միջոցառմանը ներկա էին Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, նկարիչ-աբստրակցիոնսիտ Միրան Ավետիսյանը և արվեստն ու նորաձևությունը գնահատող այլ հյուրեր:

Միլանից տեսազանգով միացած Տարիել Բիշարյանը նշեց, որ «Արտույտի» հետ համագործակցության պայմաններից մեկը եղել է այն, որ դրանք լինեն մետաքսյա, քանի որ «լյուքս» դասի արտադրանք են: Այսօր, նրա խոսքով՝ «փարաջանովյան» շարֆերը չեն զիջում միջազգային բրենդերին, ավելին իրենց հետ բերում են նոր գույներ և նոր չափսեր:

Ի դեպ, միջազգային շուկա դուրս գալու առաջին քայլերն ապահովում է նաև առցանց վաճառքը կայքի միջոցով: Ընկերության շարֆերն արդեն առաքվել են ԱՄՆ և Բելգիա:

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930