Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը 1.30-ին երեխայիդ թեւից քաշում ես, ասում ես՝ ո՞ւր, սա բռնի գործողությո՞ւն է. Ընտանեկան բռնության օրենքը ԱԺ-ում է

Նոյեմբեր 30,2017 16:51

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին աղմկահարույց նախագիծն է քննարկվում:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի խոսքով՝ «Քննարկումների ընթացքում չասեմ ապատեղեկատվություն, բայց եղան ոչ ճիշտ ընկալումների, տարբեր բնույթի մեղադրանքներ, բայց քննարկումների արդյունքները դրական ենք գնահատում, որովհետեւ արդյունքում կարողացանք հասկանալ այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված գոյություն ունեցող մտահոգությունները: Մտցվեցին որոշակի փոփոխություններ, շտկումներ, որոնք վերաբերում են ե՛ւ նախագծի անվանմանը, ե՛ւ տարբեր ինստիտուտներին վերաբերող ձեւակերպումների հստակեցմանը: Մենք բավականին դրականորեն փոփոխված նախագիծ ենք բերել»:

Փոխնախարարն ասաց, որ երեք նպատակ է հետապնդում օրենքը՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանիքում համերաշխության պահպանումը: Անգամ նախական տարբերակում հստակ մեխանիզմները, որոնք ուղղված էին այս նպատակների իրականացմանը, առկա էին, բայց փոփոխություն է կատարվել, որ վերնագիրը առավել հստակ կարգավորի խնդրի էությունը եւ համապատասխան շեշտադրումներ լինեն:

Վիգեն Քոչարյանն ասաց, որ օրենքը հստակեցնում է ընտանեկան բռնություն հասկացությունը: Նա նշեց, որ ոստիկանության հատուկ մասնագիտացված ներկայացուցիչը, որը օժտված է համապատասխան գիտելիքներով, փորձառությամբ, կարող է զբաղվել ընտանեկան բռնության դեպքերով եւ միջոցներ ձեռնարկել՝ դրանք կանխարգելելու համար:

Փոխնախարարի խոսքով՝ աջակցման կենտրոնները մաս են կազմելու սոցիալական ծառայությունների եւ ապաստարանների: Ապաստարանը ընդամենը ապահով կացարան է, որտեղ ժամանակավորապես ընտանիքում բռնությունից տուժածները կարող են տեղավորվել, մինչեւ այդ ընտանիքի համար բարդ իրավիճակը կարգավորվի: Տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում էլ ավելի են հստակեցվել նախատեսվող կարգավորումները, որ տարօրինակ մեկնաբանությունների որեւէ տեղ չմնա եւ փարատվեն գոյություն ունեցող մտահոգությունները, որոնք տեսնում էին նախնական տարբերակում:

Հանձնաժողովի փոխնախագահ Մախմուդյանը հարցրեց, թե ինչ են հասկանում այլ բռնի գործողություններ հասկացության տակ եւ ինչ են հասկանում ֆիզիկական ցավ հասկացության տակ: Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ բոլոր ձեւակերպումները՝ ծեծը եւ այլ բռնի գործողություները վերցրել են Քրեական օրենսդրությունից, դրանք երկար տարիներ արդեն գոյություն ունեն եւ այս օրենքում էլ մեկնաբանվելու են ճիշտ այդպես, ինչպես Քրեական օրենսգրքում է:

Վիգեն Քոչարյանն ասաց, որ սեռական բռնության դեպքում էլ հղում է կատարվում Քրեական օրենսդրությանը եւ բռնության այդ տեսակը նույնպես պետք է մեկնաբանվի այդ նույն քրեական իրավունքի դաշտում:

Մախմուդյանն ասաց, որ ընտանիքի ներսում այլ բռնի գործողությունները որոշելը այլ բան է, քրեական դեպքերի ժամանակ՝ այլ. «Եթե երեխան ուզում է ժամը 1.30-ին դուրս գալ, դու թեւից քաշում ես, ասում ես՝ ուր ես գնում, սա այլ բռնի գործողություն է, թե՞ այլ բռնի գործողություն չէ»:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ «Ոչ մեկի մտքով չի անցնում թեւից քաշելը մտցնել այս օրենքի տակ»: Նա ասաց, որ Քրեական օրենսգրքում այդ ձեւակերպումը ավելի քիչ մտահոգիչ չէ, քան այս օրենքում:

Պատգամավորները նաեւ հարցրեցին՝ ինչո՞ւ պիտի ոստիկանը միջամտի ընտանեկան դեպքերին, վեճերին: Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ ցանկացած ոստիկան չի կարող միջամտել, բայց եթե հատուկ հմտություններ ունեցող ոստիկանը գալիս է դեպքի վայր եւ տեսնում է, որ ուրիշի կյանքին, առողջությանը սպառնացող վտանգ կա, ինչպե՞ս չմիջամտի: Բացի այդ, նա նշեց, որ ոստիկանները կարող են անգամ ազատությունից զրկել, ձերբակալել մարդուն, եթե կասկածում են, որ նա հանցագործություն է կատարել, հետեւաբար անհետաձգելի միջամտության որոշումն ավելի խիստ գործողություն չէ, քան մարդուն ազատությունից զրկելը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր ելույթում անդրադարձավ դրան: Նա ընդգծեց, որ նախկին ձեւակերպումը վիճահարույց էր, իսկ հիմա, երբ ամրագրված է, որ ընտանիքի անդամի կյանքին, առողջությանը սպառնացող ակնառու վտանգի դեպքում միայն ոստիկանը կարող է որոշում կայացնել, միջամտել, ոչ թե աջուձախ ամեն բռնության դեպքում մեկուսացնի կնոջը ամուսնուց կամ երեխային ծնողից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930