Լրահոս
Օրվա լրահոսը

10 մլն-ից ավելի եկամուտ ունեցող հարուստները իրենց թույլ են տվել պետության արտոնությունից օգտվելով՝ 5-6 տուն ձեռք բերել

Դեկտեմբեր 12,2017 15:58

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը (լուսանկարում) ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: 240 դրույթներում փոփոխություն է առաջարկվում անել, որոնցից բովանդակային փոփոխությունները շուրջ 30-նն են:

Օրինակ, փոփոխություններից մեկն այն է, որ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ հարկային մի շարք արտոնություններ վերացրել էին, հիմա գտնում են, որ սխալ են վարվել: Ներգնա մասնագիտացված տուրիզմի տնտեսվարողներից մտահոգություններ են լսել եւ որոշել ներգնա տուրիզմը ԱԱՀ-ից ազատելու նորմը վերականգնել: Անանյանն ասաց, որ կառավարությունը առայժմ վերականգնում է արտոնությունը՝ 3 տարի հետո այն նորից քննարկելու նպատակադրումով:

Պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղիների ակցիզային հարկի դրույքաչափերը վերանայում են: Պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղիների արժեքը, ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, 1 լիտրը 3.500-4000 դրամի սահմաններում է, երբեմն հասնում է 7000 դրամի: Ակցիզային հարկի գծով լինելու են էական հարկային խնայողություններ:

Բազմակի օգտագործման տարաների հարկման հետ կապված խնդիր կա, ԱԱՀ-ով հարկման շրջանակի մեջ չեն մտնում, ստացվում է, որ տարայի հարկումը ԱԱՀ-ից ազատված էր, հիմա առաջարկում են, որ այն դեպքում, երբ տարան վերադարձելի չէ, այդ տարայի օտարման գործարքը միայն ազատվի ԱԱՀ-ից:

Մյուս կարեւոր փոփոխությունը հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցմանն է վերաբերում: Դավիթ Անանյանն ասաց. «Կառավարությունը մոնիտորինգի է ենթարկել վերջին 3 տարիներին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ եկել եզրակացության, որ այն նպատակադրումները, որ եղել են՝ ստեղծել գնողունակության պահանջարկ շինարարության ոլորտում, սոցիալական բաղադրիչը հաշվի առնել, չի արդարացրել իրեն: Դրանից օգտվել է հանրության գնողունակ հատվածը, անտեսվել է սոցիալական բաղադրիչը: Հիմա կառավարությունը հանում է  բիզնեսի նպատակադրումները: Եթե պետբյուջեի եկամուտների հաշվին ֆինանսավորվում  է տնտեսության որեւէ ճյուղ, ապա շինարարության ոլորտը այն բացառիկ ճյուղը չէ, որտեղ եկամուտների հաշվին ներդրումներ կատարեն: Շատ ավելի առաջնահերթ ճյուղեր կան, որտեղ ներդրում անելով՝ հնարավոր է ունենալ տնտեսական աճ»:

Հետևաբար` կառավարությունն առաջարկում է, որ այսուհետեւ բազմաբնակարան շենքի կառուցապատողից բնակարանի այդ համակարգով ձեռքբերման, անհատ ձեռնարկատեր եւ կազմակերպություն հանդիսացողից բնակելի տուն ձեռք բերելու առավելագույն շեմ սահմանել 55 մլն դրամը: Երկրորդ սահմանափակումն այն է, որ առանձնատուն ձեռք բերելիս, բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելիս եւ պետության համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքների ժամանակ եկամտային հարկի հետ ստացման, այսինքն, պետության համաֆինանսավորման շեմ է սահմանվում եռամսյակի համար 1.5 մլն դրամը: Նաեւ այսուհետեւ՝ 2018-ի հունվարի 1-ից հետո անձը այս համակարգից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք 55 մլն դրամ սահմանում բնակարանի արժեքի համար: Փոխնախարարը պատասխանեց, որ դա նորմալ բնակարան է՝ կենտրոնում: Պարոն Անանյանն ասաց, որ պետությունը իր սուղ միջոցներով չի կարող օգնել, որ մարդիկ ձեռք բերեն 2-րդ, 3-րդ բնակարանը:

Գորգիսյանը հարցրեց՝ ենթադրենք ընտանիքն ապրում է 2 սենյականոց բնակարանում, հետագայում 4 երեխա են ունենում եւ բնակարանը արդեն փոքր է իրենց համար, այս նախագծով վնասում ենք դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը: Դավիթ Անանյանն էլ պատասխանեց. «Անձը, եթե այս համակարգի միջոցով մեկ անգամ ձեռք է բերել բնակարան, երկրորդ անգամ ձեռք բերելու դեպքում պետք է օգտագործի իր սեփական միջոցները»:

Փոխնախարարն ասաց, որ կառավարությունը գտնում է, որ ավելի լավ է այդ միջոցներն ուղղեն այն ընտանիքներին, որոնք չունեն բնակարան, քան թե օգնեն գնողունակ մարդկանց: Իսկ մոնիտորինգի արդյունքները, ըստ փոխնախարարի, ցույց է տվել, որ անգամ մարդիկ, որոնք 10 մլն-ից ավելի եկամուտ ունեն, իրենց թույլ են տվել այս համակարգով 5-6 անձանց գույք ձեռք բերել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031