Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում հանձնել են «Ոսկե գլոբուսը». ովքե՞ր են ստացել կինոփառատոնի գլխավոր մրցանակները (ֆոտոշարք)

Հունվար 08,2018 12:40

Լոս Անջելեսում անցկացված «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությանը լավագույն դրամատիկական ֆիլմ անվանակարգում հաղթել է Մարտին Մակդոնախի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում պայքարում էին մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը», Քրիստոֆեր Նոլանի «Դյունքըրք», Սթիվեն Սպիլբերգի «Գաղտնի գործ» և Լուկա Գուադանինոյի «Կոչիր ինձ իմ անունով» ֆիլմերը:

Բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Մակդոնախի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում Ֆրենսիս Մաքդորմանդի մարմնավորած հերոսը փորձում է ստիպել ոստիկանությանը քննել իր դստեր սպանության գործը: Ֆիլմը «Ոսկե գլոբուս» է ստացել նաև լավագույն սցենարի (Մարտին Մաքդոնախ), լավագույն կանացի դերի (Ֆրենսիս Մաքդորմանդ) և երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի (Սեմ Ռոքուել) համար: Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվել է Էլիսոն Ջենին («Տոնյան ընդդեմ բոլորի»):

Լավագույն դերասանուհու անվանակարգում Մաքդոմարդի հետ պայքարում էին Մերիլ Սթրիփը, Ջեսիկա Չեսթեյնը («Մեծ խաղ»), Սափլի Հոքինսը («Ջրի ձևը») և Միշել Ուիլյամսը («Աշխարհի բոլոր փողերը»): Արձանիկը ստանալիս Ֆրենսիս Մաքդոնախը խոստացել է մրցանակաբաշխության ավարտին իր մրցակիցներին հյուրասիրել տեկիլայով:

Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է բրիտանացի Հարի Օլդմենը: Նույն անվանակարգում ներկայացված էին Թոմ Հենքսը («Գաղտնի գործ»), Թիմոթի Շալամեն («Կոչիր ինձ իմ անունով»), Դենիել Դեյ-Լյուիսը («Ուրվական-շարան» (Phantom Thread)) և Դենզել Վաշինգտոնը («Ռոման Իզրաէլ Էսք») ֆիլմերը:

Մրցանակի ստանալիս Օլդմերն առանձին շնորհակալություն է հայտնել ֆիլմի դիմահարդարերին և վերջում՝ Ուինսթոն Չերչիլին, որի մարմնավորման համար ստացել է մրցանակը:

Գիլերմո դել Տորոն մրցանակ է ստացել «լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Այս անվանակարգում ներկայացված էին նաև Սթիվեն Սպիլբերգը («Գաղտնի գործ»), Ռիդլի Սկոտը («Աշխարհի բոլոր փողերը»), Մարտին Մակդոնախը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի») և Քրիստոֆեր Նոլանը («Դյունքըրք»):

Կատակերգություն/մյուզիքլ անվանակարգում արձանիկ է ստացել «Լեդի բըրդ» ֆիլմը: Մրցանակը ստանալիս ռեժիսոր Գրետա Գերվիգը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության հիմնադիրներին և բոլոր նրանց, որոնց հետ աշխատել է ֆիլմի վրա:

Կնոջ լավագույն երգիծական դերի համար մրցանակ է ստացել Սիրշա Ռոնանը՝ շրջանցելով էմմա Սթոունին («Սեռերի պայքար»), Ջուդի Դենչին («Վիկտորյա և Աբդուլ»), «Հելեն Միրենին» («Տոնի փնտրտուքներում») և Մարգո Ռոբիին («Տոնյան ընդդեմ բոլորի»):

Տղամարդու լավագույն երգիծական դերի համար «Ոսկե գլոբուսի» է արժանացել Ջեյմս Ֆրանկոն՝ «Աղետ-արտիստ» ֆիլմում մարմնավորած դերի համար: Նույն անվանակարգում Ֆրանկոյի հետ պայքարում էին Հյու Ջեքմանը («Մեծագույն շոումեն»), Սթիվ Քարելը («Սեռերի պայքար»), Էնսել Էլգորթը («Բեյբի դրայվեր»), Դենիել Կալույան («Դու՛րս»):

Լավագույն երաժշտություն անվանակարգում հաղթել է Ալեքսանդր Դեփլան «Ջրի ձևը» ֆիլմի համար: «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում մրցանակ են ստացել «Դա ես եմ» կոմպոզիցիայի հեղինակներ Բենջ Պասեկը և Ջասթին Փոլը «Մեծագույն շոումեն» ֆիլմից:

 «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է գերմանական «Եզրագծին» ֆիլմը:

Լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում հաղթել է Hulu ընկերության «Աղախնի պատմությունը» սերիալը: Այդ անվանակարգում վերջինիս հետ պայքարում էին Netflix ընկերության «Շատ տարօրինակ բաներ» և «Թագ», HBO-ի «Գահերի խաղ» և NBC-ի «Դա մենք ենք» ֆիլմերը:

Սերիալի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Էլիզաբեթ Մոսը, սերիալում լավագույն տղամարդու դերի համար՝ «Դա մենք ենք» սերիալում նկարահանված Սթերլինգ Ք. Բրաունը:

Լավագույն երգիծական սերիալ անվանակարգում հաղթել է «Զարմանալի միսիս Մեյզել» ֆիլմը, իսկ լավագույն մինիսերիալ անվանակարգում՝ «Մեծ փոքրիկ սուտ» սերիալը: Մինիսերիալում կնոջ լավագույն դերի համար մրցանակ է ստացել նույն սերիալում նկարահանված Նիկոլ Քիդմանը, երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ալեքսանդր Սկարսգարդը:

«Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմը:

«Ոսկե գլոբուս» 75-րդ կինոմրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, որտեղից ուղիղ հեռարձակում է իրականացրել NBC հեռուստաալիքը: Մրցանակաբաշխությունը հանձնվել է 25 անվանակարգերում:

Ի զորակցություն կինոինդուստրիայում սեռական ոտնձգությունների զոհերի՝ հյուրերի մեծ մասը մրցանակաբաշխությանը ներկայացել է սև հագուստով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031