Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քննվող գործով դատավարությունը նպատակաուղղված հաշվեհարդար է»

Հունվար 24,2018 18:30

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

08/12/2017թ.-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Հայկ Կյուրեղյանի անունից ներկայացված գանգատը:

Կարծում եմ, որ Հայկ Կյուրեղյանի գործին հետեւողներից քչերը գիտեն այս դեպքի մասին, առավել եւս դրա մանրամասները: Հայկը նույնպես 3,5 տարի այս մանրամասները չի հրապարակել: Իր փաստաբաններից բացի, միայն շատ սահմանափակ շրջանակով մարդկանց են հայտնի եղել դրանք: Հայկը չէր ցանկացել հրապարակել իր այս գործի եւ իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները, որովհետեւ կարծում էր եւ հիմա էլ է կարծում, որ այն լրացուցիչ հանրային ուշադրություն է գրավելու, որը պետք էր իր կարծիքով այլ՝ ավելի կարեւոր խնդիրների լուծման վրա կենտրոնացնել: Բայց, քանի որի ՄԻԵԴ-ն արդեն հրապարակել է սույն գործի հիմքում եղած փաստերի շարադրանքը, սա ես հակիրճ կշարադրեմ, այստեղ մնալու համար, քանի որ սրան դեռ անդրադառնալու առիթներ շատ են լինելու եւ միայն ՄԻԵԴ վճռով էլ այս պատմությունը չի ավարտվելու:

Հայկ Կյուրեղյանի փաստաբանները, ավելի ճիշտ՝ Փաստաբանները (մի փոքր կասեմ, ինչու հենց այսպես), այս գործի փաստերի մասին տեղեկությունները՝ դրանց հիման վրա մանրամասն իրավական վերլուծություններով եւ կից դատավարական ապացույցներով հետեւողականորեն ներկայացված են եղել իրավապահ բոլոր վերաբերելի եւ իրավասու ատյաններին՝ ոստիկանություն, քննչական մարմիններ (ՀՔԾ եւ ՔԿ):

Վերջիններիս որոշումները հետեւողականորեն բողոքարկվել են դատախազներին, վերջիններիս որոշումներն էլ՝ եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյաններին: Բնականաբար՝ բացարձակապես անարդյունք:

Ի սկզբանե ասեմ, որ սա ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվող այն գործը չէ, որը վերաբերում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ դատավարական նվազագույն երաշխիքների խախտումներով տեղի ունեցած դատավարության ընթացակարգային արդարության եւ արդյունքի վիճարկմանը: Այդ մասին քիչ հետո կասեմ: Սա այլ գործ է, որի դեպքերը մինչ այդ են տեղի ունեցել:

ՓԱՍՏԵՐԸ

Հայկը, համոզված լինելով, որ Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քննվող գործով դատավարությունը նպատակաուղղված հաշվեհարդար է ամբաստանյալների նկատմամբ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ` 12/06/2014թ.-ի ժամը 11-ի սահմաններում նույն դատարանի դիմաց բարձրացել է կայանած ավտոմեքենաներից վրա եւ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով, որից անմիջապես հետո ոստիկանների կողմից ձերբակալվել, ձեռնաշղթանելով կալանվել, ապա բերման է ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

Ձերբակալման վայրից մինչ ոստիկանության Կենտրոնականի բաժին հասնելու ողջ ընթացքում, ոստիկանության ավտոմեքենայում գտնվող վարորդից բացի մյուս բոլոր ոստիկանները ձեռնաշղթաները ձեռքերին գտնվող Հայկին հայհոյելով դաժանորեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով տարբեր աստիճանի եւ բնույթի մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, հասնելով ոստիկանության բաժին, դրա վարչական շենքի աշխատասենյակներից մեկում Հայկին մեկուսացրել են խոշտանգումներով ուղեկցած ոստիկաններից երկուսը և նրանց միացած այլ ոստիկանների հետ խմբով շարունակել են դաժանորեն ծեծել, հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածների:

Սրանից հետո ոստիկանները Հայկին, բառացիորեն ձեռքերի վրա պահած, տեղափոխել են նույն բաժնի վարչական շենքի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Հայկին սկսել են ծեծել իրենց «մարտական ընկերներին» օգության հասած ոստիկանության այլ աշխատակիցներ: Ավել մանրամասներ այս հրապարակման նյութը չերկարացնելու նպատակով չեմ դնի այստեղ:

Ավելորդ է ասել, թե ինչպես են նման դեպքերը կոծկվում եւ հետքերը աննկատ վերանում: Հետք ասելով նկատի ունեմ, թե մարմնական վնասվածքի, թե դրա մասին իրավական նշանակություն ունեցող արձանագրումների: Բայց դա, պետք է իմանալ, որ հեշտ գործ չէ, երբ գործում կա փաստաբան: Եւ ես նկատի ունեմ՝ Փաստաբան:

Հայկի մարմնի վրա եղած վնասվածքները ամբողջությամբ անտեսել ի վիճակի չեն եղել կամ էլ՝ չեն համարձակվել չնկատել նույնիսկ ոստիկանական ենթակայության տակ գտվող պաշտոնյաները: Դրանց, առնվազն մի մասը արձանագրվել է եւ համապատասխան հաղորդումներ եւ բողոքներ են ներկայացվել:

Ինչպես արդեն նշեցի, խոշտանգումների կիրառմանն առնչակից ավելի քան 10 ոստիկանների եւ դրանց ղեկավարների վերաբերյալ հաղորդումների հիման վրա մի քանի քննիչների եւ նրանց պետերի մասնակցությամբ քննված քրեական գործերում առնվազն երկու-երեք դատախազ որեւէ տարօրինակ բան չի նկատել, ինչպես եւ առնվազն մի քանի դատավոր առաջին եւ վերաքննիչ ատյաններում եւ մոտ մեկ տասնյակ էլ՝ Հայաստանի վերին դատական ատյանում:

Ու այս բոլորը միասին ի վիճակի չեն եղել հետեւյալ հարցին տալ որեւէ հիմնավոր եւ պատճառաբանված պատասխան, որպեսզի նույն հարցը իրենց բոլորին միաժամանակ չտրվի միջազգային դատարանի կողմից.

«Արդյո՞ք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կենտրոնի ոստիկանություն տեղափոխվելու ընթացքում եւ այնտեղ հասնելիս` հակառակ Կոնվենցիայի 3 հոդվածի (Խոշտանգման արգելք) պահանջի»:

ՀԳ1. Ես այլ մեկնաբանություն այս պահին չեմ ցանկանում հնչեցնել: Վճռից հետո, հավանաբար իրավունքների խախտումների մասին ՄԻԵԴ մանրամասն վերլուծությունից հետո: Ու, քանի որ գրեցի այս գործում հիշատակեցի Փաստաբանների մասին, ապա ավարտեմ միտքս. Lusine Sahakyan եւ Yervand Varosyan, շնորհավորում եմ:

ՀԳ2. Ասացի, վերեւում, որ սա Հայկի դատապարտման գործը չի: Բայց դա չի նշանակում, որ դա անհետեւանք մնաց: Տեղեկացնեմ, որ Հայկի նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտումների, մասնավորապես՝ (1) նրա քրեական գործով դատաքննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքի, (2) իր կամ իր ընտրությամբ պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի, (3) իր գործով անաչառ դատարանի իրավունքի, (4) իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու իրավունքի եւ (5) կարծիքի (ոչ դրա արտահայտման) իրավունքի խախտումների վերաբերյալ Mushegh Shushanyan ներկայացրած մեկ այլ դիմումի ընթացքից էլ, հուսով եմ մոտ ժամանակներս կրկին լուր կունենաք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031