Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային քննարկում՝ ԼՂ հարցի շուրջ. Առաջարկում են ՌԴ-ին` դուրս հանել զորքերը 102-րդ ռազմաբազայից, փոխել Մինսկի խմբի ձեւաչափը

Մարտ 15,2018 14:21

Այսօր Կովկասի ինստիտուտը «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ներկայացրեց իրենց կառավարության դիրքորոշումը ԼՂ հարցում: Նա նախ նշեց, որ բոլորն էլ գիտեն՝ լուծումը պարզ չէ, եթե պարզ լիներ՝ այդ հակամարտությունը տասնամյակներ առաջ լուծված կլիներ. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խթանմանը: Այս ծրագիրը դիտարկում ենք՝ որպես հնարավորություն՝ հասարակության եւ որոշում կայացնողների միջեւ խաղաղությանը նպաստող ճանապարհների շուրջ քննարկում ծավալելու»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ 2016-ի սրացումից հետո ժամանակն է երկրի ներսում եւ միջազգային հարթակներում վերանայել ռազմավարությունը հակամարտության հարցում:

Իսկանդարյանն ասաց, որ ապրիլի սրացումը էականորեն փոխեց իրավիճակը՝ առնվազն ՀՀ եւ Ադրբեջանի հասարակությունների տեսանկյունից: Սրացումը ամրապնդեց այն միտումները, որոնք առկա էին տարիներ շարունակ: Նա ասաց, որ Կազանյան հանդիպումը վերջին լուրջ փորձն էր՝ բեկման հասնելու բանակցային գործընթացում:

Հետո նա խոսեց շփման գծում լարվածության աճին, միջադեպերի ավելացման մասին: Ըստ պարոն Իսկանդարյանի, ապրիլյան սրացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են բռնությունը նվազեցնել եւ զսպել: Մինսկի խմբի ջանքերը ապրիլյան սրացումից հետո ուղղված են եղել հարաբերական խաղաղությունը պահպանելուն: Հակամարտության լուծումը փոխարինվել է հակամարտության կառավարմամբ»:

Իսկանդարյանն անդրադարձավ Ալիեւի հայտարարությանը՝ Երեւանը պատմական հող համարելու մասին եւ ասաց, որ Ադրբեջանն իր քաղաքացիական հասարակության սուբյեկտներին է հետապնդում, անկախ լրագրողների հետապնդում, որոնք խաղաղության ջանքերին են աջակցում: Վերջին տարիներին սոցիոլոգները ուսումնասիրություններ չեն կատարել Ադրբեջանում, նրանք ենթարկվում են գրաքննության. «Ադրբեջանը իրականացնում է հետեւողական եւ մտածված ռազմավարություն, որի նպատակն է խաղաղության բանակցությունների մեջ մնալ, միեւնույն ժամանակ՝ ռազմական գործիքներով ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Բանակցելու եւ միաժամանակ կրակելու մարտավարությունը արդյունավետ է տվյալ դեպքում»:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ միջազգային հանրությունը շարունակելու է իր ջանքերը, լինելու է քաղաքական ճնշման գործիքների պակաս, միջնաժամկետ հատվածում ռազմական գործիքներ կիրառելու անհրաժեշտություն չի լինի: ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները, իրավիճակը Թուրքիայում եւ այլն, այս ամենը հաշվի առնելով, ըստ նրա, հիմքեր չկան մտածելու, որ հավասարակշռությունն էականորեն կփոխվի առաջիկայում. «Բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, եթե չկա կայուն հրադադար: Դիսկուրսը պետք է պակաս թշնամական դառնա՝ կանխելու համար կոնֆլիկտի մեջ ատելության խոսքը: Ատելության խոսքը պետք է դադարեցնել»:

Քննարկման մասնակիցներից մեկը Իսկանդարյանին հարցրեց՝ չե՞ք կարծում, որ եթե առաջիկայում ՌԴ-ն դուրս բերի իր զորքերը 102-րդ ռազմաբազայից, ով կդառնա գլխավոր դերակատարը եւ ճիշտ չի՞ լինի ձեւաչափը փոխել, ԼՂՀ խնդիրը ֆրանս-բրիտանական հարթակ տեղափոխել եւ դրանով վերջ տալ ընդհանրապես պատերազմին:

Իսկանդարյանը պատասխանեց, որ Մինսկի խումբը բավականին մեծ ավանդ ունի, 1992-ից աշխատում է. «Ես չգիտեմ ուրիշ այնպիսի ձեւաչափ, որտեղ Եվրոպան, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն աշխատում են միասին՝ փորձելով ինչ-որ հակամարտություն լուծել: Կարող է Աֆղանստանը, ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ է աշխատում, բայց Մինսկի խմբի նման ֆորմալ խումբ չկա: Քիչ թե շատ երեքն էլ աշխատում են մոտավորապես նույն տեսակետով՝ պատերազմ պետք չէ: Այդ ձեւաչափն, ինձ թվում է պետք է մնա: Եթե այդ ձեւաչափը քանդվի, ուրիշ ձեւաչափ դժվար թե կարողանանք ստեղծել: Այդքան էլ արտակարգ ձեւաչափ չի, շատ բաներ չեն ստացվում, բայց այդ ձեւաչափը, ինձ թվում է, առնվազն տարիներ կմնա»:

Իսկ ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանին խնդրեցին մանրամասնել ելույթում իր հնչեցրած դրույթը, թե հանրությունը պատրաստ չէ արցախյան խնդրի լուծմանը: Դեսպանի արձագանքը հետեւյալն էր՝ «Ես չեմ ուզենա այդ հարցին պատասխանել, ես ներկայացնում եմ այն, որ դեմ առ դեմ զրույցների ընթացքում նման տպավորություն ունեմ, որ հանրությունը պատրաստ չէ զիջման: Կլսեմ փորձագետների կարծիքները»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ հարցրեց՝ կան գնահատականներ, որ այսօր նախապայմաններ չկան, որ ԼՂՀ հարցը լուծվի, իսկ ի՞նչ պետք է անել, որ այդ նախապայմանները ստեղծվեն: Գիտաժողովի կազմակերպիչներն ասացին, որ այդ հարցի պատասխանը կփորձեն գտնել առաջիկա օրերին՝ փորձագետների հետ քննարկումների ընթացքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031