Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին հնչել են մտքեր, որոնք մտահոգել են մեզ». Փաշինյան. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 19,2018 12:50

«Ազատություն» ռադիոկայան. «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ճակատն իր երկրորդ հանրահավաքն անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հայտարարվեց, որ գլխավոր նպատակն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, և պատրաստ են միավորվել ու համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն նույն նպատակը։

Ավելի վաղ Փաշինյանն էր հայտարարել, որ «անընդունելի է համարում» Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը։

Հանրահավաքը վարող քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հանրահավաքին, մասնավորապես, նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի և խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունները։

«Ազատության» հարցին, թե «արդյո՞ք այս ճակատն այն հարթակն է, որտեղ կարող եք դուք հանդես գալ, միանալ նրանց, կամ համատեղ ինչ-որ գործողություն իրականացնել», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. – «Տեսեք՝ մենք ասել ենք, որ մենք ունենք գործողությունների ծրագիր և մենք այդ գործողությունների ծրագիրը քննարկում ենք, էդ գործողությունների ծրագիրը իրագործվելու է։ Մենք ունենք մի շարք խնդիրներ, նախապայմաններ՝ կապված ընդհանուր դաշտի հետ, և այդ պայմաններից կարևորագույնը ոչ-բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքն է և այնպիսի ոչ-բռնի քաղաքացիական պայքարը, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում: Ընդ որում՝ ես ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ որևէ մեկը չմտածի, թե մենք խոսում ենք ինչ-որ նրբիկ և փխրուն շարժման մասին, ո՛չ, մենք խոսում ենք շատ կոշտ և վճռական շարժման մասին, բայց որը շատ հստակ մնում է ոչ-բռնի քաղաքացիական պայքարի, ոչ-բռնի պայքարի շրջանակներում, և մենք բացառում ենք որևէ տիպի զարգացում, որը մեզ դուրս կբերի այս սկզբունքից»։

Ճշտող հարցին, թե այս ճակատում նման վտանգ տեսնո՞ւմ են, ճակատում չե՞ն կիսում «Ելք»-ի կարծիքը, Փաշինյանը պատասխանեց. – «Համենայն դեպս, մենք պաշտոնական քննարկումներ չենք ունեցել, ես չեմ կարող ասել՝ կիսում են կամ չեն կիսում, բայց կարող եմ ասել, որ նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ մենք մտահոգություն ունենք և այդ մտահոգությունն էլի ոչ-պաշտոնապես՝ անձնական զրույցների ֆորմատով մեր գործընկերներին փոխանցել ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031