Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, հարմար է բոլորին». Արմեն Ալավերդյան

Մարտ 30,2018 20:08

«Մեդիա կենտրոնում» կայացավ մամլո ասուլիս՝ «Ներառական կրթությունը թանգարաններում. թանգարան առանց խոչընդոտների» թեմայով, որի ընթացքում ոլորտի մասնագետները ներկայացրեցին ՀՀ թանգարաններում առկա խնդիրները՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության առումով, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

«Ինչո՞վ ենք մենք տարբերվում, ինչո՞վ ենք հետ զարգացած երկրներից: Որևէ զարգացած երկրում ուղղակի բացառվում է, որ պետական հիմնարկներում, մշակութային օջախներում՝ թանգարաններում, գրադարաններում և նման այլ հաստատություններում, չլինեն հարմարեցված պայմաններ՝ մուտք, սանհանգույց, մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- նշեց «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:

Վերջինս անհրաժեշտ է համարում «Թանգարանները բոլորի համար են» քաղաքականության որդեգրումը՝ նկատելով, որ այդ հաստատություններում ենթակառուցվածքային փոփոխությունները ծախս չեն ենթադրում, այլ ներդրում, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը թոշակի անցած մարդիկ են և հիվանդության կամ տարիքի պատճառով կարող են հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունենալ. «Այսպիսի զբոսաշրջիկների մի հսկայական բանակ կա, որն ուսումնասիրելով Հայաստանի վիճակը, տեղեկանում է, որ այստեղ հնարավոր չէ այցելել տեսարժան վայրեր և թանգարաններ: Իսկ այն թանգարանները, որոնք ունեն համապատասխան հարմարեցումներ, չեն տրամադրում համապատասխան տեղեկատվություն իրենց պաշտոնական կայքերում»:

Անդրադառնալով ՀԿ-ի հրապարակումներին՝ պարոն Ալավերդյանը շեշտեց. «Մենք խոսում ենք ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, այլ ունիվերսալ դիզայնի մասին. դա այն ճարտարապետությունը կամ տրանսպորտն է, որը հարմար է բոլորին. այն, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, հարմար է բոլորին»:

Ըստ պարոն Ալավերդյանի՝ այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները արագորեն և արդյունավետ կերպով կնպաստեն երկրի իմիջի զարգացմանը և տնտեսական վիճակի բարելավմանը:

Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը նշեց, որ, թանգարանների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանն ուղղված ամենամյա դասընթացների ավանդույթը շարունակելով, Լեհաստանից հրավիրել են ներառական կրթության մասնագետ Մարեկ Յակուբովսկուն, ով ապրիլի 3-ին վարպետաց բաց դաս, իսկ ապրիլի 4-ից 6-ը՝ խորացված դասընթաց-վարժանք կանցկացնի թանգարանների մասնագետների համար Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: «Դասընթացի նպատակն է լինելու ձևավորել համապարփակ աշխատանքային փաստաթուղթ, որը թանգարանների համար սեղանի գործիք կդառնա»,-ասաց պարոն Մկրտչյանը:

«Աուտիզմ» ազգային հիմնադրամի դեռահասների ծրագրի ղեկավար Ինեսսա Հարությունյանը խոսեց մտավոր, զգայական, վարքային խնդիրներ ունեցող երեխաների համար թանգարաններում սոցիալական միջավայրի հարմարեցման մասին. «Թանգարանների աշխատակիցները ջերմորեն ու բարեհամբույր կերպով են ընդունում մեր երեխաներին, բայց կա իրազեկվածության պակաս, խնդիրներ՝ ծրագրերի հասանելիության և մատչելիության հետ կապված»:

Տիկին Հարությունյանը նշեց, որ արտասահմանյան թանգարաններում կան հատուկ սենյակներ, որոնք հարմարեցված են ամենածանր խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին և, ծառայելով որպես ժամանցի վայր, օգնում են նրանց իրենց հասարակության մի մասը զգալ:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031