Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ-ում կներդրվեն կառավարման ավտոմատացված համակարգ, արդիական վարժասարքեր

Ապրիլ 04,2018 13:51 Share

ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որը վերջերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) որպես արդիականացման նպատակ է նշված արդյունավետ ռազմական կառավարման համակարգի և կատարելագործված մարտական վարպետության ներդնումը: Ըստ այդմ, կիրականացվի պետական ու ռազմական կառավարման համակարգերի ներդաշնակեցում՝ հիմքում ունենալով զորքերի կառավարման և ղեկավարման անընդհատությունը: Ըստ փաստաթղթի՝ կառա­վարման համակարգի չորս հիմնական բնորոշիչները կլինեն՝ կառավարման ապա­կենտրոնացումը, կապի և կառավարման կետերի արագ վերականգնելիությունը և տարաբաշխումը, ինչպես նաև որոշումների կայացման պատվիրակումը:

Այդ նպատակով ներդրվելու է նոր միասնական ավտոմատացված կառավարման համակարգ՝ հասնելով թվայնացված կառավարման: Իսկ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման սկզբունքի կենսագործումը վերաբերում է ենթականերին նախաձեռնություն ցուցա­բերելու և սեփական դատողությունը կիրառելու հարցում իրավազորելուն՝ հնարավոր դարձնելով զորքերի կիրառման առավել ճկունությունն ու արագաշարժությունը: Իսկ մարտական վարպետության կատարելագործման տեսանկյունից կարևորվում է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների՝ ռազմարվեստի ար­դիականացումը՝ զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու նպատակով: Այն իրականացվելու է օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության և դրա գնահատման, մարտական հերթապահության մակարդակի բարձրացման միջոցով:

Ռազմարվեստի արդիականացումը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներին թույլ կտա զբաղեցրած դիրքերի համառ պաշտպանությունը համատեղել իրականացվող զորաշարժային գործողությունների հետ, իրենց պատրաստվածությամբ, գործողություն­ների վճռականությամբ և կամքի պարտադրմամբ հասնել քանակական ցուցանիշներով գերազանցող հակառակորդին վարպետությամբ գերազանցող ստորաբաժանումների կողմից խնդիրների առավել արդյունավետ կատարման:

Մարտական վարպետության կատարելագործման նպատակով ծրագրվում է մշակել բարոյահոգեբանական պատրաստության ծրագիր և գնահատման համակարգ: Նախատեսվում է բարձրացնել նաև զինված ուժերում արհեստավարժ անձնակազմի մասնաբաժինը: Եվ վերջապես, նախատեսվում է ներդնել մարտական գործողությունների նմա­նակման, մոդելավորման ու խաղարկման արդիական վարժասարքեր, որոնք թույլ կտան զորավարժություններ և վարժանքներ իրականացնել ընդհուպ բանակային կորպուսների և ամբողջ զինված ուժերի կազմով:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30