Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին. (Տեսանյութ)

Մայիս 24,2018 21:21

Ռուս պրանկեր Վովանին (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսին (Ալեքսեյ Ստոլյարով)  հաջողվել է զանգահարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին, որի հետ շուրջ 20 րոպես զրուցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլկսայա պրավդա»-ն:

«Փաշինյանի» հետ հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը նախ շնորհավորել է նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հետևել է և տպավորված է Հայաստանում տեղի ունեցած բացառապես խաղաղ ցույցերին:

«Փաշինյանն»  իր հերթին ասել է, որ այս շաբաթ հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝  վիզային ռեժիմի ազատականացման հարցով: «Բայց հասկանում եմ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ քայլեր կան անելու և հույս ունեմ, որ Մեծ Բրիտանիան կօգնի մեզ: Փոխարենը կարող եք ակնկալել Հայաստանի աջակցություն, օրինակ՝ ՄԱԿ-ում»,-ասել է «Փաշինյանը»:

Բացի այդ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ուրախ կլինի Հայաստանի նորընտիր վարչապետին տեսնել Մեծ Բրիտանիայում և  խորհուրդներ է տվել՝  ինչպես պետք է շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Փաշինյանն» էլ իր հերթին հույս է հայտնել, որ Պուտինը չի փորձի թունավորել իրեն «Նովիչոկով», ի պատասխան Ջոնսոնը ծիծաղել է:

«Շատ կարևոր է, որ  նոր սառը պատերազմ չլինի: Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի ուզում: Ես անձամբ կարծում եմ, որ Ռուսաստանը սարսափելի սխալ է արել՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, շատ կործանարար բնույթ են կրում: Եվ դա վնասում է Ռուսաստանին: Եվ ես կցանկանայի հասցնել Պուտինին, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք դրական առաջընթաց տեսնել Ռուսաստանի գործողություններում»,-հավելել է Ջոնսոնը:

Պրանկերները համաձայնվել են բրիտանացի արտգործնախարարի հետ և հարցրել՝ ինչ կարելի է սպասել Պուտինից:

«Կարծում եմ, միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունը և հաստատակամությունն է: Ուստի դուք պետք է հստակ ձևակերպեք ձեր ձգտումները և այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց պետք է ընդգծեք, որ դա չի վնասում իր շահերին և նա նյարդայնանալու հիմքեր չունի»,-ասել է Ջոնսոնը:

«Պուտինն ասել է ինձ, որ Քսենիա Սոբչակը վերջերս եկել է Լոնդոն և հանդիպել պարոն  Կորբինի(Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդի-խմբ.), հետ, որպեսզի նրան փոխանցի Կրեմլից բերված փողերը»,-ասել է «Փաշինյանը»:

Ի պատասխան Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել  հետաքրքիր տեղեկությունների համար՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ ծառայությունները հաշվի կառնեն այդ տեղեկատվությունը:

Պրանկերները հայտնել են, որ հերթական կատակից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հասկացել է, որ ինքը Հայաստանի վարչապետի հետ չի զրուցում, և կախել է լսափողը:

Լեքսուսին  և Վովանին նախկինում ևս հաջողվել է կապ հաստատել տարբեր երկրների պետական անձանց հետ՝ բացառիկ տեղեկատվություն ստանալու համար: Նրանց հաջողվել է զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և մի շարք այլ քաղաքական գործիչների:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031