Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասենք, որ իրենց միլիարդները վայելեն, փաստաթղթերը ոչնչացնեն, հա՞, հենց հիմա նորից փաստաթուղթ են ոչնչացնում». Եղիազարյանը՝ Փաշինյանին

Մայիս 27,2018 16:46

Սամվել Բաբայանին ազատ արձակելու համար բողոքի ցույցերին մասնակցում էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նա պահանջում էր, որ ժամ առաջ Սամվել Բաբայանն ազատ արձակվի:

Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, իշխանությունից դուք ի՞նչ ակնկալիք ունեք, երբ Փաշինյանը հստակ հայտարարում է, որ իրավական գործիքներ են պետք՝ որեւէ մեկին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում դա կդառնա սովորություն եւ ավանդույթ՝ ոչ իրավական ճանապարհով, ուղղակի ցանկությունով հարցեր լուծելու, հիմա դուք իրենից պահանջում եք, որ չհետեւի՞ Սահմանադրությանը եւ օրենքներին, անի այն, ինչ ի՞նքն է այդ պահին հարմար գտնում: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ազգի հերոսի հետ կապված մենք պետք է ուրիշ գործելաոճ ունենանք: Մեր ազգային հերոսն էդ սահմանների մեջ չի տեղավորվում»:

Դիտարկմանը, որ եթե մեկ-երկուսի համար աչք փակի, դա կդառնա սովորություն՝ խախտելու օրենքը, դուք էլ եք հասկանում, որ դա իրավական պետությանը հարիր չէ՝ Եղիազարյանը արձագանքեց. «Եթե ազգային հերոսը դեմ է դուրս գալիս իրավական համակարգին, ուրեմն այդ երկրում մի բան այն չէ»:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Հայաստանի պատասխանատուն հիմա Փաշինյանն է. «Գիտեք չէ՞ էդ մարդն ինչ արեց վերջին պահին, նույնիսկ այն շքանշանը, որը նախագահը պետք է տար, դա էլ իրենով արեց: Նախագահի գործառույթների մեջ մտնող շքանշան նվիրելն էլ իրենով արեց: Հիմա Նիկոլը հսկայական ռեսուրսի վրա նստած է: Ինքը պետք է պատասխան տա հանրապետության համար, ինքն է մարդկանց նշանակել, ես պետք է միայն ողջունեմ: Միակ պատասխանատուն ինքն է, չկա այլ պատասխանատու, մեկ էլ սրանք, որ մնացել են մի քանի շենքերում»: Թե ինչու է այդպես թերահավատորեն խոսում Փաշինյանի մասին՝ պարոն Եղիազարյանն ասաց. «Նիկոլը մի մարդ էր, որն ինձ ազատեց այն տաղտուկ վիճակից՝ գաղջ մթնոլորտից: Այդքանով ես երախտապարտ եմ Նիկոլին…Իսկ Սամվել Բաբայանի հարցով ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ պատմություն, պետք է 1 ժամ առաջ թողնել մեր հերոսին: Մենք սա հեղափոխությո՞ւն ենք անվանել, հեղափոխության առաջին դրվագը մարդկային պատմության մեջ բանտերից ազատումն է»:

Մեր դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո պարզ հայտարարվեց, որ սա իրավական պետության սկիզբն է եւ վերջը անօրինությունների, հետեւաբար նոր իրավական պետություն ստեղծել՝ բանտերից մարդկանց ազատ արձակելով՝ առանց իրավական աստառ տալու՝ դա ինչքանո՞վ է ճիշտ՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հեղափոխություն, թեկուզ թավշյա, առանց արյունի, դուք ինձ չեք կարող ասել մի հեղափոխություն, որը չի ավարտվել բանտից մարդկանց ազատ արձակելով: Եթե սա բանաձեւենք հեղաշրջում, բայց ի վերջո շատ բան է չէ՞ փոխվել Հայաստանում՝ ի դեմս ազատատենչ երեխաների: Իսկ ի՞նչ է լինում, եթե մենք խափանման միջոց փոխենք մի մարդու, ում ճանաչում ենք, ումով հպարտացել ենք, ով առյուծի նման կանգնած է եղել մեր ռազմի դաշտում: Ինչ-որ սահմաններ կան, չէ՞, մենք չենք խոսում մի մարդու մասին, որը անհայտ է: Մենք խոսում ենք Սամվել Բաբայանի մասին եւ խոսում ենք կարած գործի մասին»:

Մեր դիտարկմանը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ի՞նչ կապ ունի՝ անհա՞յտ է, թե՞ հայտնի՝ Եղիազարյանն արձագանքեց. «Հա, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց օրենքի առաջ բոլորը չէ, որ ազգի հերոս են: Հենց կգտնեք ազգի հերոս, էն ժամանակ ես կխոսեմ: Չէ՞ որ Նիկոլի վրա էլ էին գործ կարել, իմ վրա էլ էին կարել: Հիմա էդ կարված գործերով ի՞նչ անենք, սպասե՞նք, իրավական հիմքե՞ր ստեղծենք, էս տաղտուկները, որ իրենց միլիարդները վայելեն, փաստաթղթերը ոչնչացնեն, հա՞: Այ հենց հիմա նորից փաստաթուղթ են ոչնչացնում»:

Հարցին՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Էն, որ մեզ տարիներով հետեւել են, էն, որ մարդիկ են ներդրել, էն, որ սպասել են, թե ինչպես են որոգայթը լարելու ու ով որտեղ պետք է հայտնվեր, թե ինչպես տմարդի իրենք մարդ սպանեցին, հարձակվեցին մեր բնակարանների վրա, խուզարկություններ կատարեցին, մեզ մեկուսացրեցին: Հլը Նիկոլին առաջին օրը չվերցրեղին, մեզ վերցրեցին: Հիմա ի՞նչ անենք, հանձնաժողովնե՞ր ստեղծենք՝ պարզելու համար, թե 10 տարի առաջ որ ստորը ինչ արեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031