Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով կալանավորվել է Տիգրան Զոհրաբյանը՝ հարկային սխալ տեղեկություններ տալու մեղադրանքով

Մայիս 27,2018 23:55

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Բալայանի նախագահությամբ քիչ առաջ որոշում է կայացվել կալանավորել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով մեղադրյալ ընկերության հաշվապահ Տիգրան Զոհրաբյանին՝ 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել՝ ասելով, որ դա «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում» է: ԱԱԾ-ն առգրավել էր ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Զոհրաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ դատարանի որոշումն անհիմն է. «Ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի տրամադրած նյութերը թե՛ դատարանին եւ թե՛ պաշտպանական կողմին, ես գտնում եմ, որ դատարանի որոշումն ամբողջությամբ անհիմն է այն պարզ պատճառով, որ կոնկրետ Տիգրան Զոհրաբյանի մասով վերջինիս մեղադրանք է առաջադրվել 38-205 հոդվածի 2-րդ մասի հանցագործության հատկանիշների հիմքով: Հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսեւորվում է համապատասխան հարկային հաշվետվությունների կամ այլ տեղեկանքների մեջ սխալ տեղեկությունների տրամադրմամբ, որի հետեւանքով կազմակերպությունը խուսափել է հարկեր, տուրքեր եւ այլ վճարներ կատարելուց կամ քիչ է վճարել: Իսկ 38-205 հոդվածը ենթադրում է՝ որպես օժանդակող, այսինքն` հանցագործությունը, որպես այդպիսին, կարող է դրսեւորվել միայն հաշվետվություններ, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր հարկային մարմիններին կամ մաքսային մարմիններին սխալ ներկայացնելու միջոցով: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը մի փաստաթուղթ, անգամ մի հաշվետվության օրինակ դատարանին չներկայացրեց, որ ասի, գիտեք ինչ, այս հաշվետվությունը սխալ է ներկայացվել, ուստի հիմնավոր կասկած կա, որ կատարել է այդ հանցագործությունը: Այս դեպքում հիմնավոր կասկածի մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ չկա հիմնավոր կասկած, որ տվյալ անձը օժանդակել է նշված հանցագործության կատարմանը: Բացի հիմնավոր կասկածը, որը կալանավորման պայմանն է, դատարանը պետք է նաեւ անդրադառնա կալանավորման հիմքերին»:

Նշենք, որ դատական նիստը դռնփակ է եղել, վարույթն իրականացնող մարմինը, որպես կալանավորման հիմք նշել է, որ Տիգրան Զոհրաբյանը կխուսափի քննությունից, ինչպես նաեւ կկատարի չթույլատրվող այլ արարքներ՝ անօրինական ազդեցություն կունենա քննության նկատմամբ, կթաքցնի փաստաթղթեր եւ այլն: Պաշտպանի խոսքով՝ «Ընկերությունում ԱԱԾ աշխատակիցները կատարել են խուզարկություն, խուզարկության հետեւանքով ամբողջ փաստաթղթերը առգրավվել են: Եթե իրենց մոտ են գտնվում ամբողջ փաստաթղթերը, իմ պաշտպանյալն ինչպե՞ս կարող է իր ազդեցությունն ունենալ նշված գործընթացը վիժեցնելու առումով, այսինքն՝ խոչընդոտի, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը ուսումնասիրի փաստաթղթերը եւ այլն: Բացի այդ, 2017-ի հարկային հաշվետվությունները արդեն ներկայացված են ընկերության կողմից: Այդ հաշվետվությունների հիման վրա ուսումնասիրելով՝ վարույթն իրականացնող  մարմինը պետք է որոշում կայացնի՝ արդյո՞ք սխալ հաշվետվություններ են ներկայացվել, արդյո՞ք առկա են հարկեր, տուրքեր կամ այլ վճարներից խուսափելու հանցակազմի հատկանիշներ: Այդ փաստաթղթերը հնարավոր չի այլեւս փոխել, առկա են դրանք: Տրամաբանական չի,որ վարույթ իրականացնող մարմինը մտավախություն է հայտնում, որ մնալով ազատության մեջ՝ իմ պաշտպանյալը կարող է վատ ազդեցություն ունենալ հետագա քննության վրա»:

Խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանն ասաց, որ չի ուսումնասիրել, բայց նշեց. «Վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած փաստաթղթերից իմ համար ակնհայտ է, որ եթե դատարանը կիրառի կալանավորումը՝ որպես խափանման միջոց, դա անհիմն որոշում կլինի»:

Հարցին՝ քաղաքական որեւէ կոմպոնենտ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Քաղաքական գնահատականներ տալուց այս պահին կխուսափեմ, բայց մի փաստ ցավոք պետք է արձանագրել՝ մեր երկրում շարունակվում է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց՝ հանցագործությունների մեծ մասում»:

Նա ասաց, որ իրավապաշտպան կազմակերպությունները, փաստաբանները բազմիցս են այս խնդիրը բարձրացրել, որ կալանավորումը ՀՀ-ում պատժի տարրեր է պարունակում ու հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպերը պնդում են, որ կալանավորումը չպետք է կիրառվի նման մեծ չափով եւ իր մեջ չպետք է լինեն պատժի տարրեր: Ըստ պարոն Անդրիկյանի, վիճակագրական տվյալներով՝ նման հանցագործության մեջ մեղադրյալներին՝ հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներից խուսափելու հանցակազմով կալանավորումները բացառիկ դեպքեր են կազմել. «Մենք այս դեպքում գործ ունենք օժանդակողի հետ, այդ մեղադրանքն է առաջադրվել: Կարծում եմ, դատարանն իր որոշման մեջ այդպես էլ հնարավորություն չի ունեցել հիմնավորել, թե այդ անձը ի՞նչ է  արել, որ օժանդակել է, ինչպե՞ս կարող էր օժանդակել սխալ հաշվետվություն տալուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031