Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Տիգրան Մազմանյանի փաստաբանը կարծում, որ քրեական գործը շուտով կկարճեն

Մայիս 30,2018 21:55

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանն այսօր սոցցանցի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Վերացվեց իմ հանդեպ կիրառված խափանման միջոցը: Դրան կհաջորդի քրեական գործի կարճումը»:

Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանը ձերբակալվել էր ապրիլի 17-ին. նա կասկածվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու համար: Ապրիլի 14-ին նա ցուցարարների թվում ներխուժել էր Հանրային ռադիոյի շենք. այդ ընթացքում կոտրվել էր ռադիոյի դռներից մեկը: Վերջերս նրա խափանման միջոց կալանքն էր փոխվել, եւ նա ազատ էր արձակվել: Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հստակեցրեց, որ այսօր վերացվել է նաեւ Մազմանյանի՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը:

«Պատրաստվում ենք բարձրաձայնել Տիգրան Մազմանյանի հանդեպ կալանքի որոշում կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը: Նույնը վերաբերում է նաեւ այն ոստիկանին, որի կեղծ ցուցմունքի հիման վրա կալանավորվել է Մազմանյանը: Օրերս վերաքննիչ դատարանը ճանաչեց, որ կալանքն իրավաչափ չի եղել: Հուսով ենք, որ շուտով քրեական գործն էլ կկարճվի»,-համոզմունք հայտնեց Արա Ղարագյոզյանը

Թե ինչն է վստահության հիմքը, թե քրեական գործը կկարճվի եւ արդյոք Հանրային ռադիոն է հետ վերցրել իր բողոքը, Արա Ղարագյոզյանը նշեց՝ նման բան չկա. «Պարզապես խնդիրն այն է, որ զանգվածային անկարգություններ՝ ջարդ, հրկիզում չի եղել, այդ մեղադրանքը շինծու է: Մազմանյանը նման գործողություններ չի կատարել: Ճիշտ է, մուտք են գործել ռադիոյի շենք, բայց զանգվածային անկարգություններ չեն եղել»:

Փաստաբանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություններ չկան քրեական գործի կարճման մասին, բայց իրենք ենթադրում են, որ այդպես կլինի. «Հիմա իշխանություն է փոխվել, իսկ այդ գործը նախորդ իշխանությունների օրոք է հարուցվել՝ ապօրինի կերպով: Ցուցարարների գործողությունները խաղաղ բնույթ են կրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031