Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել երկրաբանահետախուզումը եւ մետաղական հանքերի շահագործումը

Մայիս 30,2018 22:55

Այսօր`մայիսի 30-ին կայացավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ:

Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ մետաղական հանքեր շահագործելու արգելքին: Համայնքի երիտասարդները նախաձեռնել էին այդ աշխատանքների դեմ ստորագրահավաք, հանրագրի տակ ստորագրել է համայնքի 3074 չափահաս քաղաքացի:

Ավագանու նիստում խնդրի քննարկում եղավ: Ավագանու անդամներից ոմանք հարցրին, թե ընդունվելիք որոշումն իրավաբանորեն անխոցելի՞ է, այն կառավարության կողմից կարո՞ղ է անվավեր համարվել: Ավագանու անդամ Նիկոլայ Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ հարկ է սահմանել բաց եղանակով շահագործվելիք մետաղական հանքերի շահագործման արգելքը, ոչ թե՝ ընդհանրապես հանքարդյունահանման:

Ավագանու անդամները հայտարարեցին` համայնքի բնակիչները, իրենք համոզված են, որ Նոյեմբերյանի տարածքում հարկ է զարգացնել էկոտուրիզմ,հողագործություն, անասնապահություն, որոնք անհարիր են մետաղական հանքերի շահագործման հետ: Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 184 հոդվածի 3-րդ մասը, ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց արգելել Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Որոշումն ընդունվեց 10 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Հայտնել ենք, որ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում էր 2018-2021 թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության ընդվզման արդյունքում այդ ընկերությունը հրաժարվեց Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում նախատեսված այդ աշխատանքներից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031