Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեք վտանգավոր չեմ եղել». քննվեց Գեւորգ Սաֆարյանին ազատ թողնելու միջնորդությունը

Հունիս 06,2018 13:23 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքը: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով իրենք մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման:

Բողոքի քննության ընթացքում նախ միջնորդություն ներկայացվեց այս գործով մեղավոր ճանաչված Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրան ազատ արձակելու մասին: Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը:

Հատկանշական է, որ մեղադրող դատախազներից Արմեն Փանոսյանը միջնորդության դեմ չառարկեց՝ նշելով, որ իրադրության փոփոխության արդյունքում նվազում է Սաֆարյանի կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում հանրային վտանգավորություն ներկայացնելու հավանականությունը:

Դատախազը շեշտեց նաեւ այն հանգամանքը, որ Սաֆարյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ:

Պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը, դիմելով երեք դատավորներին, կարծիք հայտնեց, որ եթե նրանք միջնորդությունը մերժեն, դա կլինի ամենաանարդար որոշումը:

Դատավորներից Մանուշակ Պետրոսյանին պաշտպանի վարքագիծը դուր չեկավ: Նա կոչ արեց դատարանի հետ սպառնալիքների տոնով չխոսել:

Ապա միջնորդության առնչությամբ կարծիք հայտնեց նաեւ Գեւորգ Սաֆարյանը՝ չհամաձայնելով դատախազի դիտարկման հետ. «Ես երբեւէ վտանգավորություն չեմ ներկայացրել հանրության համար: Իմ հանդեպ քրեական գործը շինծու է: Իմ ելույթները չեն եղել թաքուն: Այո, երկրում իրավիճակ է փոխվել»:

Ապա Սաֆարյանը շարունակեց. «Եթե դատախազությունը վտանգավոր է համարում իմ՝ հավաքներում ելույթ ունենալը, ապա ասեմ, որ լավ եմ արել՝ ունեցել եմ, եւ շարունակելու եմ ունենալ»:

Խոսելիս Գեւորգ Սաֆարյանը ոտքի չկանգնեց եւ այդպիսով դատավարական կարգ խախտեց, սակայն դատավորներն այդ առնչությամբ ոչինչ չձեռնարկեցին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը Սեֆիլյանի գործով մեղավոր ճանաչված անձանցից է (զանգվածային անկարգությունների նախապատրաստում):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930