Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ հետաձգվեց Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին միջնորդության առնչությամբ որոշման հրապարակումը։ Դատարանը հետաձգումը պատճառաբանեց այն փաստով, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ վերաքննիչ բողոքի քննության ավարտին միայն դատարանը կանդրադառնա խափանման միջոցին։ Հատկանշական է, որ մեղադրող դատախազները միջնորդության դեմ չառարկեցին, ասելով, որ իրադրություն փոփոխության արդյունքում նվազում է մտահոգությունը, որ ազատության մեջ գտնվելով Պողոսյանը նոր հանցագործություններ կկատարի։ Մեղադրողները որպես ծանրակշիռ փաստ նշեցին այն հանգամանքը, որ Պողոսյանի խնամքին կինն են եւ երեք երեխաները։
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալներից է եւ մեղավոր է ճանաչվել Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենք շրջանառելու, Երևանի հեռուստաաշտարակը և զորամաս զավթելու նախապատրաստության համար։ Դատարանի որոշումը լսելով նա հայտարարեց, որ հացադուլ է սկսում։
Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների, այդ թվում Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը, որով նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել զինված խումբ ստեղծելու, ապօրինի զենք պահելու եւ ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































