Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի ոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը (լուսանկարում) նշանակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ։
Նրան, ըստ էության, այս պաշտոնում նշանակվելու համար օգնել է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Արտակ Կարապետյանը, որին վերջերս նշանակեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ Դեռ այն ժամանակ էին տեղեկություններ շրջանառվում, որ նա «Մուշ» բաժնի ոստիկանապետին խոստացել է տանել իրեն տեղակալ։
Արթիկի ոստիկանապետ Ղարիբ Հովսեփյանն էլ, որն ընդամենը 4 ամիս պաշտոնավարեց Արթիկում, նորից վերադարձավ իր հին աշխատանքին։ Նա նշանակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության գլխավոր վարչության 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ, այն է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետն է։
Հիշեցնենք, որ Ղարիբ Հովսեփյանը նախքան Արթիկի ոստիկանապետ նշանակվելը ծառայում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Վալերի Օսիպյանի նոր նշանակումների մասին Aravot.am-ի տեղեկությունները հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































